Home / Հայաստան / Սերժ Սարգսյանը հոգու խորքում հաշտվել է Ղարաբաղը կորցնելու մտքի հետ. ՀԱԿ առաջնորդ

Սերժ Սարգսյանը հոգու խորքում հաշտվել է Ղարաբաղը կորցնելու մտքի հետ. ՀԱԿ առաջնորդ

Փետրվարի 18-ին Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքին հնչեցրած իր ելույթի սկզբում ՀԱԿ առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքականության, իր խոսքով, երկու գլխավոր խնդիրներին`  ղարաբաղյան հակամարտության և հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացներին:

Ղարաբաղյան հիմնախնդրին վերաբերող հատվածում` Տեր-Պետրոսյանը մեկնաբանել է այդ գործընթացի վերաբերյալ Սերժ Սարգսյանի վերջերս արած հայտարարություններն ու պարզաբանումները, որոնք, ըստ ընդդիմության առաջնորդի, լուրջ մտահոգության տեղիք են տալիս։

«Այս առումով հատկապես ուշագրավ է հունվարի 27-ին «Эхо Москвы» ռադիոկայանին տված նրա հարցազրույցը, որն աչքի է ընկնում մի շարք մտահոգիչ, եթե չասենք, վրդովեցուցիչ պահերով», – ասել է Լևոն Տեր-Պետրոսյանը։

ՀԱԿ առաջնորդը մեջբերել է Սերժ Սարգսյանի հարցազրույցից հետևյալ հատվածը. «Իրականում բանակցությունները վարում է Հայաստանը, որովհետև այլ ելք չկա։ Ադրբեջանը պարզապես չի ուզում բանակցություններ վարել Լեռնային Ղարաբաղի հետ»։

Տեր-Պետրոսյանի խոսքով` Սարգսյանը փաստորեն մի կողմից՝ խոստովանում է, որ Հայաստանն այս հարցում ենթարկվել է Ադրբեջանի շանտաժին, մյուս կողմից՝ հարկ չի համարում հիշեցնել, որ ԵԱՀԿ 1994թ. Բուդապեշտյան գագաթնաժողովի որոշմամբ Լեռնային Ղարաբաղն օժտված է հակամարտության կողմի լիիրավ մանդատով, որը ոչ մի միջազգային ատյան չեղյալ չի հայտարարել և որի իրավազորությունը կախված չէ Ադրբեջանի քմահաճույքից։

«Այդուհանդերձ, պատահակա՞ն է, արդյոք, հիշողության այս արտառոց կորուստը։ Ցավոք, ո՛չ, ինչն այլ բան չի կարող նշանակել, քան այն, որ Սարգսյանն, իր նախորդի օրինակով, ամենևին մտադիր չէ վերականգնել Ղարաբաղի՝ որպես հակամարտության սուբյեկտի ու բանակցությունների իրավահավասար մասնակցի կարգավիճակը և դրանով էապես ուժեղացնել հայկական կողմի դիրքերը կարգավորման գործընթացում։ Սարգսյանի վերոհիշյալ պարզաբանման առնչությամբ դժվար է շրջանցել նաև հետևյալ պարադոքսը. շարունակ խոսելով Ղարաբաղի հարցը ազգերի ինքնորոշման իրավունքի հիման վրա լուծելու անհրաժեշտության մասին, նա չի զգում, որ իրականում հենց ինքն է ոտնահարում այդ իրավունքը։ Քանի որ, ի՞նչ ինքնորոշման մասին կարող է լինել խոսքը, երբ ինքնորոշվող սուբյեկտը դուրս է դրվում իր ճակատագիրը տնօրինելու կոչված գործընթացից», – ասել է ընդդիմության առաջնորդը։

Տեր-Պետրոսյանը նշում է, որ նույն հարցազրույցի մի այլ հատվածում Սերժ Սարգսյանը կրկնում է իր այն սպառնալիքը, որ Ադրբեջանի կողմից պատերազմի սանձազերծման պարագայում Հայաստանը կճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը՝ այս անգամ նշված միտքն արտահայտելով հետևյալ կերպ. «Լեռնային Ղարաբաղի ճանաչումը տեղի կունենա, եթե Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսի»։

«Իմ կարծիքով, սակայն, սա ոչ այնքան Ադրբեջանին ուղղված զգուշացում է, որքան ներքին գործածության համար արված հայտարարություն՝ ի պատասխան Ազգային Ժողովում Լեռնային Ղարաբաղի ճանաչման վերաբերյալ «Ժառանգություն» խմբակցության բարձրացրած պահանջի։ Այն ակնհայտորեն նպատակ է հետապնդում հասարակությանը ներշնչել, որ իբր Հայաստանի վարչախումբը ոչ թե ընդհանրապես դեմ է Ղարաբաղի ճանաչմանը, այլ դրա համար սպասում է հարմարագույն առիթի, ինչպիսին կարող է լինել Ադրբեջանի կողմից պատերազմի վերսկսումը։ Ինչ վերաբերում է Ղարաբաղի ճանաչման սպառնալիքին, ապա կարծում եմ, բոլորի համար հասկանալի է, որ դա այն լծակը չէ, որը կարող է կանխել խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու Ադրբեջանի մտադրությունը։ Կան շատ ավելի ազդու և արդյունավետ լծակներ, որոնք սարգսյանական վարչախումբը համառորեն անտեսում է։ Դրանք են՝ երկրի ներքաղաքական իրավիճակի առողջացումը, տնտեսության զարգացումը, կոռուպցիայի վերացումը, արտագաղթի դադարեցումը, բանակի մարտունակության բարձրացումը եւ այլն։ Չըմբռնել այս իրողություններն ու զբաղվել դատարկ հռետորաբանությամբ, հավասարազոր է հանցավոր անգործության, եթե չասենք, պետական դավաճանության», – ասել է ՀՀ առաջին նախագահը։

Նա կարծիք է հայտնել, որ շատ ավելի հրեշավոր է Սարգսյանի մեկ այլ միտքը, որը վերաբերում է պատերազմի վերսկսման հավանականությանը:

««Մենք դեմ ենք պատերազմին, – ասում է նա և անմիջապես ավելացնում,– սակայն դա չի նշանակում, թե մենք վախենում ենք պատերազմից։ Մենք պետք է պաշտպանվենք, ուրիշ ելք չունենք։ Քանի որ, եթե ինչ-որ հրաշքով Ղարաբաղը թեկուզ մեկ ժամով հայտնվի Ադրբեջանի վերահսկողության տակ, ապա այնտեղ ոչ մի հայ չի մնա։ Ի՞նչ տարբերություն, թե ինչպես կկորցնենք Ղարաբաղը»։ Հրեշավորը մեջբերված հատվածի վերջին նախադասությունն է՝ «Ի՞նչ տարբերություն, թե ինչպես կկորցնենք Ղարաբաղը (ուզում է ասել՝ պատերազմո՞վ, թե՞ բանակցություններով)»։ Սա հիմք է տալիս եզրակացնելու, որ Սարգսյանը հոգու խորքում հաշտվել է Ղարաբաղը կորցնելու մտքի հետ, և նրա միակ մտահոգությունն այժմ այն է, որ դա գոնե տեղի ունենա հերոսական մարտնչումից հետո՝ լրացնելու համար հայոց բարոյական հաղթանակների անվերջանալի շարքը և ծնունդ տալու հերթական քաղաքական առասպելին, թե «ի՞նչ կարող էինք անել։ Մենք մինչև վերջ կատարեցինք մեր սրբազան պարտքը, բայց պարտվեցինք անհավասար կռվում։ Աշխարհը մեզ դավաճանեց, մեր դաշնակիցները մեզ լքեցին եւ այլն եւ այլն»։ Սակայն եթե նրան թվում է, թե այս էժան հնարքով կարող է հերթական անգամ մոլորեցնել ժողովրդին ու խուսափել պատասխանատվությունից, նա չարաչար սխալվում է։ Ներկա Հայաստանի հասարակությունը 1920-ական թթ. հասարակությունը չէ, որ միամտաբար կուլ տա այդ առասպելը», – ղարաբաղյան հակամարտության մասին իր խոսքն ավարտել է Տեր-Պետրոսյանը։