Home / Հայաստան / Սերժ Սարգսյանը ցուցումներ է տվել նախարարներին

Սերժ Սարգսյանը ցուցումներ է տվել նախարարներին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է խորհրդակցություն` տնտեսական քաղաքականության իրականացման առաջնահերթությունների վերաբերյալ:

Խորհրդակցությանը մասնակցել են վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը, փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, Էկոնոմիկայի, Ֆինանսների, Գյուղատնտեսության, Էներգետիկայի և բնական պաշարների,  Քաղաքաշինության, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարները, ՀՀ նախագահի գլխավոր խորհրդականն ու վերահսկողական ծառայության ղեկավարը, Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահը, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահը:

Խորհրդակցության ժամանակ հնչեցրած իր խոսքում Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը դժվարին ձմեռ է անցկացրել` առաջին հերթին սոցիալական տեսանկյունից:

«Տնտեսական ճգնաժամի հետևանքներից դեռևս չապաքինված մեր տնտեսության հնարավորությունների պակասը, նաև բնության կողմից թելադրված` մեր գյուղատնտեսության խայտառակ արդյունքները, գնաճային արտաքին ուժեղ ճնշումները և ձմեռվա բերած բնական հոգսերը լրջորեն բարդացրեցին և անհա­մարժեք թանկ դարձրեցին կյանքը մեր երկրում:  Մենք բառացիորեն ստիպված էինք դիմա­կայել տնտե­սական ձմռանը, և հաճախ նույնիսկ մարդկանց համար անտեսանելի, բայց կարևոր նշանակություն ունեցող կենսական խնդիրներ լուծել: Նույնիսկ բանը հասավ նրան, որ մենք ստիպված էինք պետական մա­կարդակով հանրապետություն ցորեն ներկրելու խնդիրներ լուծել: Վաղուց այսպիսի բան չէր եղել: Բայց միև­նույն ժամանակ մենք չդադարեցինք նաև գարնա­նա­յին ծրագրեր կազմել, և այդ ծրագրերից կարող ենք հիշատակել ցորենի, գարու սերմացու ձեռք բերելու և արտադրողներին ապառիկ տրամադրելու ծրագիրը, կարող ենք նշել գազի սակագների կայուն պահպանման համար պայքարի ծրագիրը, ինչն իսկապես, կարելի է այդպես կոչել առանց չափազանցնելու», – ասել է Սերժ Սարգսյանը:

Խորհրդակցության ժամանակ նա ֆինանսատնտեսական ոլորտի պատասխանատուներին մի քանի ցուցում է տվել.

«Թե´ կարճաժամկետ, և թե´ երկարաժամկետ հատվածներում գնաճի հնա­րավոր զսպումը մեզ համար լինելու է գերակայություն: Այստեղ ես, իհարկե, ուզում եմ տեսնել ՀՀ կառավարության և կենտրոնական բանկի ավելի կոորդինացված աշխատանք, ինչո՞ւ չէ` նաև համարձակ քայլեր, ինչո՞ւ չէ` նաև ոչ ավանդական քայլեր… Ակնկալում եմ, որ կոնկ­րետ պաշտոնյաներ ավելի մանրամասն հասկանան ապրանքների և, առաջին հերթին, առաջին անհրաժեշտության ապրանքների գնագոյացման գործըն­թացը` ի՞նչ գնով ձեռք բերվեց, որքա՞ն տրանսպորտային ծախսեր եղան և ի՞նչ գնով վաճառվեց ապրանքը: Մենք ունենք բոլոր հնարավորությունները և բոլոր միջոցները, որպեսզի այս խնդիրը լուծենք հենց իրավական դաշտում: Պետք է լուրջ աշխատանք տանել ներմուծողների հետ, պետք է լուրջ աշխատանք տանել արտադրողների հետ և, իհարկե, լուրջ քայլեր ձեռնարկել: Կարծում եմ, հիմա դրա իսկական ժամանակն է` մրցակցությունը խթանելու համար:

Ազգային արժույթի մասին. միանգամից ասեմ, որ դրամի արժևորումը տնտեսության և ներքին արտադրողի  համար անբարենպաստ և անընդունելի երևույթ է և, իմ կարծիքով, այդպիսի երևույթները մեզ տևական ժամանակ խանգարել են:  Ես վստահ եմ, որ մենք նման զարգացումներ չենք ունենա:

Այսօր ես հրավիրել եմ նաև տնտեսության հիմնական ճյուղերում զարգացումների հա­մար պատասխանատու նախարարներին: Համախառն ներքին արդյունքի տարեկան ցուցանիշը և դրա ճյուղային կառուցվածքի համադրելի վերլուծությունները յուրաքանչյուր նախարարի աշխատանքի գնահատականի համար հիմք են ծառայելու: Մենք այլ հիմք չենք ունենալու և չունենք:

Արդյունաբե­րու­թյան և ծառայության ոլորտում, պարո´ն Դավթյան, մենք հսկայական աշխատանք ունենք կատարելու: Խնդրում եմ, որպեսզի խիստ կոնկրետ գործերով զբաղվեք, ակտիվ լինեք, որպեսզի միշտ գործարարի կողքին կանգնեք:

Այս տարի ես ակնկալում եմ նաև աճ շինարարության բնագավառում: Այն ծրագրերը, որ մենք սկսել ենք և սկսելու ենք, լավ հիմք են, որպեսզի աշխուժություն լինի շինարարության բանագավառում: Արդեն իսկ նախատեսված միջոցները բավարար են, որպեսզի մեր շինարարության բանագավառն այս տարի ունենա լուրջ աճ: Քաղաքաշինության նախարարը ու նաև տրանսպորտի և կապի նախարարը պետք է այստեղ հանդես գան այս ծրագրերը արա­գաց­նողի դերում:

Այս տարի բոլորիս գործունեության օրակարգում առաջնային տեղ են ունենալու գյուղը, գյուղացին ու գյուղատնտեսությունը: Խոսքս միայն գյուղատնտեսության նախարարությանը չի վերաբերում, որովհետև գյուղի խնդիրը միայն գյուղատնտեսության նախարարի խնդիրը չէ: Մեզնից յուրաքանչյուրը պարբերաբար պետք է այցելի գյուղ` և´ վարչապետը, և´ փոխվարչապետը, բոլոր նախարարները: Ինքս եմ պարբերաբար գնալու գյուղ, զբաղվելու գյուղատնտեսական խնդիրներով և ինքս եմ որոշ ծրագրեր հսկողության տակ պահելու: Այդ ծրագրերի արդյունքները պետք է երևան: Գյուղացին պետք է տեսնի, որ ինքը մենակ չէ:

Մենք միշտ խոսում ենք հարկային-մաքսային համակարգում բարեփոխում­ների մասին: Մեկ անգամ ևս կրնկնեմ, որ ցանկացած բարեփոխում, իհարկե, ցավոտ է, և ես հասկանում եմ, պարո´ն Խաչատրյան, այսօրվա մոտեցումները, այդ բարեփոխումներն առանց ցավի և համադրված անցկացնելու ցանկությունը: Դա ճիշտ մոտեցում է, բայց մենք նաև պետք է գիտակցենք, որ գալու է մի պահ, որ մենք մտնելու ենք շեշտակի փոփոխությունների փուլ և արդեն հիմա մենք պետք է պատրաստվենք դրան», – մասնավորապես, ասել է Սերժ Սարգսյան: