Home / Հայաստան / Հայ-թուրքական հարաբերությունները նպաստում են ազգայնականության աճին. կարծիք

Հայ-թուրքական հարաբերությունները նպաստում են ազգայնականության աճին. կարծիք

Հայ-թուրքական հարաբերությունները Հայաստանում առաջացրել են ազգայնական տրամադրություններ, և դրանք գնալով աճում են, և Հայաստանի գալիք խորհրդարանական ընտրություներում գրեթե բոլոր կուսակցություններն այդ ազգայնական հողի վրա են փորձում ձայներ շահել: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսին թուրքագետ Արտակ Շաքարյանը, ամփոփելով տարին, անդրադարձել է 2010 թվականին հայ-թուրքական հարաբերությունների ընթացքին:
«2010 թվականը` հայ-թուրքական հարաբերություններում գրանցված ակտիվության հետ մեկտեղ, անկումնային տարի էր, իսկ 2011-ը լինելու է ավելի պասիվ` հույսերով լի Թուրքիայի սպասվելիք խորհրդարանական ընտրությունների նկատմամբ, բայց ապարդյուն»,- հայտարարել է թուրքագետը:
Թուրքագետը նաև անդրադարձել է սեպտեմբերին Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում մատուցված պատարագի ժամանակ խաչ տեղադրել-չտեղադրելու խնդրին.
«Հայաստանը շատ սխալ արեց, որ պատվիրակություն չուղարկեց Թուրքիա. անհրաժեշտ էր դիվանագետների, պատմաբանների` անգլերենի իմացությամբ 50-60 հոգանոց խումբ ուղարկել, որպեսզի նրանք միջազգային լրատվամիջոցների օգնությամբ կարողանային բարձրաձայնել հայկական տեսակետը»,- ասել է Շաքարյանը:
Նա նշել է, որ Թուրքիան, հասկանալով սա, Խաչի տեղադրումը ձգձգեց, որի պատճառով էլ Հայաստանից գնաց 20 հոգանոց խումբ, որոնք արդեն քիչ լինելով` չէին կարող աղմուկ բարձրացնել:
«Կարելի է նաև պատճառաբանել, որ Աղթամարի պատարագը մի քիչ անակնկալ էր մեզ համար, պատրաստված չէինք, բայց, օրինակ, 2011-ին Սուրբ Կիրակոս եկեղեցու բացումն է լինելու` եկեք հիմիկվանից պատրաստվենք դրան»,- հայտարարել է բանախոսը:
Արտակ Շաքարյանն անդրադարձել է նաև Ամերիկայի դիրքորոշմանը Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցում:
«Մեր սխալներից մեկն այն է, որ մենք շատ ենք կենտրոնանում Վաշինգտոնի վրա, կենտրոնանում ենք Օբամայի այո կամ ոչ-ի վրա, և մոռանում ենք ԱՄՆ-ի նախկին այո-ները, ինչպես, օրինակ, ԱՄՆ նախագահ Ռեյգանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը»,- ասել է թուրքագետը:
Նա հավելել է, որ այս պահի դրությամբ Օբամայի ասել-չասելը որևէ իրավական առավելություն չի տա Հայաստանին. հնարավոր է` միջազգային ասպարեզում Հայաստանի դիրքի ամրապնդում, բայց ոչ ավելին: