Հնագետները Պերուի հարավ-արևելյան հատվածում գտնվող լեռնային ջունգլիներում հնամյա գերեզմաններ են հայտնաբերել: Գիտնականների խոսքով` այս բացահայտումը իր կարևորությամբ կարելի է համեմատել կորած քաղաք Մաչու-Պիկչուի հայտնաբերման հետ:
Վարի մշակույթին պատկանող գերեզմանները հայտնաբերվել են Անդի լեռնաշղթայի ջունգլիներով ծածկված արևելյան սարալանջին` Կուսկո կոչվող հատվածում, որը համարվում է իսպանական գաղութատերերի դեմ ինկերի պայքարի վերջին վայրը:
Վարի մշակույթը գոյութուն ուներ ինկերից առաջ և մեծ ազդեցություն է ունեցել Անդի ողջ տարածաշրջանի վրա 6-12-րդ դարերի ընթացքում: Ինկերի կայսրությունը համարվում է Հարավային Ամերիկայի նախակոլումբյան առաջին ամենախոշոր կայսրությունը:
«Շատ տպավորիչ է ջունգլիներում գտնել Վարի մշակույթի Կուսկո հատվածը, որը նոր էջ է բացում հնագիտական հետազոտություններում և ստիպոււմ է վերանայել պատմությունը»,- ասել է Կուսկո տարածաշրջանի մշակույթի հարցերով ղեկավար Խուան Գարսիան:
Հնագետները գերեզմաններում հայտնաբերել են արծաթե դիմակներ,կատվի դեմքով երկու ոսկյա թևնոցներ և մի շարք այլ պարագաներ: Այս ամենը գտնվում էր Պարոն Վարի անունով բարձրաշխարհիկ անձի գերեզմանում:
Գերեզմանները գտնվում են Էսպիրիտու Պամպա հնագիտական համալիրում, Վիլկաբամբա շրջանում` Լիմայից 1100 կմ հարավ-արևելք:
Բացի դրանից, սա ջունգլիներում Վարիի մշակույթի գոյության առաջին ապացույցն է: Սա փաստում է նաև, որ այս շրջանում վարիներն ապրել են ավելի վաղ քան ինկերը: