«Հայկական ժամանակ» օրաթերթը զրուցել է 1991-95թթ. ՀՀ Պաշտպանության փոխնախարար Անդրանիկ Քոչարյանի հետ, ով իր տեսակետն է ներկայացրել հայկական բանակում հաճախ գրանցվող մահվան դեպքերի, ինչպես նաև բանակի ընդհանուր վիճակի մասին
– Մենք գրեթե ամեն օր կամ ամեն շաբաթ բանակից նոր մահվան լուր ենք լսում, ձեր կարծիքով, ի՞նչ է ընդհանրապես կատարվում բանակում։
– Բանակը երբեք ապահովագրված չի եղել դժբախտ պատահարներից, բայց այն, ինչ տեղի Է ունենում վերջին 2-3 տարվա ընթացքում, արդեն խրոնիկ բնույթ է կրում և խոսում է բանակում տիրող համակարգային բարոյահոգեբանական մթնոլորտի մասին։ Դա նշանակում է, որ բանակում զինվորին դրդում են ինքնասպանության կամ սպանում են։ Եվ ամեն մի հանցագործությունից հետո բանակը կորցնում է ոչ միայն սպանված զինվորին, այլ նաև այն մարդկանց, որ հետագայում մեղադրվում են մահվան համար։ Իսկ ամեն մի կորուստը իր հետևից բերում է բանակի թուլացմանը, մարտունակության անկմանը։
– Ի՞նչ է պետք անել՝ կանխելու համար այս պրոցեսը, ոմանք պահանջում են գլխավոր գերագույն հրամանատարի հրաժարականը, ոմանք՝ պաշտպանության նախարարի, պիտի կադրե՞ր փոխվեն։
– Երբ պահանջում են գերագույն գլխավոր հրամանատարի հրաժարականը, նշանակում է, շատ լավ գիտակցում Են, որ համար մեկ պատասխանատուն, որը մինչ այս պահը որևէ միջոց չի գործադրել նման երևույթները կանխելու համար, գերագույն գլխավոր հրամանատարն է։ Այն մարդիկ էլ, որ պահանջում են պաշտպանության նախարարի հրաժարականը, տեսնում են, որ նա էլ որևէ քայլ չի անում այս երևույթները կանխելու համար: Այս սպանությունները արդյունք են նաև ոչ կանոնակարգային հարաբերությունների։ Հանցավոր աշխարհին բնորոշ հարաբերությունները խորը արմատներ են գցել բանակում։ Եթե նախկինում «Եղնիկներ» զորամասը պաշտպանում էր Արցախի հյուսիսային սահմանները, այսօր դարձել է բորենիների զորամաս։ Անընդհատ մարդիկ կամ բռնաբարվում են, կամ ինքնասպանություն են գործում։ Նշանակում է, այդտեղ շատ լուրջ պրոբլեմ կա, նշանակում է, այդ զորամասը պետք է լուծարվի և նրա փոխարեն ձևավորվի մեկ այլ զորամաս՝ այլ հրամանատարական կազմով։ Վերջին հաշվով, այս ամենն արդյունք է նաև կոռուպցիայի, նաև նրա, որ բանակը տարիներ շարունակ ներքաշեցին ներքաղաքական պրոցեսների մեջ։ Հրամանատարական կազմը, որ շատ մեծ ավանդ ուներ մեր հաղթանակների մեջ, ավելի շատ զբաղված Է իր անձնական խնդիրներով։