Հարավային Կովկասի աշխարհագրական կենտրոնը Հայաստանից և Ադրբեջանից միևնույն հեռավորության վրա գտնվող վրացական Թեքալի գյուղն է: Ամայությունն ու մարտյան ցեխաջրերի հետ խառնված կեղտոտ տները արտացոլում են տարածաշրջանի երեք երկրների` միմյանց նկատմամբ հետաքրքրվածության մակարդակը:
Հարևան երկրներից բնակավայրն առանձնացնում են բլուրները, որոնց մի կողմում հայկական Բերդավան գյուղն է, մյուս կողմում` ադրբեջանական Շիխլին: Բլուրների ստորոտային հատվածները ականապատված են, որպեսզի, ինչպես բացատրեցին տեղում, «հայերն ու ադրբեջանցիները չվազեն միմյանց մոտ»:
Վերադառնանք Թեքալի, ավելի ճիշտ` գյուղական հնամյա «Բորչալի» շինություն, որն օգտագործվում է մեծ հանդիսությունների համար: Բորչալին Քվեմո Քարտլիի հին անվանումն է, և ներկայումս հիմնականում բնակեցված է ադրբեջանցիներով:
Սրահի դեղնած պատերին փակցված են ադրբեջանցի երգիչուհիների և տարբեր կատարողների պաստառներ: Սակայն ամենամեծ պաստառի վրա Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի` 3 տարվա հնության նկարն է, ով պահանջում է նախագահական ընտրություններին քվեարկել իր օգտին:
Սրահը բաժանված է պրեզիդիումի և հանդիսասրահի: Իրավապաշտպան Գեորգի Վանյանը, հանդես գալով դատավորի դերում, հայտարարում է «Վրաստանի միջնորդությունը հայ-ադրբեջանական հակամարտության մեջ» դատավարության մեկնարկը: Վրաստանի միջնորդությանը «կողմ» է հանդես գալիս կոնֆլիկտաբան Գեորգի Խուցիշվիլին, «դեմ» ` քաղաքագետ Մամուկա Արեշիձեն: Սրահում հավաքվել են 3 երկրներից ժամանած 3 տասնյակ լրագրողներ, ՀԿ-ների անդամներ, օպերատորներ, լուսանկարիչներ:
Վկա-փորձագետը Վրաստանի խորհրդարանի եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահ, իշխող կուսակցության անդամ Դավիդ Դարչիաշվիլին է: Նա հեռացավ նախագահելու Թբիլիսիում մինչ փորձագետների ելույթի մեկնարկը` հասցնելով 30 րոպեով ձգել իր ելույթը, որտեղ, մասնավորապես, խոսում էր «Ղարաբաղյան հակամարտության հարցում Ռուսաստանի գործոնի մասին, որն այնքալ է ակնհայտ չէ, որքան Աբխազիայի և Հարավային Օսիայի դեպքում»: Այնուհետև հավալեց. «Ռուսաստանը Սոչիում ապացուցեց, թե ում ձեռքերում են ճնշման լծակները և ղարաբաղյան հակամարտության լուծումը»: Ամեն դեպքում, պատգամավորը ցավում էր, որ «երկու հնագույն և ուժեղագույն ազգերի հակասություններն այդչափ միահյուսված են»:
Եվ այսպես, ոտքի՛, դատարանն է գալիս: Գեորգի Խուցիշվիլիի «կողմ» դիրքորոշումը
Քանի որ իրավիճակը պայթյունավտանգ է և արդեն որոշ վերլուծաբանների կողմից գնահատվում է որպես նախապատերազմական, հաշվի առնելով կողմերի շահերը, անհապաղ պետք է սկսվի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում նորարարական մոտեցումների փնտրտուքը:
Հարավային Կովկասում առկա հակամարտությունների հարցում տարածաշրջանային միջնորդության փորձ մենք չունենք, այդ իսկ պատճառով, Վրաստանին այս դերը ստանձնելու առաջարկը պետք է առնվազն տեսականորեն քննարկվի:
Կան գործոններ, որոնք օբյեկտիվորեն նպաստում են նրան, որ Վրաստանը միջնորդ դեր ստանձնի: Դրանք են`
– Բոլոր երեք երկրների անմիջական հարևանությունը Կովկասի պատմական տարածաշրջանում
– Երեք ազգերի մշակութային փոխազդեցության դրական փորձը նախապատերազմական շրջանում:
– Հայաստանի և Ադրբեջանի հետ Վրաստանի կայուն և հավասարակշռված հարաբերությունները:
– Հայաստանի և Ադրբեջանի հետ Վրաստանի տարածքային չլուծված միջպետական հակամարտությունների բացակայությունը:
– Վրաստանի անմիջական ծանոթությունը ձգձգված էթնոքաղաքական վեճերին և հումանիտար ճգնաժամի փորձը:
– Միջազգային կազմակերպությունների, նախևառաջ` ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի` հարավկովկասյան հակամարտությունների հարցում պետություններին խաղաղության կամ փոխշահավետ պայմանագրերի ստորագրման պարտադրանքի մեխանզիմների մշակման անկարողությունը:
– Ղարաբաղյան բանակցային գործընթացը կենդանացելու ՄԽ-ի և միջազգային կազմակերպությունների ձգձգվող և անարդյունավետ փորձերը:
– Ռուսաստանի` որպես միջնորդի նկատմամբ ադրբեջանցիների վստահության բացակայությունը: Այս հանգամանքը Ադրբեջանի և Վրաստանի համար ծառայում է որպես միավորող գործոն, թեև Հայաստանին համար այդ փաստը մտավախության առիթ է ստեղծում:
– Վրացական հասարակության մեջ (առնվազն Աբխազիայի դեպքում) այն հանգամանքի գիտակցումը, որ անջատ տարածքների հետ վստահության մթնոլորտի կառուցում է անհրաժեշտ` որպես խաղաղ բանակցությունների նախապայման:
– Վրացական հասարակության մեջ գերակա այն գաղափարը, որ աբխազների և օսերի հետ հնարավոր կլիներ բանակցել, եթե Ռուսաստանը չխառնվեր:
Դիտարկվող գաղափարին «դեմ» փաստարկներն էին`
– Վրաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների ասիմետրիկությունը մի կողմից, և Վրաստանի ու Հայաստանի` մյուս կողմից, այդ թվում` դիքորոշումների, համագործակցության ինտենսիվության. բազմապիսի ներքաղաքական վեկտորների և ռուսաստանյան գործոնի հանդեպ վերաբերմունքի անհամաչափությունը:
– Ադրբեջանում առկա բացասական վերաբերմունքը Ղարաբաղին բանակցային գործընթացի մեջ ընդգրկելու գաղափարի նկատմամբ (Ադրբեջանն այս հարցում միշտ շատ ավելի կատեգորիկ դիրքորոշում է ունեցել, քան Վրաստանը իր անջատված տարածքների հարցում, թեև վերջին ժամանակներս նրանց դիրքորոշումների մերձեցման միտում է նկատվում):
– Հայաստանի և Ադրբեջանի տրամագծորեն հակադիր պատկերացումները 2008 թվականի օգոստոսի ճգնաժամի վերաբերյալ և Վրաստանի, Ռուսաստանի ու Հարավային Օսիայի դերերն այս գործընթացներում:
– Վրաստանի միջնորդության գաղափարի նկատմամբ հնարավոր բացասական վերաբերմունքը այնպիսի ազդեցիկ աշխարհաքաղաքական խաղացողի կողմից, ինչպիսին է Ռուսաստանը:
Մամուկա Արեշիձեի «դեմ» դիրքորոշումը
Երբ խոսքը վերաբերում է Ղարաբաղին, «օկուպացիա» բառը հիշատակվում է «ինքնորոշում» և «անջատողականություն» բառերի հետ նույն հարթության վրա:
Լուսանկարը` Օնիկ Կրիկորյանի
Ավելի քան 20 տարի է` կողմերը հակամարտում են, և չնայած միջազգային հանրության թվացյալ ջանքերին` ամեն ինչ նույնն է: Այն, որ հակամարտության կարգավորման գործընթացին մասնակցող որոշ խոշոր խաղորդներ իրենց նպատակներն են հետապնդում և խանգարում են միմյանց` փաստ է: Հակամարտող կողմերի դիրքորոշումներն էլ աներեր են: Այս իրավիճակի լույսի ներքո Վրաստանի միջնորդության գաղափարը անլուրջ է թվում և հակամարտությունն ավելի շատ սրելու համար է «առաջադրված»:
Սակայն, ընդունելով, որ այս գաղափարի հեղինակները իսկապես բարի նպատակներ են հետապնդում, այդուհանդերձ կարելի է մի շարք «դեմ» փաստարկներ առաջ բերել:
– Վրաստանը հակամարտությունների լուծման բացասական փորձ ունի սեփական տարածքում:
– Վրաստանն իր ակտիվությամբ կարող է երկու կողմերի ազգայնականների զայրույթը վաստակել, և դրանով իսկ խախտել Հարավային Կովկասի` առանց այդ էլ անկայուն հավասարակշռությունը:
– Ղարաբաղյան հակամարտության լուծմանը դեմ որոշ ուժեր կարող են վրաստանաբնակ հայերի ու ադրբեջանցիների հարաբերությունները սրել:
– Վրաստանի միջնորդությունը Ռուսաստանին զայրույթն առաջ կբերի` դրանից բխող բոլոր հետևանքներով:
– Վրաստանի քաղաքական ռեսուրսի անբավարարությունը կարող է նպաստել Հարավային Կովկասում նոր պատերազմի առաջացմանը:
– Պետք է հաշվի առնել այն, որ, չնայած Վրաստանի և նրա հարևանների միջև առկա թվացյալ դրական հարաբերություններին, կան մի շարք վիճելի հարցեր, որոնք մի ակնթարթում ջրի երես դուրս կգան Թբիլիսիի ակտիվության դեպքում:
Ելույթի վերջում Արեշիձեն, այդուհանդերձ, հնարավոր է համարել, այն, որ «ընդհանուր առմամբ Վրաստանը կարող է մասնակցել բանակցային գործընթացին, սակայն ոչ որպես առաջնային դերակատար»:
Հանձնաժողովի անդամների մեկնաբանություններում և ելույթներում ընդգծվում էր այն, որ «դեմ» դիրքորոշումը ավելի ծանրակշիռ փաստարկներ ունի, և Արիշաձեն խոսում է իրական իրադրության մասին, որը, սակայն, տարածաշրջանի բնակիչների մեծ մասի համար ընդունելի չէ:
Այսպիսով, Գեորգի Խուցիշվիլիի մի քանի «կողմ» ուտոպիկ դիրքորոշումները քվեարկողների ձայների մեծամասնությունը հավաքեցին: Այդ մարդիկ որոշեցին իրատես լինել և անհնարինը պահանջել:
Լսումների կազմակերպիչների դերում հանդես եկան «Խաղարար նախաձեռնությունների Կովկասյան Կենտրոնը (Հայաստան), Քաղաքացիական Հասարակության Կանանց Դաշինքը (Ադրբեջան), Թեքալիի Ասոցացիան (Վրաստան)` Ամերիկյան National Endowment for Democracy կազմակերպության աջակցությամբ: