Կովկասը նպատակաուղղված փոխում է իր պատմական երանգավորումը, և նրա առանձին հատվածներ դառնում են մոնոէթնիկ տարածաշրջաններ: Հյուսիսային Օսիայում կայացած «Կովկասագիտության խնդիրները» թեմայով կոնֆերանսի ժամանակ այս մասին հայտարարել է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Georgian Times-ի փոխանցմամբ` փորձագետը հիշեցրել է, որ Ռուսական Կայսրությունը Կովկասում իր դիրքերն ամրապնդում էր տարածաշրջանում սլովանական բնակչության թվի ավելացմամբ: Դա նշանակում է, որ տարբեր մշակույթներ ներկայացնող մարդիկ հարևաններ էին դառնում:
20-րդ դարի սկզբին շատ դժվար էր ասել, թե ում քաղաքն է Բաքուն: Այստեղ, ինչպես նշել է Իսկանդարյանը, ապրում էին և ադրբեջանցիներ, և ռուսներ, և հայեր, և հրեաներ, և անգամ քրդեր ու թալիշներ: Քաղաքագետի խոսքով` նման իրավիճակ էր նաև այլ բնակավայրերում: Գյուղական վայրերում նման տարածքներն ավելի քիչ էին, սակայն ողջ Հարավային Կովկասը լի էր ամենատարբեր մշակույթների ներկայացուցիչներով բնակեցված տարածքներով:
Լեռնային Ղարաբաղում հայեր և ադրբեջանցիներ էին ապրում, Աբխազիայում 4 խոշոր համայնքներ կային` աբխազներ, վրացիներ, հայեր և ռուսներ: Բացի այդ, կային նաև հրեաների ու հույների և անգամ 4 էստոնական գյուղեր: Վրաստանում, միգուցե և ոչ միշտ, տասնյակ ազգեր են ապրել: Բացառություն է միայն Հայաստանը, որտեղ տեղի բնակչությունը 90% էր կազմում: Հյուսիսային Կովկասն ավելի բազմերանգ էր: Ոչ ոք չէր զարմանում, երբ մարդ կարողանում էր միաժամանակ երկու, երեք և անգամ չորս լեզուներով խոսել:
Եթե նայենք Կովկասի էթնիկ քարտեզին, ապա ամեն ինչ, կարծես թե, իր տեղում է մնացել: Բայց իրականում ոչինչ նախկինի պես չէ: Որոշակի փուլում միախառնված տարածքների վերաբերյալ կայսերական քաղաքականությունը վերափոխվեց մոնոէթնիկ տարածքներ դառնալու քաղաքականության: Այդ մշակույթը Կովկասի համար բոլորովին անբնական երևույթ էր:
Նոր քաղաքականության առաջին զոհը դարձավ Նախիջևանը` ադրբեջանական ինքնավար շրջանը, որտեղ ժամանակին շատ հայեր էին բնակվում:
«Տարածաշրջանը միայն մեկ մշակույթի ներկայացուցիչներով բնակեցված տարածք դարձնելու նպատակով օգտագործվում են մեզ բոլորիս շատ վաղուց հայտնի մեթոդները: Դրանք վերաբնակեցման «փափուկ ձևերն են», այնպիսին, ինչպիսին է արտաքսումը, պատերազմները, դե իսկ եթե այդ ամենը չի օգնում, ապա սպանությունը»,- Իսկանդարյանի խոսքերն է փոխանցում Georgian Times-ը:
Նախիջևանի հայելին 90-ականներին դարձավ Լեռնային Ղարաբաղը: Այժմ այնտեղ միայն մի ադրբեջանցի և մի քանի ռուսներ են ապրում: Ղարաբաղը 100 տոկոսով հայաբնակ տարածաշրջան է: Այլևս կովկասյան կոլորիտային մեգապոլիսներ չկան:
Մեր օրերում Կովկասում մեծացող մարդիկ արդեն չեն խոսում երեք լեզուներով: «Երբ երիտասարդ էինք, միմյանց ադրբեջանցիների, վրացիների և հայերի մասին անեկդոտներ էինք պատմում: Իսկ այժմ իմ երեխաները կատակում են ապարանցիների, գյումրեցիների կամ երևանցիների մասին, այսինքն նույն հայերից բաղկացած տարբեր խմբերի մասին: Նրանք արդեն չգիտեն, թե ինչ տեսք ունեն ադրբեջանցիները»,- ասել է Իսկանդարյանը: