Home / Հայաստան / Հայ պրոդյուսերը չի կարողանում ադրբեջանցի դերասան գտնել «սարսափած Ադրբեջանի» պատճառով

Հայ պրոդյուսերը չի կարողանում ադրբեջանցի դերասան գտնել «սարսափած Ադրբեջանի» պատճառով

Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում Մոսկվայում նկարահանվող հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին պատմող «Ընդհատված երգը» ֆիլմը ներկայացրել է գլխավոր պրոդյուսեր Աշոտ Պողոսյանը:

Կինոնկարի ստեղծման գաղափարը պատկանում է Մոսկվայում բնակվող մի խումբ հայ երիտասարդների` կինորեժիսոր Արիկ Մանուկյանի և Աշոտ Պողոսյանի գլխավորությամբ: Գործողության կենտրոնում ղարաբաղյան պատերազմի ընթացքում հանգամանքների բերումով միևնույն հորի մեջ հայտնված հայի և ադրբեջանցու երկխոսությունն է:

«Հայկական զինվորի ասելիքն էն է, որ Արցախի ժողովուրդն ինքնորոշվել է դեռևս 88 թվականին, իսկ ադրբեջանցին դրան ի պատասխան փորձելու է պնդել, որ հայերը ապրում էին համերաշխ Ադրբեջանի կազմում», – ներկայացնելով սյուժեն` ասել է պրոդյուսերը:

«Ի սկզբանե պայմանավորվածություն էր ձեռք բերվել ազգությամբ ադրբեջանցի դերասանի հետ, սակայն դեկտեմբերի վերջին ադրբեջանական պրոպագանդան հասավ աննախադեպ չափերի, և այդ դերասանը, որի ընտանիքը բնակվում է Ադրբեջանում, վախեցավ շարունակել իր մասնակցությունը նախագծում` հաշվի առնելով սպառնալիքները Ադրբեջանի կողմից», – ասել է Պողոսյանը` նշելով, որ, ըստ մամուլում տեղ գտած հրապարակումների, Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին հանդիպում է ադրբեջանցի դերասանների հետ և հորդորում նրանց չմասնակցել այս նախագծին:

Մեկ այլ ադրբեջանցի դերասան համաձայնել է նկարահանվել ֆիլմում պայմանով, որ նա կստանա այնպիսի գումար, որով կկարողանա պլաստիկ վիրահատություն անել և մեկնել Եվրոպա: Դերասանը դիմում է նման քայլի վախի պատճառով, որովհետև «սարսափած է Ադրբեջանը, որ իր ազգի ներկայացուցիչը կարող է նկարահանվել», նշել է Պողոսյանը:

Ֆիլմի գլխավոր պրոդյուսերի խոսքերով` ստեղծագործական խումբը ցանկանում է ցույց տալ առողջ բանավեճ երկու երկրների ներկայացուցիչների միջև: Խոսելով Հայաստանի և Ադրբեջանի հասարակությունների` ֆիլմի հանդեպ հետաքրքրության մասին, Աշոտ Պողոսյանը տեղեկացրել է, որ երկու շաբաթվա ընթացքում ֆիլմի պաշտոնական կայքէջ այցելել են մոտավորապես 100 200 մարդ, որոնցից 29 890` Ադրբեջանի IP-հասցեներից:

Նշենք, որ փետրվարի 7-ին նկարահանումները վերսկսվելու են նոր` Ռուսաստանի հարավում գտնվող թատրոններից մեկի ազգությամբ ադրբեջանցի դերասանի մասնակցությամբ, որի անունը Պողոսյանը չնշեց` խուսափելով նոր խոչընդոտներից: Իսկ ֆիլմի գլխավոր դերերից մեկը բաժին է հասել Մոսկվայի հայկական թատրոնի նախկին դերասան` 28 տարեկան Կարեն Մարտիրոսյանին: Ֆիլմի հեղինակները նախատեսում են իրականացնել ֆիլմի պրեմյերան Մոսկվայում մայիսի վերջին:

Պատասխանելով վերջերս ադրբեջանցի լրագրողներից ստացված հարցերին` Պողոսյանը, մասնավորապես, նշել է. «Մենք բազմիցս հայտարարել ենք, որ պատրաստ ենք համագործակցության բոլոր շահագրգիր անձանց հետ: Դրանց մեջ մտնում են նաև ադրբեջանցիները: Մենք թաքցնելու բան չունենք ու եթե օբյեկտիվ նայենք երևույթներին, ճշմարտությունը մեր կողմից է»: Պարզաբանելով` նա նշել է, որ խոսքը և’ ստեղծագործական, և ֆինանսական համագործակցության մասին է:

Պողոսյանն անդրադարձավ նաև իր հայտարարությանը երկու ժողովուրդների էթնիկական անհամատեղելիության մասին, որն, ըստ նրա, հանված էր ենթատեքստից. «Դրժել այն, որ մեր հասարակություններում կան մարդիկ, որոնք այդպես են համարում, կլինի` մեղանչել արդարության դեմ: Այդ մարդկանց քանակը բավական շատ է: Ճշմարիտ խոսել այդ կարծրատիպի մասին և ցույց տալ, որ Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումից հետո հնարավոր է մեր ժողովուրդների հարաբերությունների կարգավորում, չի նշանակում նկարահանել ֆիլմ էթնիկական անհամատեղելիության մասին»:

Նշենք նաև ֆիլմի սկբնական բյուջեն` նկարահանող խմբի ուժերով, կազմում էր մոտ 10 000 դոլար, սակայն ստեղծված աղմուկից հետո որոշ ներդրողներ սկսեցին հետաքրքրվել, որոնց հետ բանակցություններ են տարվում: