Ներկայումս նկատելի է, որ հայաստանյան ներքաղաքական գործընթացները դուրս են գալիս բավական երկրար ժամանակ գտնվող ճահճացած վիճակից և շարժվում են անորոշ ուղությամբ: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է ՌԱՀՀԿ փորձագետ, քաղաքագետ Էդգար Վարդանյանը:
«Մի կողմից՝ մոտենում են հերթական ընտրությունները և քաղաքական ուժերը այս կամ այն կերպով նախապատրաստվում են դրանց: Իսկ քանի որ երկրում առկա է ծանր սոցիալ-տնտեսական վիճակ, ինչպես նաև հասարակության մի հսկայական հատված շարունակում է դնել իշխանությունների լեգիտիմության խնդիրը, այդ իսկ պատճառով որևէ քիչ թե շատ ռեսուրս ունեցող քաղաքական ուժ անկարող է շրջանցել այդ հարցերը: Եվ այդպիսի ուժերը նորից դիմում են և դիմելու են հասարակությանը, և մեծ ջանքեր թափելու միջոցով փոձելու են համոզել նրան, որ հենց իրենք են վերոնշյալ խնդիրների լուծմանը ունակ միակ ուժը», – ասել է Վարդանյանը:
Նրա խոսքով՝ մյուս կողմից էլ՝ ընդդիմադիր տարբեր միավորումների պոտենցիալ ռադիկալ գործողությունների հնարավորությունը և ներկայումս կոնկրետ ՀԱԿ-ի հանրահավաքային ակտիվացումը մեծ ազդեցություն է թողնում ներքաղաքական կոնֆիգուրացիայի ձևավորման վրա, և իշխանություններն այս իրողությունը չեն կարող հաշվի չառնել:
«Դիտարկումները ցույց են տալիս, որ այսօր նրանք հակված են ինչ-որ զիջումների գնալ՝ նպատակ ունենալով որոշակիորեն հանգստացնել դժգոհ հանրությունը ու նաև մեղմել միջազգային հանրության խիստ վերաբերմունքն իրենց նկատմամբ: Հավանաբար, իշխանություններն ակնկալում են, որ Արևմուտքի կողմից իրենց նկատմամբ վերաբերմունքի փոփոխության արդյունքում նրանք կարող են ռեժիմի գոյատևման համար շատ անհրաժեշտ ֆինանսական միջոցներ ստանալ վարկերի, գրանտների, ներդրումների տեսքով», – ասել է փորձագետը:
Այնուամենայնիվ, Վարդանյանը նշել է, որ այսօր պարզ չէ, թե ինչ ծավալի և բնույթի զիջումների կարող են գնալ իշխանությունները:
«ՀԱԿ առաջնորդի սեպտեմբերի 30-ի հանրահավաքի ելույթի հռետորաբանությունը (մեղմ վերաբերմունք Արևմուտքի նկատմամբ) ցույց է տալիս, որ Կոնգրեսը, իր հերթին, սպասելիքներ ունի միջազգային հանրությունից առ այն, որ վերջինս կուժեղացնի ճնշումը իշխանությունների վրա: Սակայն, հավանաբար, տեսնելով, որ, մի կողմից, դեռևս չկա հաղթանակի համար անհրաժեշտ չափերի հասած հասարակության մոբիլիզացիա, մյուս կողմից էլ, որ Արևմուտքն առայժմ հակված է աշխատել Սարգսյանի ռեժիմի հետ և հենց այնպես մեծ ճնշումներ չի գործադրի նրա նկատմամբ, ՀԱԿ-ը շուրջօրյա հանրահավաքներ կազմակերպելու հետ զուգահեռ մեղմում է իր դիրքորոշումը մի կարևոր խնդրի՝ երկխոսության պայմանների վերաբերյալ: ՀԱԿ-ը գնում է երկխոսության, այն դեպքում, երբ, ըստ իր կարծիքի, երկրում քաղբանտարկյալ կա: Այն դեպքում, երբ իշխանությունները այդպես էլ չհամաձայնվեցին բանակցել արտահերթ ընտրությունների շուրջ, ինչը եղել է ՀԱԿ-ի պայմանը, այն դեպքում, երբ հենց Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ երկխոսության ընթացքում, հասկանալի դարձավ, որ իշխանությունը պատրաստ չէ որևէ լուրջ փոխզիջման», – նշել է Վարդանյանը:
Հաշվի առնելով վերոնշյալը՝ քաղաքագետը կարծիք է հայտնել, որ հետագա զարգացումները մեծապես կախված են հոկտեմբերի 6-ին Հայաստան կատարվելիք Սարկոզիի այցից:
«Իհարկե, հետագա զարգացումների ուղությունը որոշելու առումով մեծ դեր ունի նաև ժողովրդի մոբիլիզացիայի աստիճանը: Հարկ եմ համարում նշել նաև, որ ՀԱԿ-ի շուրջօրյա հանրահավաքներից վերստին ոգևորված ընդդիմադիրները, հատկապես՝ երիտասարդները, արդյունքում կարող են ավելի պահանջատեր դառնալ ՀԱԿ ղեկավարության նկատմամբ և ավելի անզիջում դիրքեր գրավել:
Քոչարյանի հնարավոր վերադարձը մեծ քաղաքականություն, կամ նույնիսկ վերադարձի սպասելիքն ինքնին կարող է ազդել ինչպես ներկայիս իշխանությունների, այնպես էլ ՀԱԿ-ի գործելակերպի վրա: Սեփական դիրքերի թուլացման, կամ նույնիսկ դիրքերի կորստի վախը, կարող է դրդել նրանց ավելի ակտիվ և կտրուկ գործողություններ կատարելուն: Դա կարող է ՀԱԿ-ին և ներկայիս իշխանություններին սիտուացիոն, ժամանակավոր, հեռակա դաշնակիցներ դարձնել, սակայն այն դեպքում, երբ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի մերձեցման միտումներ գրանցվեն, դա կարող է նաև ակտիվացնել ընդդիմադիր հասարակությունը, այդ թվում՝ ՀԱԿ-ին՝ դրդելով նրան անզիջում և կոշտ պայքարի», – ասել է Վարդանյանը: