Օրենքի ապաքրեականացումը իշխանության կողմից լավ մտածված քայլ է, և դատական գործընթացները բացառապես քաղաքական դրդապատճառներ ունեն, որոնք գալիս են հստակ մի կետից` ամբողջությամբ վերահսկելի դարձնելու լրատվամիջոցները: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասել է «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը:
Իրենց հրապարակումներում «ավելի հանդուրժող» թերթերը, որոնք նույնպես դատական գործընթացների մեջ են, Բաբաջանյանը «ալիբի» է անվանել, նրա խոսքով` դրանց միջոցով իշխանությունները փորձում են ցույց տալ, թե «միայն ազատ մամուլի միջոցները չեն դատական գործընթացների մեջ»:
«Ժամանակի» գլխավոր խմբագրի համար ակնհայտ է, որ իշխանությունները լրջագույն սպառնալիք են տեսնում. «Ինչպես 2008 թվականին տպագիր մամուլը հաղթեց այն հեռուստատեսային դաշտին, նրանք վախ ունեն, որ 2012 և 2013 թվականների ընտրություններին իրենք կարող են շատ մեծ խնդրի առաջ կանգնել, և գլխավոր խմբագիրներին անթաքույց համագործակցության հովանավորելու առաջարկներ են անում` դատական գործընթացներից խուսափելու դիմաց»:
Ըստ Բաբաջանյանի` ստացվել է այնպես, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամլիչի տակ են հայտնվել «Ժամանակ» և «Հրապարակ» օրաթերթերը:
Պատմելով այսօրվա դատական նիստի մասին` Բաբաջանյանը բացահայտել է, որ Քոչարյանի փաստաբանը նույնիսկ փաստաբան չէ: «Եվ փաստաբանական ծախսերի համար երեք միլիոն փող է ուզում մեզնից այն դեպքում, երբ օրենքով նախատեսված կարգ գոյություն ունի, որ եթե դու փաստաբան չես, իրավունք չունես փաստաբանական ծախսեր պահանջել: Սա այն դեպքում, երբ «Հայկական ժամանակից» այդ նույն տղան փող ա ստացել` փաստաբանական ծառայություններ մատուցելու համար: Մենք ենք գտել էդ փասթաթուղթը, որ այդ տղան փաստաբան չի: Սարգիս Գրիգորյանի մասին է խոսքը»:
Խմբագիրն անդրադարձել է նաև նրան, որ թերթին դատի են տվել Բելլա Քոչարյանն ու Սեդրակ Քոչարյանը, իսկ դատարանում, ըստ բանախոսի, փաստաբան Գրիգորյանը վկայակոչում է հոդվածներ, որոնք վերաբերել են Ռոբերտ Քոչարյանին:
Իր հերթին, «Հրապարակ» օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանը հայտարարել է, որ երբ Քրեական օրենսգրքով է «պատժվում մարդու գրած հոդվածը, անհատական մեղքի և անհատական պատասխանատվության խնդիր է ծագում»: Այս համատեքստում նա բերել է մի օրինակ, երբ նա որպես խբմագիր տպագրել է Լուսինե Պետրոսյանի հոդվածը, որն ունի սեփական կարծիք և սուբյեկտիվ վերաբերմունք շատ անձանց նկատմամբ:
«Ես ասում եմ` չէ, Լուսինե ջան, դու իրավունք չունես սիրես այս մարդուն, չսիրես սրան: Պետք է սահմանափակես քո կարծիքը, քո որակումները, քո գնահատականները պիտի համաձայնեցնես ինձ հետ»: Այստեղ, ըստ Օհանյանի, ծագում է հեղինակային իրավունքի խնդիրը, և լրագրողը հարց է բարձրացնում` որտե՞ղ է ավարտվում մարդու կարծիք հայտնելու իրավունքը և որտեղ է սկսվում դիմացինի վիրավորվելու հավանականությունը:
Խմբագիրները ամոթանք տվեցին նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին, որն, ըստ Բաբաջանյանի, ուղղակի պատասխանատվություն է կրում ստեղծված իրավիճակի համար: Հղում կատարելով անցած շաբաթվա ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի` դատավորներին ուղղված կոչերին` լինել հանդուրժող, Բաբաջանյանն ասել է, որ վերջինիս ուղերձի հրապարակման հաջորդ օրը դատարանը կալանքի սանկցիա է կիրառել թերթերի դրամական միջոցների վրա: Այս համգամանքը «Ժամանակի» գլխավոր խմբագիրը ապտակ է անվանել:
Բաբաջանյանը նշել է, որ հավատում է Հայաստանում խոսքի ազատությանը. «Ոչ Սարգիս Գրիգորյանին է հաջողվելու մեզ լռեցնել, ոչ էլ Ռոբերտ Քոչարյանին ու նրա ընտանիքին: Բաց տեքստով գրելու ու աշխատելու ենք, ինչքան մեր հնարավորություններն ու միջոցները ներելու են»:
Խմբագիրները հույս են հայտնել, որ դատական հայցերի քանակի ավելացումը կմոբիլիզացնի լրատվական դաշտը: «Բոլորը կհասկանան, որ մի օր էլ իրենք են հայտնվելու այդ մամլիչի տակ: Դատական հայցի հետ կապված մի քանի տգեղ հրապարակումներ եղան, նույնիսկ մեր գործընկերները` դատավորի կեցվածք ընդունած, ասում են` էս բառն էսպես չգրեիք, չէր լինի դատական հայցը: Բայց վստահ եղեք, որ կհայտնվի մեկը, որն անկանխատեսելի մի տեղում ձեզ ել կտանի կհասցնի դատական պրոցեսին», – ասել է Արմինե Օհանյանը:
Մամուլն, ըստ նրա, պետք է ինքնակազմակերպվի, կարողանա ինքն իրեն պաշտպանել և անպայման պարտադրել օրենքում փոփոխություններ մտցնել: