Home / Հայաստան / Նավթային փողերն ու բռնապետ Ալիևը. Հայտնի պարբերականը` Ադրբեջանի մասին

Նավթային փողերն ու բռնապետ Ալիևը. Հայտնի պարբերականը` Ադրբեջանի մասին

Փորձիր քայլել Կասպից ծովի ափով Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում և նավթի հոտը կզգաս օդում: Կարող ես անգամ տեսնել այն, կամ ավելի ճիշտ դրա հետևանքները. լայն ափով մեկ տարածվող մարմարե ճաղաշարքերում, լուսավորված շատրվաններում, Tiffany և Gucci բուտիկներում, աշխարհի ամենաբարձր  պատվանդանով դրոշի մեջ, որը ծածանվում է հաջորդ տարվա Եվրատեսիլի համար կառուցվող համերգասրահի տեսարանի ֆոնին: Այսպես է բնորոշում Բաքուն բրիտանական The Economist պարբերականը` Ադրբեջանի տնտեսական իրավիճակին նվիրված հոդվածում:

«2006 թվականին գործարկված նավթատար խողովակը խորհրդային չսիրված քաղաքը հիանալի մայրաքաղաք է դարձրել, որտեղից հաճախ հարկադրաբար վտարում են տեղաբնակներին: Նավթային փողերը բռնապետական և կոռումպացված քաղաքական համակարգ են ստեղծել, որը կայուն է փոփոխությունների նկատամամբ», – գրում է պարբերականը:

The Economist-ը նշում է, որ ներկայիս նախագահ Իլհամ Ալիևը, ով հորից ժառանգել է իշխանությունը, ժամանակին համարվում էր Մոսկվայում կրթված «ոսկե երիտասարդության» ներկայացուցիչ, ում հատուկ չէին հոր ունակությունները:

«Բայց վերջին տարիներին նա կենտրոնացրել է իշխանությունը, ճնշել ընդդիմությանը, հեռացրել իր հակառակորդներին և վերացրել է նախագահ ընտրվելու ժամկետները:

Մարտին մի քանի հարյուր ցուցարարներ դուրս եկան փողոցներ, սակայն ոստիկանները ցրեցին ցույցը, նրանցից 14 հոգի դեռևս բանտում են:

Արևմուտքը ոչ ցանկություն, ոչ էլ իշխանություն ունի Ադրբեջանին քննադատելու համար: Ամերիկան օգտվում է դեպի Աֆղանստան տանող կենսական կարևորություն ունեցող ճանապարհից: Իսկ Եվրոպայի համար այն ոչ ռուսական գազի կարևոր աղբյուր է», – ասված է հոդվածում:

Պարբերականը նշում է նաև, որ  գազն ու աշխարհագրական դիրքն Ադրբեջանին միջազգային ազդեցություն են տվել, իսկ նավթն էլ ապահովում է ռեժիմի իշխանությանը մնալը:

The Economist-ը ընդգծում է այն փաստը, որ երկրի տնտեսության մեծ մասը ստվերային է:

Մեջբերելով Ադրբեջանի պետական ծառայողներից մեկի խոսքերը` պարբերականը գրում է.

«Ադրբեջանում բոլորը երկու աշխատավարձ են ստանում`պաշտոնական և ոչ պաշտոնական` ծրարի մեջ դրված: Կառավարությունը վերահսկում է բոլոր ոչ պաշտոնական վճարումները: «Գողանալը հանցագործություն չէ», – ասել է նա: «Հանցագործությունը գողանալն ու այդ մասին չհաղորդելն է»»:

Նավթային փողերը զարգացման պատրանք են ստեղծում, բայց ոչ աշխատատեղեր: Եվ թեև նավթի արդյունաբերությունը աշխատում է և երկիրն էլ դեռևս փողի պակասություն չի զգում, այդուհանդերձ, այն բարեփոխումների կարիք ունի, որպեսզի զարգանա: Չնայած այս պահին կառավարութփյունը չափազանց շատ է  թունավորված  նավթի հոտով, որպեսզի կարողանա մտածել ապագայի մասին»,-եզրափակում է պարբերականը: