Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը որոշել է օգնել ադրբեջանական ընդդիմությանը: Այս մասին գրել է ադրբեջանական «Պոլիգոն» պարբերականը` հղում կատարելով թուրքական «վերնախավում» իրենց աղբյուրներին: Ավելի վաղ ընդդիմությանը սատարելու մասին հայտարարել էին Թուրքիայի Ազգային հանրապետական և ազգայնական շարժման ուլտրաաջ կուսակցությունները: «Սակայն, եթե թուրքական ընդդիմության կողմից ադրբեջանական ընդդիմությանը աջակցելը կարելի է բացատրել փոխադարձ համերաշխությամբ, ապա պաշտոնական Անկարայի ծրագրերը կարծես կայծակ էին անամպ երկնքում»,- գրում է «Նեզավիսիմայա գազետան»:
«Իսկ Թուրքիան ո՞ւմ կարող է օգնել, եթե անգամ պատրաստվում է դա անել: Իլհամ Ալիևը լուրջ հակառակորդներ չունի: Ինչպես նաև լուրջ պատճառներ, որոնց համար Անկարան, որն առանց այդ էլ մեջտեղից կիսվում է հնարավոր բոլոր քաղաքական ուղղություններով, կսկսեր ինչ-որ բան սադրել Ադրբեջանում: Ցանկացած ճնշում կփոխակերպվի նրան, որ Ալիևը կսկսի փնտրել և, կարելի է ենթադրել, աջակցություն կգտնի Ռուսաստանի կողմից: Կամ թեկուզ ԱՄՆ-ից, որոնք, չնայած Ադրբեջանում առկա խնդիրներին, այնուամենայնիվ, բավական ամուր հիմքեր ունեն, և Թուրքիայի ներկայիս ակտիվությունը միջազգային թատերաբեմում այնքան էլ չի ուրախացնում նրանց»,- «ՆԳ»-ի հետ զրույցում ասել է Կարնեգիի անվան մոսկովյան կենտրոնի պրոֆեսոր Ալեքսեյ Մալաշենկոն: Նրա կարծիքով` դժվար թե արժե մտածել այն մասին, որ Անկարան ցանկանում է Բաքվում իրեն ավելի հավատարիմ ռեժիմ տեսնել իր իշխանատենչ նպատակների իրականացման համար. «Միևնույն է, նրա ճանապարհին Ռուսաստանն է կանգնած լինելու, առնվազն մինչև այն պահը, քանի դեռ այն Հարավային Կովկասում Հայաստան ունի»: «Եթե անգամ թուրքական վերնախավում Ադրբեջանի ընդդիմությանն օգնելու վերաբերյալ ծրագրեր գոյություն ունեն, ապա դրանց իրականացումը նախատեսված չէ այսօրվա համար: Չեմ բացառում, որ Կովկասում իրադարձությունները կարող են հյուսիսաֆրիկյան սցենարով ընթանալ, բայց ե՞րբ: Մեկ, երկու, երեք տարի, ոչ ոք չի կարող ասել»,-հայտարարել է Մալաշենկոն:
Ադրբեջանի ընդդիմադիր շրջաններում լուրը չեն մեկնաբանել: Միայն կուսակցություններից մեկի առաջնորդը, ով չի ցանկացել ներկայանալ, «ՆԳ»-ին ասել է, որ իրենք ստուգում են այդ տեղեկատվության ճշմարտացիությունը, սակայն «չհավատալու հիմք դեռևս չկա, քանի որ Թուրքիան չի կարող չհասկանալ Բաքվի ռեժիմի հակաժողովրդավարական բնույթը»: