«Ազատության երգերն անազատ երկրում». – այսպես է կոչվում ադրբեջանցի իրավապաշտպանների նախաձեռնած քարոզչական արշավը, որի նպատակն է եկող տարվա մայիսին Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ» երգի մրցույթի կազմակերպիչների, ինչպես նաև ողջ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել երկրում առկա իրավիճակի վրա:
Արշավի նախաձեռնողներն իրենց կոչը տարածել են սոցիալական ցանցերի միջոցով:
Իրավապաշտպան Անար Մամադլին «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում ասել է, որ առկա է միանգամից չորս խնդիր, որոնց վրա իրենք ցանկանում են կենտրոնացնել եվրոպացիների ուշադրությունը:
«Նախևառաջ` մենք ցանկանում ենք, որ բանտերից ազատ արձակվեն բոլոր քաղբանտարկյալները: Երկրորդ մեր պահանջն ուղղված է Հանրային հեռուստատեսությանը, որը պետք է ներկայացնի երկրում առկա կարծիքների բազմազանությունը: Մեր երրորդ պահանջը վերաբերում է սեփականության իրավունքի պարբերաբար արձանագրվող խախտումներին: Եվ, վերջապես, մենք պահանջում ենք, որ դյուրացվի Ադրբեջանում գործող վիզային ռեժիմը. մեր երկիր ժամանող բազմաթիվ օտարերկրացիներ բախվում են այս խնդրին», – նշել է իրավապաշտպանը:
Մեկ այլ հեղինակավոր ադրբեջանցի իրավապաշտպան` Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսի կարծիքով` ազատ երգերի մրցույթ հռչակված «Եվրատեսիլ»-ի անցկացումը մի պետությունում, որտեղ մինչ օրս քաղբանտարկյալներ կան, պարզապես անհնարին է:
«Եվրատեսիլը» զուտ մշակութային իրադարձություն չէ, սա նաև սոցիալ-քաղաքական նշանակություն ունեցող նախաձեռնություն է», – Յունուսի խոսքերն է փոխանցում «Ազատություն» ռադիոկայանը:
Ադրբեջանցի իրավապաշտպանները նաև նշում են, որ երկրի հանրային հեռուստատեսությունը, որը Հեռարձակողների եվրոպական միության անդամ է, չի կատարում այդ կազմակերպության առջև ստանձնած իր գլխավոր պարտավորություններից մեկը` եթերում բազմակարծության ապահովումը:
Երգի մրցույթին ընդառաջ մեկնարկած այս արշավի կազմակերպիչները նշում են, որ պատրաստվում են հանդիպել «Եվրատեսիլ-2012»-ի կազմկոմիտեի անդամների հետ, դրան զուգահեռ հանրային քննարկումներ են կազմակերպելու, կողմնակիցներին էլ կոչ են անում միավորվել սոցիալական ցանցերի միջոցով:
Կոչին Facebook-ի 400 հազար ադրբեջանցի օգտատերերից վերջին մեկ շաբաթում միացել են 120-ը: