Բաքվի և Անկարայի միջև վիզային ռեժիմի վերացման մասին Թուրքիայի առաջարկը վերջին պահին չեղյալ հայտարարվեց իրանական ճնշման ազդեցության ներքո: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի վարչակազմի քաղաքական և հասարակական վարչության ղեկավար Ալի Հասանովը:
Բաքվում բարձրաստիճան քաղաքական գործիչը պատմել է Թուրքիայի լրագրողներին, որ Իրանը սպառնացել է փակել Ադրբեջանը Նախիջևանին կապող հատվածը, եթե Ադրբեջանը վերացնի Թուրքիայի հետ վիզային ռեժիմը և նույնը չանի Իրանի պարագայում:
«Մենք որևէ կապ չունենք վիզայի վերաբերյալ Թուրքիայի առաջարկների հետ»,- ասել է Հասանովը` հավելելով, որ, այդուհանդերձ, «Իրանը կտրականապես դեմ էր դրան: Նրանք սպառնում էին արգելափակել Ադրբեջանը Նախիջևանի հետ կապող հատվածը»:
«Եթե մենք որոշենք հրաժարվել վիզաներից, ապա դա պետք է անենք միաժամանակ Թուրքիայի և Իրանի համար: Բայց չեմ կարծում, որ ադրբեջանական կառավարությունը պատրաստ է վիզային ռեժիմից հրաժարվել երկու երկրների դեպքում էլ»,- պարզաբանել է Հասանովը: Նա նշել է, որ առավել մեծ մտահոգության առիթ է ստեղծում իրանական սահմանը, որը, ըստ նրա, թմրանյութերի շրջանառության համար խթան կարող է հանդիսանալ:
«Մոտ 300 տոննա թմրանյութ Իրանից տեղափոխվել է Ադրբեջան` Եվրոպա ուղարկվելու նպատակով: Մենք առգրավել ենք այդ թմրանյութերի ընդամենը 10 տոննան, մինչդեռ մնացած հատվածը չի հայտնաբերվել»,- ասել է նա:
Հասանովը ընդգծել է այն փաստը, որ Ադրբեջանը չի կարող ազատ սահմանների քաղաքականություն վարել Իրանի պես մեծ հարևանի հետ:
«Իրանի անկայուն քաղաքական կյանքը կարող է խթանել մեծ թվով փախստականների հոսքը դեպի Ադրբեջան: Գիտեք, մենք փոքր երկիր ենք, և պետք է մտածենք մեր ազգային անվտանգության մասին»,- բացատրել է նա:
Բացի Հասանովի վկայակոչած հանգամանքներից, պարբերականը մեջբերում է նաև Բաքվում շրջանառվող տարբեր վերլուծաբանների կարծիքներն այս մասին, թե Ադրբեջանը կասկածում է Իրանին Ադրբեջանի արմատական իսլամիստական շարժմանը աջակցություն ցուցաբերելու մեջ: STRATFOR կայքի համաձայն` Իրանը ֆինանսական և քաղաքական աջակցություն է ցուցաբերել Բաքվում պաշտոնապես արգելված իրանամետ Ադրբեջանի Իսլամիստական կուսակցությանը:
Բացի դա, նշվում է նաև, որ Թեհրանը ներկայումս լավ հարաբերություններ ունի Հայաստանի հետ, ինչը նույնպես դժգոհության առիթ է դառնում Ադրբեջանում`անհնարին դարձնելով վիզային ռեժիմի վերացման մասին Իրանի քաղաքացիների պահանջները: