Այսօր ժամը 12:00-ին մեկնարկել է Հայ Ազգային Կոնգրեսի և իշխանական կոալիցիայի պատվիրակությունների երկխոսության երկրորդ հանդիպումը,որից հետո ՀԱԿ-ի մամուլի գրասենյակը տարածել է Կոնգրեսի` իշխանության պատվիրակության հետ բանակցության իր օրակարգը:
ՀԱԿ-ն առաջարկում է Հայաստանում լեգիտիմ իշխանության շուտափույթ ձևավորման նպատակով արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների անցկացման և դրանց ազատության, արդարության և օրինականության ապահովման անհրաժեշտ միջոցառումներ իրականացնել:
ՀԱԿ-ն իր առաջարկի հիմնավորման մեջ ներկայացնում է Հայաստանում ստեղծված քաղաքական և սոցիալ-տնտեսական ճգնաժամի նկարագիրը, մասնավորապես, նշելով, որ «2008 թվականի բռնություններով և հարյուր հազարավոր ձայներով կեղծված նախագահական ընտրությունները, այդ հիման վրա իշխանության ոչ լեգիտիմության իրողության համընդհանուր ճանաչումը, Մարտի 1-ի սպանդը և երեքուկես տարի անց մեղավորների չբացահայտումը հանգեցրել են քաղաքական խորը ճգնաժամի»:
Կոնգրեսը նշում է, որ որպես այդ ամենի հետևանք գործում է ժողովրդի առաջ ոչ հաշվետու և կոռումպացված կառավարություն, շարունակվում է տնտեսական անկումը, սոցիալական վիճակի վատթարացումը, համատարած դժգոհության աճը, բացի դա, աղետալի չափերի է հասել արտագաղթը։
Որպես քաղաքական և սոցիալ-տնտեսական ճգնաժամի հաղթահարման քայլեր՝ Կոնգրեսն առաջարկում է.
1. Հոկտեմբերի կեսերին անցկացնել արտահերթ նախագահական ընտրություններ:
2. Անմիջապես հետո, սահմանված ժամկետների պահպանմամբ, անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ։
3. Նախապես ընդունել ընտրությունների օրինականության ապահովման հետևյալ փաթեթը.
a. Կենտրոնական ընտրական և ստորադաս հանձնաժողովները ձևավորել պետության կողմից, որը ստանձնում է ընտրությունների պատասխանատվությունը` դառնալով ընտրական ողջ գործընթացի օրինականության երաշխավորը:
b. ԱԺ ընտրական համակարգից իսպառ բացառել մեծամասնական ընտրակարգը, և բոլոր 131 տեղերը համալրել համամասնական ընտրակարգով:
c. Առնվազն հնգապատկել Հանրային հեռուստատեսությամբ համապետական ընտրությունների համար նախատեսված անվճար եթերաժամի տևողությունը, հաղորդումները հեռարձակել հիմնականում ժ. 20-24-ին։ Վճարովի եթերի համար վճարը սահմանել ոչ ավելի, քան բիզնես գովազդների համար։
d. Ստորագրված ցուցակները կախել՝ ծանոթանալ ցանկացողների համար մատչելի տեղում, վստահված անձանց և դիտորդներին, ըստ պահանջի, տրամադրել դրանց պատճենները:
e. Ապահովել քաղաքացիական վերահսկողության հնարավորություն զինվորական մասերում կազմվող ընտրողների ցուցակների նկատմամբ: Բազմակի քվեարկումը կանխելու նպատակով զինվորականների ընտրական ցուցակները տրամադրել ԿԸՀ-ին և հնարավորություն ընձեռել այնտեղ գրանցված վստահված անձանց ունենալ այդ ցուցակների ինչպես ամբողջական, այնպես էլ ըստ տեղամասերի տարանջատված թվային տվյալները։
f. Բազմակի քվեարկությունը բացառելու նպատակով քվեարկության մասնակցած անձի ձեռքին թողնել թանաքի կայուն հետք:
g. Բոլոր տեղամասերում և դրանց մուտքի մոտ տեղադրել տեսախցիկներ, որոնք կտեսագրեն քվեարկության, ձայների հաշվարկման եւ արդյունքների ամփոփման ողջ ընթացքը: Վստահված անձի պահանջով տեսագրության պատճենը պետք է տրամադրվի նրան:
h. Ապահովել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ 2000 դիտորդների հրավեր՝ յուրաքանչյուր տեղամասում մեկ արտասահմանյան դիտորդ։
i. Քարոզչության և իրական բազմակարծության ապահովման նպատակով հեռուստատեսության եւ ռադիոյի բնագավառում ստեղծել հեռարձակման արտոնագրերի շնորհման այնպիսի համակարգ, որը քաղաքական դաշտի ողջ ներկապնակին, այդ թվում նաև Հայ ազգային կոնգրեսին թույլ կտա ստանալ հեռարձակման արտոնագիր և օգտվել հավասար հնարավորություններից։