Ինտերնետ ծանոթությունները կարող են ծառայել որպես թերապևտիկ գործիք, սակայն տարվել դրանցով չի կարելի, ինչպես ցանկացած այլ «դեղի» պարագայում:
Ծանոթությունների կայքերը բոլորովին էլ միայնության բուժում չեն, ավելի շուտ բարդույթներից ազատվելու և վստահություն ձեռք բերելու ևս մեկ միջոց են, նշում են մասնագետները:
Ապրիլի 21-ին`հինգշաբթի, «Ինչպես են ծանոթությունների կայքերն ազդում սեռական վարքագծի վրա» խորագրով կլոր սեղան է կայացել Մոսկվայում, որի թեման է եղել` ինչպես է շփման առևտրային բնույթը անդրադառնում ռուսաստանցիների սեքսուալ վարքագծի վրա, ինչպիսի վարքագծային մոդելներ են ձևավորվում և ինչպես է սեքսուալ նորման փոփոխվում` ինտերնետ-ծանոթությունների տարածմանը համընթաց:
Մի կողմից` ինտերնետ ծանոթություններն ավելի մեծ քանակությամբ կապերի հաստատման միջոց են, սակայն միաժամանկ այս երևույթի վիրտուալությունը չար խաղ է խաղում, կարծում է սեքսապաթոլոգ, հոգեթերապևտ Եվգենի Կուլգավչուկը:
«Շատ հաճախ մարդկանց մոտ վերանում է ներկայի և իրականության միջև սահմանը, և մարդը գտնվում է որոշակի կախվածության մեջ: Ի դեպ սա վերաբերում է ոչ միայն ծանոթությունների, այլ նաև սոցիալական կայքերին: Մարդը դուրս է մնում իրական աշխարհից: Ինքնաբավության, պահանջված լինելու զգացումը, թվացյալ ընկերների մեծ քանակությունը, որոնց ամենայն հավանականությամբ մարդ երբեք չի տեսնի, հոգեկան բարեկեցության խաբուսիկ տպավորություն է ստեղծում, իսկ մյուս կողմից կարող է սահմանափակել նրա գործողությունները իրական կյանքում»,-ասում է նա: