2012 թվականին ՀՀ կառավարությունը լրացուցիչ օժանդակություն է ակնկալում Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից: Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստին հնչեցրած իր ելույթում հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
«Եթե մենք մեր բարեփոխումների ծրագիրն արագ իրականացնենք, մեզ շատ հեշտ կլինի 2012 թվականի խնդիրները լուծել։ Բայց, իհարկե, լարվածությունը պայմանավորված է հետևյալ հանգամանքով. Արժույթի միջազգային հիմնադրամն արդեն 10 տարուց ավելի է մշտապես մեր առջև դնում է հետևյալ հարցը` պետական բյուջեի միջոցով բարելավել մեր ֆինանսական միջոցների վերաբաշխումը։ ՀՆԱ-ի մեջ պետական բյուջեի ծախսերի և պետական բյուջեի եկամտի հարաբերակցությունը մեզ մոտ ցածր է, և ամեն տարի Արժույթի միջազգային հիմնադրամում տնօրենների խորհուրդն այս հարցը բարձրացնում է։ Եթե Հայաստանի Հանրապետությունը չի ավելացնելու իր բյուջեի միջոցով ֆինանսական միջոցների վերաբաշխման տոկոսը, ապա դոնորները հրաժարվում են մեզ լրացուցիչ ֆինանսավորում տրամադրել, որովհետև այդ ռեսուրսները Հայաստանի Հանրապետությունում առկա են։ Ինչո՞ւ պետք է մենք ֆինանսավորենք (սա է նրանց պնդումը) պետական բյուջեի դեֆիցիտը, եթե այդ ռեսուրսները Հայաստանի Հանրապետությունում կան, և իշխանությունները պարտավոր են այդ ռեսուրսները հավաքել։ Մեկ տարվա մեջ 0.6 տոկոսով հարկեր-ՀՆԱ ցուցանիշը բարձրացնելը լուրջ խնդիր է։ Երբեք այդպիսի բեռ պետությունն իր վրա չի վերցրել։ Մեր միջնաժամկետ ծրագրով միշտ նախատեսվում էր 0.3-0.4 տոկոս։ Այս խնդիրը լուծելու համար է, որ մենք Արժույթի միջազգային հիմնադրամի հետ պատրաստել ենք հարկային փաթեթ, որը ենթադրում է, որ այն ոլորտները և այն եկամուտները, որոնք մենք նախկինում չէինք հարկում, բայց այդ եկամուտները կարելի է հարկել, մենք այդ օրենսդրական փոփոխություններով այդ եկամուտները պետք է բացահայտենք և հարկենք, որպեսզի կարողանանք պետական բյուջեով ավելի շատ ֆինանսական միջոցներ վերաբաշխել», – ասել է Տիգրան Սարգսյանը։
Նա նշել է, որ տվյալ հարցերը քննարկվել են նաև ՀՀ նախագահի հետ, «որովհետև հասկանալի է, որ հարկային փաթեթը, բացի տնտեսականից, ունի նաև քաղաքական բովանդակություն»։
«Շատ եկամուտ` շատ հարկային վճարումներ – սա պետք է լինի մեր սկզբունքը։ Դա նշանակում է, որ հարկային օրենսդրության մեջ փոփոխություն անելու համար պետք է երկու ճանապարհով գնալ, առաջինը` հարկային բազան պետք է ավելացնենք, և երկրորդը` հարկային վարչարարությունը պետք է բարելավենք։
Հարկային վարչարարության բարելավման հնարավորությունները մենք գնահատել ենք 10-15 մլրդ դրամ այն պարագայում, երբ հարկերը 2011 թվականի համեմատ ավելանալու են շուրջ 100 մլրդ դրամով, իսկ սա լուրջ մարտահրավեր է մեզ համար։ Մեզ, առաջին հերթին, պետք է օգնի 4.2 տոկոս համախառն ներքին արդյունքի տնտեսական աճը և ծրագրված 4.6 տոկոս դեֆլյատորը, որը նոմինալ կերպով նոր ստեղծված արժեքն ավելացնում է։ Այդ պարագայում լրացուցիչ 40-50 մլրդ դրամ պետք է հավաքենք, եթե նույնիսկ որևէ հարկային բազայի ռեժիմ չփոխվի, քանի որ նոմինալ այդքան աճ է տեղի ունենալու։
Այնուամենայնիվ, մենք պետք է լրացուցիչ հավաքենք մոտավորապես 60 մլրդ դրամ, որը լուրջ խնդիր է։ Այդ տեսակետից հանձնարարական է տրված բոլոր նախարարներին` ամբողջությամբ տիրապետել իրենց ոլորտների հարկային բազային։ Սա լինելու է նրանց անձնական պատասխանատվության խնդիրը 2012 թվականի ընթացքում», – ասել է ՀՀ վարչապետը:
Նա նշել է, որ ստացված լրացուցիչ ֆինանսավորումը հնարավորություն է տալու ավելացնել սոցիալական ծախսերը` առաջին հերթին թոշակները, երկրորդ հերթին` սոցիալական նպաստները։ Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ իրականացնելու է աշխատավարձի բարեփոխում։ Քաղծառայողներին տրամադրելու ենք սոցիալական ապահովության փաթեթ։
«Նրանք հնարավորություն են ունենալու 2012 թ. օգտվել այդ փաթեթից, մասնավորապես, իրականացնել հիփոթեքային վարկերի տոկոսների մարման վճարում, ապահովագրական փոլիսների միջոցով իրականացնել իրենց առողջական խնդիրների լուծման ծախսերի փակում, մասնավորապես, միջին հաշվով չորս անդամից բաղկացած ընտանիքը պետության կողմից այդ փոլիսի շնորհիվ ամբողջությամբ ստանալու է անվճար բուժսպասարկում։ Եվ երրորդը, նրանք հնարավորություն են ունենալու իրենց ընտանիքի ուսանողների ուսման վարձերը վճարել այդ միջոցների հաշվին։ Հասկանալի է, որ սա սոցիալական ուղղվածություն ունեցող փաթեթ է, և առաջին հերթին այս փաթեթից շահելու են ցածր եկամուտ ունեցող քաղծառայողները, քանի որ փաթեթը հավասարաչափ է տրամադրվելու նրանց», – ասել է վարչապետը։