Լոս Անջելեսի հայ համայնքում ստորագրահավաք է սկսվել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մուտքը ԱՄՆ տարածք արգելելու պահանջով: Այս մասին «Հայկական ժամանակ» օրաթերթին հայտնել է Լոս Անջելեսում հեռարձակվող «Վարագույր» հայկական հեռուստածրագրի հեղինակ Ռուդիկ Հովսեփյանը:
Վերջինս նշել է, թե լոսանջելեսահայերի կողմից ստորագրված այդ փաստաթուղթը փոխանցվելու է ԱՄՆ պետդեպարտամենտին, պետական կառավարման այլ մարմինների` ընթացք տալու համար:
Այս համատեքստում օրաթերթը Հովսեփյանի հետ զրուցել է ԱՄՆ-ում բնակվող ՀՅԴ ներկայացուցիչների հայտարարության մասին: Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, Լոս Անջելեսում Հայաստանի հյուպատոսությունը նոր շենք է գնել, և սեպտեմբերին լինելու է այդ շենքի բացումը, որին նախատեսվում է նաև Սերժ Սարգսյանի մասնակցությունը: Սակայն Դաշնակցությունը անսպասելի հայտարարություն է արել առ այն, որ ինքը «չի մասնակցի էդ ճաշկերույթին»:
Հեռուստածրագրի հեղինակը բացատրում է այս փաստը Դաշնակցության ամերիկյան կառույցի և Հայաստանում գործող ՀՅԴ բյուրոյի միջև առկա հակասություններով` նշելով, որ այդ հակասությունները սկիզբ են առել 2008 թվականի հոկտեմբերի 4-ից, երբ Սերժ Սարգսյանը մեկնել էր ԱՄՆ` Թուրքիայի հարցով սփյուռքահայերի հետ հանդիպման: Այդ ժամանակ հայ համայնքը «Բեվերլի Հիլզ Հիլթոն» հյուրանոցի դիմաց ակցիա էր անում:
«Մեծ մասը վանկարկում էին «Սերժիկ հեռացիր» , իսկ դաշնակցական մասը ձայն չէր հանում: Ի վերջո ժողովրդի ճնշման ներքո , ՀՅԴ ներկայացուցիչները նույնպես սկսեցին վանկարկել «Սերժիկ հեռացիր»: Ապա Ամերիկայի ՀՅԴ ներկայացուցիչներից մեկը ելույթ ունեցավ և ասաց «Մենք կկտրենք ձեռքը այն ղեկավարի, որը կստորագրի հայ-թուրքական արձանագրությունները»: Եվ էդտեղ մեծ բորբոքում եղավ ՀՅԴ Բյուրոյի և Լոս Անջելեսի կազմակերպության միջև»,-պատմել է Հովսեփյանը:
Նա վստահություն է հայտնում, որ Ամերիկայում գործող դաշնակցականները կոռուպցիոն կապեր չունեն Հայաստանի իշխանությունների հետ, իսկ Հայաստանում գործող դաշնակցականներից ոմանք կոռուպցիոն կապերի մեջ են գործող վարչախմբի հետ: «Հայաստանում Դաշնակցությունն ունի իր օլիգարխները, իր բիզնեսները և հիմնականում սա է նրանց լղոզված դիրքորոշումների պատճառը: Դաշնակցության ԱՄՆ Արևմտյան կառույցը զգալով, որ լոսանջելեսահայության 99,9 տոկոսը խիստ ընդդիմադիր դիրքորոշում ունի Հայաստանում գործող վարչախմբի նկատմամբ, փորձում է նոր մոտեցումներ ցուցաբերել, տարբերվել հայաստանյան Դաշնակցությունից: Սա աննախադեպ բան է. կարող եմ ասել, որ առաջին անգամ է Դաշնակցության տեղի կառույցը հստակ դիրքորոշում արտահայտում ավազակապետության վերաբերյալ»,- ասել է Ռուդիկ Հովսեփյանը: