Մոսկվայի հին խորհրդային «Յուժնայա» հյուրանոցում ժամանակավորապես բնակվում են հին խորհրդային տատիկներ: Այդ «ժամանակավորապեսը» տևում է Խորհրդային Միության փլուզմանը հաջորդող հետագա ողջ տարիների ընթացքում, այսինքն` ավելի քան 20 տարի: Ազգամիջյան կոնֆլիկտը երկարաձգվեց, Խորհրդային Միությունը փլուզվեց, իսկ փախստականները, որոնք այժմ ոչ հայաստանցի են, ոչ ադրբեջանցի և ոչ էլ մոսկվացի, չգիտեն` ուր դիմել, գրում է «Նեզավիսիմայա գազետա»-ն:
«Յուժնայա» հյուրանոցում մարդիկ են ապրում, բայց նրանք զբոսաշրջիկ չեն, Մոսկվա են ժամանել մի քանի օրով: Սակայն Բաքվից եկած այդ հյուրերը ապրում են այստեղ արդեն 21 տարի:
Լյուդմիլա Ստեփանյանը և նրա պես հազարավոր մարդիկ 1990 թվականին Բաքվում տեղի ունեցած ազգային բախման զոհ են դարձել: «Մի քանի օրվա ընթացքում մեզ քաղաքից տարան դեպի Կրասնովոդսկ: Այնտեղից բոլորը ցրվեցին, ով բարեկամների մոտ, ով ընկերների: Մեր ընտանիքը ոչ ոք չուներ, և մեզ բերեցին Մոսկվա,- պատմում է Ստեփանյանը: – Բոլորը կարծում էին, որ եկել են մի քանի ամսով: Ոչ ոք չէր էլ ենթադրում, որ 21 տարի հետո էլ մենք կապրենք հին մոսկովյան հյուրանոցում»:
Սկզբում փախստականներին տեղավորում էին Հայաստանի ներկայացուցչությունում: «Մարդիկ քնում էին` որտեղ պատահի, լրագրողները գալիս էին նկարահանելու, թե ինչպես են շքանշաններ կրող պատերազմի վետերանները քնում գետնին: Այդպես փլուզվում էր Խորհրդային Միությունը»:
Արդյունքում` բոլոր փախստականներին տեղավորեցին մոսկովյան հյուրանոցներում, և ինչպես կարծում էին` ժամանակավորապես: «Յուժնայա» հյուրանոցը մինչ 1994 թվականը պետությանն էր պատկանում: Այնուհետև պետությունը մասնավոր սեփականատերի վաճառեց այն` մեր` կենդանի մարդկանց հետ հանդերձ: Այդ ժամանակից ի վեր մեզ տարբեր ճանապարհներով փորձում են վտարել հյուրանոցից: 94 թվականից ի վեր մի քանի սեփականատերեր են փոխվել: Ստեփանյանն ու իր բախտակից ընկերները մի քանի դատարաններով են անցել, դատարանները պաշտպանել են նրանց և հայտարարել, որ չի կարելի նրանց վտարել առանց մեկ այլ բնակավայր տրամադրելու: Որոշ սեփականատերեր, ի դեպ, փորձում էին արհամարհել դատարանի որոշումը:
«2006 թվականին Ամանորին մենք 16 օր փողոցում ենք մնացել 30 աստիճան ցրտի պայմաններում, մեզ պարզապես ներս չէին թողնում: Այն բանից հետո, երբ մենք փակեցինք Մոսկովյան դատախազությանը հարող մայրուղին, հնարավոր եղավ լեզու գտնել սեփականատիրոջ հետ»,- պատմում է փախստականը:
2007 թվականին իրավիճակը կրկին փոխվեց: Հյուրանոցը գնեց «Գուտա-գրուպ» ընկերությունը: Ներդրողը բնակիչներին առաջարկեց 45 հազար դոլարի չափով գումար, որպեսզի իրենց համար բնակարան գտնեն Մոսկվայում: «Այդ գումարը չի բավարարի մայրաքաղաքում բնակարան գտնելու համար, բայց նրանք, ովքեր ավելի երիտասարդ էին ու ավելի նախաձեռնող,կարողացան որոշ գումար ավելացնել և ինչ որ բնակարան գնել: Մենք մնացինք 12 հոգի: 10 սենյակ ենք զբաղեցնում»: Այնուհետև հյուրանոցի սեփականատերը առաջարկել էր նրանց տեղափոխվել Ֆուրմանով և Իվանովսկ շրջաններ: Նա հյուրանոցային յուրաքանչյուր սենյակի համար բնակարան էր տվել տվյալ շրջաններում: Դատարանը որոշել է, որ այժմ փախստականները պետք է ազատեն հյուրանոցային համարնարը:
«Մենք 20 տարի ապրում ենք Մոսկվայում, ընկերներ ունենք, բարեկամներ, շատերի հարազատ մարդկանց գերեզմաններն այստեղ են: Ո՞ւր գնանք»,- վրդովված ասում է Ստեփանյանը:
Իրավապաշտպան Սվետլանա Գանուշկինան նշում է, որ Մոսկվայում նման կարգավիճակում են գտնվում մոտ հազար հայ փախստականներ. «90-ականներին Մոսկվա ժամանեցին ընդհանուր առմամբ 40 հազար հայ փախստականներ: Նրանց մեծ մասն այդ ժամանակ ցրվեց ողջ երկրով մեկ: Մայրաքաղաքում մնացին 5000 հոգի, որոնց տեղավորեցին տարբեր քաղաքային հյուրանոցներում: Իշխանությունները կարծում էին, որ հակամարտությունը կլուծվի մի քանի ամիս անց: Եթե բոլոր փախստականներին հավասարապես տեղավորեին երկրով մեկ և բնակարաններ տրամադրեին, այդ ժամանկ նրանք պատրաստ կլինեին թեկուզ աշխարհի ծայրը գնալ: Իսկ հիմա նրանք ո՞ւր գնան: Չէ որ նրանք մոսկվացի են»: