Հազարավոր մարդիկ այսօր հավաքվել էին Ստամբուլի կենտրոնում գտնվող Տաքսիմ հրապարակում: Մարդկանց նույնքան մեծ բազմություն էր ժողովվել Հալասկարգազի պողոտայում, որտեղ գտնվում է թուրքերեն և հայերեն լեզուներով լույս տեսնող «Ակօս» շաբաթաթերթի շենքը: Հենց այս վայրում՝ Հալասգարգազի պողոտայի և Շաֆակ փողոցի հատման կետում, 4 տարի առաջ այս օրը սպանվել էր «Ակօսի» խմբագիր, հայտնի լրագրող և իրավապաշտպան Հրանտ Դինքը:
Հազարավոր հայեր, հույներ, թուրքեր, քրդեր այսօր եկել էին հարգելու հայազգի լրագրողի հիշատակը, ով իր անձնական օրինակով և գործողություններով քանդում էր Թուրքիայի հասարակության կարծարտիպերը, խոսքի ազատության և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առաջընթաց էր արձանագրում:
Այս տարի բազմությունն ավելի մեծ էր, քան նախորդ տարի, երբ ձյան պատճառով շատերը չէին կարողացել գալ «Ակօսի» խմբագրության շենքի մոտ: Սակայն միայն ձյան բացակայությունը չէր մեծ թվով մարդկանց հավաքվելու պատճառը: Այս տարի Թուրքիայի հասարակությունն ավելի քան սուր էր զգում արդարության մասին բարձրաձայն խոսելու անհրաժեշտությունը, որն այսօր ժամանակի հրամայական է դարձել:
2010 թվականի ընթացքում շատ բան է տեղի ունեցել՝ կապված Դինքի սպանության մանրամասների բացահայտման հետ: Հրանտ Դինքի ընտանիքի փաստաբանները, իրավապաշտպանների և լրագրողների օգնությամբ սեփական հետազոտություններն իրականացնելով, մի շարք ապացույցներ են հավաքել առ այն, որ Դինքի վրա պատրաստվող մահափորձի մասին իմացել են իրավապահ մարմինները, սակայն ոչինչ չեն արել` սպանությունը կանխելու համար: Բացի այդ, հրապարակվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավճիռը, համաձյան որի Թուրքիայի Հանրապետությունը մեղավոր է ճանաչվել Հրանտ Դինքի կյանքի իրավունքը չապահովելու համար:
Այս ամենը Թուրքիայի հասարակության առաջադեմ զանգվածներին ստիպել էր այսօր կրկին միավորվել: Թուրքիայում շատերն են հասկանում, որ, ինչպես չորս տարի առաջ, միավորվելը ժամանակի հրամայականն է: Ինչպես Epress.am-ի հետ զրույցում նշել է «Ակօսի» պատասխանատու խմբագիր Արիս Նալջին, այսօր մի այնպիսի իրավիճակ է ստեղծվել, երբ Թուրքիայի հասարակությունը մամուլի ազատության և մարդու իրավունքների ոլորտում հայտնվել է նույն վիճակում, ինչ Հրանտ Դինքի սպանության օրն էր` 4 տարի առաջ:
Եվ մադրիկ հավաքվել էին, ու այսօր էլ շարունակում էին կրկնել. «Մենք բոլորս Հրանտ ենք, մենք բոլորս հայ ենք»:
Խոսելով բազմության առջև` սպանված լրագրող Աբդի Իպեկչիի աղջիկը՝ Նյուկհեթ Իկպեկչին, ասել է, որ իրենք հավաքվել են որպես մի մեծ ընտանիք:
«Ինչպես մեր քույր Ռաքել Դինքն է ասում (Հրանտ Դինքի այրին – Epress.am), նրանք ստիպեցին մեզ հարազատներ դառնալ, հարազատներ, որոնք միասին տառապում են», – ասել է Իպեկչին:
Լրագրող, «Հրանտ Դինքի ընկերներ» հասարակական պլատֆորմի տնօրեն Ումիթ Կիվանչի խոսքով՝ մինչ այսօր պետությունը ոչինչ չի արել գործը անաչառ քննելու համար:
«Բոլոր պահանջները մերժվում էին: Նրանք, ում պետք է հարցաքննեին գործի կապակցությամբ, խուսափել են հարցաքննությունից: Իշխանություններին պարզապես պետք չէ այս ամենը», – ասել է Կիվանչը:
Հավաքվածները նշում էին, որ Դինքի սպանության բացահայտումն այն կարևոր քայլն է, որը հնարավորություն կտա Թուրքիայի հասարակությանը կանգնել երկրում առկա խնդիրները լուծելու ճանապարհին: