ՀՀ կառավարության այսօրվա նիստի սկզբում ՀՀ վարաչպետ Տիգրան Սարգսյանը խոսել է տնտեսական մրցակցության խնդրից, որը, ըստ վարաչպետի, էական նշանակություն է ունենալու 2012 թվականի պետական բյուջեի ցուցանիշները կատարելու տեսանկյունից։ Նա խնդրել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին ներկայացնել իրավիճակը մրցակցային դաշտում:
«Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը 2011 թ.վականի առաջին 9 ամիսների ընթացքում ուսումնասիրել է 13 ապրանքային շուկաներ։ Այդ շուկաների ընտրությունը պայմանավորված է եղել նրանով, որ այդ շուկաներում առկա է կենտրոնացվածության բարձր աստիճան։ Մասնավորապես, 13 շուկաներից 12-ը բարձր կենտրոնացվածության շուկաներ են, և ընդամենը 1 շուկան միջին կենտրոնացվածության շուկա է, այսինքն` սրանք այն շուկաներն են, որտեղ առկա են գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտներ», – ասել է Շաբոյանը։
Նա ընդգծել է այդ շուկաներն են, մասնավորապես, ձվի, սուրճի, կարագի, ինչպես նաև ցեմենտ, գաջ, տարբեր տեսակի շինանյութեր, ինչպես նաև պարարտանյութեր։
«2011 թվականի ընթացքում մեր հանձնաժողովի աշխատանքային գործունեության հիմնական առանձնահատկությունը եղել է այն, որ այս տարվա 9 ամիսների ընթացքում մեզ հաջողվել է բացահայտել բազմաթիվ խնդիրներ։ Այն ոլորտները, որտեղ առկա են եղել չարաշահման փաստեր, այդ խնդիրների չարաշահումների ուղղությամբ հարուցվել են վարչական վարույթներ, և դրանց արդյունքում կայացվել են համապատասխան որոշումներ։ Այսպես` 2011 թվականի առաջին 9 ամիսների կտրվածքով մեր հանձնաժողովի կողմից պատասխանատվության միջոցների կիրառման վերաբերյալ կայացվել է 86 որոշում այն դեպքում, երբ նախորդ տարիներին այդ թիվը չէր գերազանցում 30-ը։ Ինչ վերաբերում է ֆինանսական տուգանքների բացարձակ մեծություններին, ապա միայն 2011 թվականի առաջին 9 ամիսների կտրվածքով տնտեսվարող սուբյեկտները հակամրցակցային գործողությունների համար տուգանվել են մոտ 230 մլն դրամի չափով` 2010 թ.վականի 37 մլն դրամի, 2009 թվականի 10 մլն դրամի և 2008 թ.վականի 9 մլն դրամի համեմատ։ Իհարկե, կարևոր նշանակություն ունի նշանակված ֆինանսական տուգանքներից գանձումների չափը, թե ինչ չափով ենք մենք այդ ֆինանսական տուգանքները գանձել։ Այս ամսվա վերջի դրությամբ գանձումների չափը կկազմի մոտ 150 միլիոն դրամ՝ նախորդ տարվա 20 միլիոնի համեմատ», – պատմել է Շաբոյանը։