Home / Հայաստան / Վարդգես Գասպարիին բաց են թողել ոստիկանությունից

Վարդգես Գասպարիին բաց են թողել ոստիկանությունից

Րոպեներ առաջ Երևան քաղաքի ոստիկանության «Կենտրոն» բաժնից բաց են թողել ՀԱԿ ակտիվիստ Վարդգես Գասպարիին, ում բերման էին ենթարկել այսօր առավոտյան` Կառավարության շենքի առջև տեղի ունեցող բացօթյա առևտրի արգելքի դեմ բողոքի  ակցիայի ժամանակ:

Ինչպես տեղեկացրել էինք ավելի վաղ, Epress.am-ի հետ զրույցում ապակուց այն կողմ կանգնած Գասպարին նշել է, որ իրեն քաշ տալով Հանրապետության հրապարակում նստեցրել են մեքենա և բերել ոստիկանություն, մինչ այժմ ոստիկանություն բերման ենթարկելու որևէ հիմք չեն ներկայացրել:

Նշենք, որ ոստիկանության բաժին է եկել «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը, ով խնդրել է իր հետ Կենտրոնի բաժնի պետի տեղակալ Գրիշա Ամիրխանյանի մոտ բաց թողել նաև Epress.am-ի լրագրողին, սակայն լրագրողի մուտքն արգելել են, և Ալավերդյանը միայնակ է բարձրացել:

Շենքից դուրս գալուց հետո նա պատմել է, որ Ամիրխանյանն իրենց տեղեկացրել է, որ ոստիկանության շենքում Վարդգես Գասպարիին բռնության չեն ենթարկել: ԱԺ պատգամավորը նշել է, որ Գասպարիին ոստիկանությունում պահելու հիմք չի տեսնում և հույս է հայտնել, որ նրան արագ բաց կթողնեն: