Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը միակողմանի կարգով չեղյալ է համարել ԱՄՆ-ի հետ «Տարածաշրջանային պատասխան» զորավարժությունները, որոնք պետք է կայանային մայիսի 15-25-ը:
Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանատունը չի մեկնաբանում իրավիճակը` վկայակոչելով Ադրբեջանի կառավարության կողմից պաշտոնական ծանուցման բացակայության հանգամանքը:
Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը նույնպես չի պարզաբանել այս որոշումը:
Contact.az-ը նշում է, որ սա տեղի է ունեցել Ղարաբաղյան հարցում ԱՄՆ-ի «հայամետ» դիրքորոշման Բաքվի սուր քննադատության ֆոնի վրա:
«Այդ ընթացքում Բաքու-Վաշինգտոն հարաբերություններում կտրուկ սառեցում էր նկատվում, որը ադրբեջանցի պաշտոնյաների մոտ դրսևորվեց հակաամերիկյան հիստերիայով և Վաշինգտոնի կողմից Իլհամ Ալիևին միջուկային անվտանգության գագաթաժողովին հրավիրելուց հրաժարվելու հանգամանքով, այն դեպքում, երբ Միխայիլ Սահակաշվիլին և Սերժ Սարգսյանը ներկա էին այդ միջոցառմանը: Վաշինգտոնի նման պահվածքը փորձագետները բացատրեցին այն հանգամանքով, որ 2009 թվականի ապրիլին Իլհամ Ալիևը հրաժարվել էր ներկա գտնվել Ստամբուլում անցկացվող գագաթաժողովին և հանդիպել Օբամայի հետ:
Թվում էր, թե վերջին տարվա ընթացքում Բաքվի և Վաշինգտոնի հարաբերությունները կարգավորվել են: Բաքու այցելեցին Պենտագոնի ղեկավարն ու ԱՄՆ-ի պետքարտուղարը, իսկ սեպտեմբերին Ալիևը Նյու Յորքում հանդիպեց Օբամայի հետ: 2011 թվականի սկզբին վերջապես Բաքու ժամանեց ԱՄՆ դեսպանը:
Սակայն արաբական հեղափոխությունների մեկնարկին համընթաց` Բաքուն կրկին սկսեց կասկածել Վաշինգտոնին Ադրբեջանում հեղափոխություն նախապատրաստելու մտադրության մեջ: Մարդու իրավունքների հետ կապված Վաշինգտոնի քննադատությունը ադրբեջանցիներն ընդունում են հենց այդ տեսանկյունից: Այս քննադատությունն ավելի խստացավ ընդդիմադիրների հանրահավաքները ցրելուց հետո, իսկ Ադրբեջանի իշխանությունները խստացրեցին հակաարևմտյան հիստերիան` մեղադրելով արտասահմանցի դիվանագետներին ընդդիմադիր առաջնորդների հետ շփվելու մեջ: