Իր 20-ամյակին ընդառաջ ԱՊՀ-ն շքերթների փոխարեն ստիպված կլինի հաշվել հերթական կորուստները: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի ժամանի Դուշանբե` մասնակցելու սեպտեմբերի 2-3-ին նախատեսված ԱՊՀ երկրների գագաթաժողովին: Ենթադրվում է, որ պատճառը Դմիտրի Մեդվեդևի հետ Սոչիում Ղարաբաղի շուրջ ունեցած անհաջող բանակցություններն են, գրում է «Независимая газета»-ն:
Փորձագետներն այս քայլը գնահատում են որպես ազդանշան Մոսկվային, Ռուսաստանը դադարում է հակամարտության կարգավորման հարցում գործընկերների աչքերում միջնորդ լինել: Ավելին` եղբայրական մայրաքաղաքներում նրան մեղադրում են Կրեմլի շահերից բխող տնտեսական և քաղաքական փոխզիջումներ պարտադրելով առևտրային պատերազմների հրահրման մեջ: Նման կարծիք ավելի շատ հնչեցվում է Վրաստանում, Ուկրաինայում, Ադրբեջանում, Մոլդովայում:
«Ալիևի այս քայլը վատ է Ռուսաստանի համար: Այն, որ նա գործընկերների աչքերում կորցնում է միջնորդի կերպարանքը` վերափոխվելով մեկ այլ կերպարանքի` Հայաստանի լոբբիստի: Այն, որ դա անում է հենց Ալիևը` զգույշ և խելացի քաղաքական գործիչ, ցույց է տալիս, թե ինչի են նրան հասցրել: Սա ցավալի փաստ է նաև ԱՊՀ-ի համար, որն իր 20-ամյակը դիմավորում է առանց Վրաստանի»,- նշել է փորձագետ Ալեքսեյ Մալաշենկոն:
Ալիևի քայլն ապացուցում է ԱՊՀ-ի անգործունակությունը: Դա ապացուցում են մշտական առևտրային պատերազմները և դրա շրջանակներում տեղի ունեցող ազգամիջյան հակամարտությունները»,- իրավիճակը պարզաբանել է Մալաշենկոն:
ԱՊՀ երկրների գագաթաժողովին Իլհամ Ալիևի ներկա չգտնվելու մասին տեղեկությունները եկել են երեկ և արդեն մի շարք հարցերի տեղիք են տվել: Դրանցից գլխավորն այն է, որ պաշտոնական Բաքուն, սկզբում հաստատելով Ադրբեջանի նախագահի մասնակցությունը գագաթաժողովին, երեք օր անց փոխել է որոշումը:
Սա առիթ է հանդիսացել ենթադրությունների համար, որ Ալիևը նման քայլի է գնում վերջին շրջանում հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման շուրջ առաջացած խնդիրների պատճառով: Ասում են, որ Բաքուն դժգոհ է միջնորդների դիրքորոշումից, մասնավորապես, Հայաստանի վրա ճնշում գործադրել չցանկանալու հանգամանքից, գրում է թերթը: