ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ դատախազության, ՀՀ հատուկ քննչական ծառայության աշխատակիցներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ:
Հանդիպման ընթացքում անդրադարձ արվեց Երևան քաղաքում 2008 թվականի մարտի 1-2-ին տեղի ունեցած դեպքերի և 10 անձանց մահվան կապակցությամբ հարուցված քրեական գործի նախաքննության արդյունքներին, հայտնում է ՀՀ դատախազության մամուլի ծառայությունը:
Աղվան Հովսեփյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին մանրամասն ներկայացրեց մարտի 1-2-ի դեպքերի ժամանակ 10 անձանց մահվան դեպքերի բացահայտման ուղղությամբ նախաքննական մարմնի կատարած աշխատանքները:
Ըստ դատախազի` թե մարդու իրավունքների հանձնակատարի երաշխավորած մասնագետի, թե ՌԴ ուղարկված փորձաքննության եզրակացություններով պարզվել է, որ «Չերյոմուխա-7» գազային նռնակի կրակված փամփուշտի նույնականացում տեխնիկապես, փորձաքննությունների գործող մեթոդոլոգիան հնարավորություն չի տալիս:
Գլխավոր դատախազը պարոն Համմարբերգին ներկայացրեց նաև ոստիկանության զորքերի մատյաններում հաշվառված զենքերի փորձաքննության ուղղությամբ կատարված աշխատանքները, որ հետազոտվել և փորձաքննության են ուղարկվել ոչ միայն մատյաններում հաշվառված, այլ նաև՝ պահեստներում գտնվող բոլոր զենքերը:
Ըստ փորձաքննության արդյունքների՝ ոստիկանության զենքերի հաշվեկշռում չկան զենքեր, որոցից արձակվել են այդ գնդակները: Հովսեփյանը նաև նշեց, որ մարտի 1-2-ի դեպքերի ժամանակ մահացած անձանց մարմիններից հայտնաբերված գնդակները պահպանվում են, և ցանկացած ժամանակ, եթե որևէ փորձագետ ցանկություն ունենա կրկնակի փորձաքննություն անցկացնելու, ապա սիրահոժար կտրամադրվեն դրանք:
Գլխավոր դատախազը նշեց նաև, որ նախաքննության օբյեկտիվությունը, բազմակողմանիությունն ու լրիվությունն ապահովելու, մահվան և մարմնական վնասվածքներ ստանալու, կասկածյալի և մեղադրյալի ինչպես մեղավորությունը հիմնավորող, այնպես էլ արդարացնող, նրանց պատասխանատվությունը ծանրացնող և մեղմացնող հանգամանքները պարզելու նպատակով ցուցում է տրվել նախաքննությունն իրականացնող քննչական խմբի ղեկավարին` հատուկ քննության առարկա դարձնել նաև ոստիկանության գործողությունների օրինականության հարցը և իրավական գնահատական տալ ինչպես ընդհանրապես ոստիկանության, այնպես էլ առանձին ոստիկանների գործողությունների օրինականությանը:
Գլխավոր դատախազը տեղեկացրեց, որ պաշտոնեական լիազորություններն անցնելու համար դատի են տրվել 4 ոստիկաններ:
Համմարբերգը հույս հայտնեց, որ կարվի բավարար աշխատանք՝ մարտի 1-ի 10 մահվան դեպքերի հնարավորինս բացահայտելու վերաբերյալ:
Հովսեփյանը, հանդիպման ավարտին շնորհակալություն հայտնելով պարոն Թ. Համմարբերգին, նշեց, որ 2008թ. մարտի 1-2-ին 10 մահվան դեպքերի բացահայտման ուղղությամբ մեծածավալ աշխատանքներ են կատարվել, և նախաքննությունը շարունակվում է: