Ոչ մի հեղափոխությունով Եգիպտոսը Հոլանդիա չես դարձնի, այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
«Հայտնի չէ, թե Քադաֆիներից հետո ինչպիսի Մադաֆիներ կգան, ինչպես կկառուցվի այդ երկրների ներքին քաղաքականությունը և ինչպես կդասավորվեն փոխհարաբերությունները նրանց միջև: Շատ թե քիչ, մի բան է հայտնի` ոչ մի ժողովրդավարության հոտ, իհարկե, չի գալիս: Ժողովրդավարությունը չի հաստատվում այնպիսի երկրներում, որտեղ ոչ մի ազատական ավանդույթ չկա, որը կարող էր նպաստել գործընթացին»,- պարզաբանել է փորձագետը:
Նրա խոսքով` ծավալվող իրադարձությունները միակը չեն: «Տարբեր արաբական երկրներում շատ տարբեր գործոններ կան, և չի կարելի դա մի երևույթի անվան տակ ներկայացնել: Եգիպտոսում սոցիալական բունտ է տեղի ունենում, որը պայմանավորված է հացահատիկի գնի բարձրացմամբ, իսկ Եգիպտոսը այն երկիրն է, որտեղ բնակչության 30%-ը հացի մատակարարման սուբսիդիաներ է ստացել:
Յեմենում հակասություններ կան երկրի հյուսիսային և հարավային հատվածների միջև, որը միշտ էլ եղել է, իսկ երկրի միավորումից հետո այնպես ստացվեց, որ քաղաքական վերնախավը ներկայացնում է Յեմենի մի հատվածը, իսկ մյուս հատվածն իրեն վիրավորված է զգում»:
Իսկ Լիբիայի իրադարձությունները Իսկանդարյանն անվանում է «միջհամայնքային պատերազմ»: Այս իրադարձությունները միավորում է միայն «Միացյալ տեղեկատվական դաշտը`«Ալ Ջազիրան»,- հավելել է նա:
Քաղաքագետի խոսքով` նշված երևույթները հայկական ԶԼՄ-ներում ներկայացվում են որպես ինչ-որ ընդհանուր բան. «Խնդրեմ, ազգերը պայքարում են ռեժիմի դեմ»: Միևնույն ժամանակ, նա ընդգծել է կատարվածի կարևորությունը, քանի որ «այդ տարածաշրջանը հեռու չէ Հայաստանից, և այնտեղ էլ հայեր են ապրում»: