«Փոքր խորհուրդ» հասարակական-քաղաքական խմբի փետրվարի 5-ի նիստի ընթացքում լրագրող Զառա Հովհաննիսյանը խոսել է Հայաստանում կլանային, «նահապետական» ընտանիքի վերականգնման մասին, որը, ըստ բանախոսի, մեր երկրում հիմնարար բոլոր օրենքների չգործելու հետևանք է:
Թատերագետ, հասարակական գործիչ Արա Նեդոլյանը մեկ այլ տեսանկյունից է վերլուծության ենթարկել խնդիրը:
Նա հարց է բարձրացնում, թե արդյո՞ք, այսպես կոչված, ժամանակակից, ոչ կլանային, երկու հոգուց բաղկացած ընտանիքը՝ նույնպես չի արգելակում հասարակության զարգացումը, համապատասխանու՞մ է այն արդյոք արդի աշխարհի ազատ քաղաքացու կեցվածքին:
«Եթե փորձենք հասկանալ, թե ինչ է կյանքը հետարդյունաբերական կամ «ինֆորմացիոն» հասարակությունում, ապա կտեսնենք, որ իր հիմնական հատկությունն է անձի էմանսիապցիան, ազատագրումը մեկ ընդ միշտ ֆիքսված հասարակական դերերից, «ինքնություններից», դրանք ազատորեն ընտրելու և փոփոխելու հնարավորությունը: «Հարատև կրթության» հայեցակարգի շնորհիվ մարդը փոխում է, և ոչ մեկ անգամ, իր մասնագիտությունը, մշակութային հետաքրքրությունների շրջանակը, մարդն ազատ է որոնել ու փոխել իր կրոնական, քաղաքական, մշակութային, տնտեսական, քաղաքացիական, էթնիկ /էմիգրացիա/, անգամ՝ սեռային պատկանելիությունը: Փոփոխական, բազմապիսի, բազմակի ինքնություն ընտրելու, ստեղծելու հնարավորությունն է բնութագրում ժամանակակից մարդուն: Արդի հասարակությունը հիմնված է մարդկային տարբերությունները ողջունելու և սատարելու վրա, քանի որ այդ դեպքում է ստեղծվում անհրաժեշտ սոցիալական էներգիա, անսահման աճող հաղորդակցության դաշտ, ժամանակակից հասարակությունը և, մասնավորապես, տնտեսությունը հենց հաղորդակցությունն են ընդունում հասարակության ուժի և տնտեսական բարգավաճման միավոր: Այդ հասարակությունը ժխտում է ցանկացած անփոփոխ, «սրբազան», ճակատագրային ինքնությունները, այն ամենն, ինչը, իբր թե, փոփոխման ենթակա չէ` դրանով իսկ ապահովելով մարդկանց սոցիալական մոբիլության բարձր աստիճանը: Այս ֆոնի վրա դասական-արդյունաբերական /բուրժուական/ ընտանիքը սկսում է հանդիսանալ վերջին սրբազան ինքնությունների կարծրահանգույցը», – նշել է Նեդոլյանը:
Որպես այդ կարծրահանգույցի երկու հիմնական տարր բանախոսը մատնանշել է ամուսինների բացառիկ իրավունքը միմյանց նկատմամբ և ծնողների գերակայող իրավունքը երեխաների նկատմամբ:
«Դրանով իսկ սերը, սոցիալական էներգիայի, հավանաբար, ամենաուժեղ գրավականը, այն սերը, որը ստիպում է որոնել, մտածել, հայտնաբերել, ստեղծագործել, կատարելագործվել, փոփոխվել, որը հանդիսանում է և ճանաչողության, և գործողության գլխավոր աղբյուր, կոշտ սահմանափակվում է. սոցիալական ամենանորարար տեսակը՝ մարդ սիրողը՝ դառնում է միանվագ, կարող է, ըստ բուրժուական ընտանիքի օրենքի, սիրել մի անգամ, սիրել մեկին:
Այդ զոհաբերությունը հետագայում պատճառ է հանդիսանում երեխաների առջև ծագող հարցի` թե ինչու իրենք միշտ պետք է պարտքի զգացում ունենան ծնողների նկատմամբ, և կամավոր սահմանափակեն իրենց սոցիալական ազատ ընտրություն կատարելու իրավունքը ծնողական կամ տոհմական որոշակի նկատառումներով», – կարծիք է հայտնել Նեդոլյանը:
Նա նշել է, որ չի խոսում ընտանիքի վերացման անհրաժեշտության մասին:
«Ընտանիքը և ամուսիններին, և երեխաներին ազատում է մենակությունից և օժտում հարազատությամբ: Խոսքը գնում է բուրժուական ընտանիքի սիրո առջև կառուցած անանցանելի այս պատը քանդելու անհրաժեշտության մասին, քանի որ այն ոտնահարում է մարդու և քաղաքացու ամենահիմնարար իրավունքներից մեկը՝ սիրո ազատության իրավունքը, իսկ ազատ սերը, դա, ի վերջո, նաև ազատ ընտրություն է իր քաղաքական, տնտեսական ու մշակութային բոլոր բաղադրիչներով: Այսպիսով, խնդիրը ձևակերպվում է այսպես՝ պահպանել ընտանիքը, բայց քանդել սիրային մենաշնորհը, սիրո միանվագությունը: Դրա համար հարկավոր է հենց «նորմալ» համարվող ընտանիքի ռեֆորմ, որի ձևերը աշխարհում արդեն նշմարվում են, «ազատ ընտանիք» եզրի տարբեր /ֆրանսիական, շվեդական/ դրսևորումներով, և պոլիամորիայի /բազմասիրության/ սոցիալ-էթիկական եզրի գիտակցումով ու կիրառումով», – ասել է Արա Նեդոլյանը: