Ադրբեջանական ԶԼՄ-ները մեղադրել են «Եվրատեսիլ 2011» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող երգչուհի Էմմիին իր ելույթն ուղեկցող «քոչարի» պարի բեմադրությունը (տեսանյությում` 3-րդ րոպեից) «ադրբեջանցիներից գողանալու մեջ»:
«Այդ երբվանի՞ց է քոչարին դարձել հայկական ազգային պար»,-գրում է Trend-ի վերլուծաբան Վուգար Իմանովը` հայտարարելով, որ պարի այս տեսակը մաքուր ադրբեջանական է: «Սա Ադրբեջանի և Արևելյան Անատոլիայի քոչվորների Յալա պարի տեսակներից է: Պարի անվանումը ծագում է թյուրքական «քոչյարի» ` քոչվորներ բառից»,- գրում է նա:
Եվրատեսիլի հայ մասնակիցների նկատմամբ ադրբեջանցիների նման խանդոտ վերաբերմունքը մշտական բնույթ է կրում: Երկու տարի առաջ ադրբեջանական ԶԼՄ-ները գրում էին, որ հայ երգչուհիներ Ինգա և Անուշ Արշակյանների «Ջան-ջան» երգի երաժշտությունը ադրբեջանցի Թոֆիկ Գուլիևի «Նախիջևան» երգի կրկնօրինակն է:
Բացի դրանից, մրցույթի ընթացքում ադրբեջանական հեռուստաընկերությունը չէր ցուցադրում այն համարը, որով կարելի էր քվեարկել Հայաստանի օգտին: Սակայն դա չխանգարեց մի քանի տասնյակ մարդկանց իրենց ձայները տալ «Ջան-Ջան» երգի օգտին, ինչը սկանդալով ավարտվեց: Քվեարկողները ավելի ուշ հրավիրվել էին հարցաքննության ազգային անվտանգություն:
«Եվրատեսիլ 2009»-ին սկանդալ ծավալվեց նաև հայ մասնակիցների ելույթին նախորդող տեսանյութի հետ կապված: Տեսանյութում Հայաստանի տեսարժան վայրերի շարքում ներկայացված էր նաև Ղարաբաղի խորհրդանիշը`«Մենք ենք, մեր լեռները» հուշարձանը, որն առավել հայտնի է որպես «Տատիկ և Պապիկ»:
Ադրբեջանական կողմը բողոք էր ներկայացրել, և մրցույցթի եզրափակիչ փուլում «Տատիկն ու պապիկը» վերացվել էին տեսանյութից: Սակայն Հայաստանում իրավիճակից դուրս գալու միջոց գտան: Երգչուհի Սիրուշոն` հայաստանյան քվեարկության արդյունքները հայտարարելիս ձեռքին թղթապանակ ուներ, որը ժամանակ առ ժամանակ բարձրացնում էր այնպես, որպեսզի կադրում հայտնվեր շապիկին առկա «Տատիկ և պապիկի» պատկերը: