«Լենինգրադում իմ ուսանելու ժամանակ ես միայն շաբաթը մեկ անգամ կարող էի հեռախոսով խոսել ծնողներիս հետ, այն էլ` պետք է այցելեի փոստ և այնտեղի հատուկ խցիկից միայն զանգեի Երևան, որը բավական թանկ հաճույք էր»,- այս մասին այսօր հայաստանյան մի շարք ավագ դպրոցների սաների հետ անցկացրած «վերջին դասի» շրջանակներում պատմել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Վարչապետը աշակերտներին 45 րոպեի` մեկ դասաժամի ընթացքում, ներկայացրել է կառավարության «գոյաբանության սկզբունքները»` մանրամասնելով, որ գոյաբանություն նշանակում է աշխարհընկալման միասնական հայեցակարգ, որի տարբերակներն այդքան էլ շատ չեն:
Ի թիվս այլ հարցերի, վարչապետը աշակերտներին պատմել է ժամանակակից աշխարհում տեղ գտնող գործընթացների և փոփոխությունների մասին. «Այսօր մի սերունդն իր կյանքի ընթացքում ապրում է լրջագույն փոփոխություններ, և սա համարվում է կարևորագույն մարտահրավեր հասարակության, սոցիալ-տնտեսական գործընթացների և մարդու համար։ Գիտատեխնիկական հեղափոխությունը, ժամանակակից տեխնոլոգիաների մուտքը մեր կյանք էապես փոխում են մեր կենցաղը։ Լենինգրադում իմ ուսանելու ժամանակ ես միայն շաբաթը մեկ կարող էի հեռախոսով խոսել ծնողներիս հետ։ Իսկ հիմա տեխնիկական առաջընթացի շնորհիվ ցանկացած ժամանակ կարող ենք կապ հաստատել աշխարհի ցանկացած երկիր, որը շատ մատչելի է»:
Տիգրան Սարգսյանը խոսել է նաև գիտատեխնիկական հեղափոխության շնորհիվ օրեցօր փոքրացող աշխարհի մասին, որտեղ պետությունների, ազգերի փոխհարաբերությունները, շփումներն էական առումով աճել են։ «Աշխարհը դառնում է ավելի փոքր, և փոխազդեցություններն ուժգնանում են։ Նույնիսկ Լիբիայում տեղի ունեցող իրադարձությունն ազդում է Հայաստանի վրա, միջազգային շուկայում բարձրանում է նավթի գինը, հետևապես նաև Հայաստանի համար է այն բարձրանում»,- ասել է նա։
Աշակերտների հարցերին պատասխանելուց հետո վարչապետը նրանց ուղեկցել է ՀՀ կառավարության խորհրդակցությունների և ընդունելությունների մեծ սրահ՝ ցույց տալու Մինասի որմնանկարները: