Երևանում Ռուսական ֆիլմերի փառատոնին նվիրված մամուլի ասուլիսը սկսվել է լրագրողներին հաճելիորեն զարմացրած լուրով. Մոսկվայի տանը դեկտեմբերի 10-ից 14-ը կայանալիք կինոշաբաթի շրջանակներում ֆիլմերի ցուցադրություններն անվճար են լինելու:
Տեղի լրագրողների հետ զրույցը ջերմ և մտերմիկ ստացվեց: Դերասանները պատմում էին իրենց աշխատանքի մասին, կիսվում էին Հայաստան կատարած այցերի փորձով:
Ռեժիսոր Մարիա Մախանկոն առաջին անգամ է Հայաստանում: Նրա «Տղամարդկային կանացի խաղ» ֆիլմը նույնպես ներկայացված է երևանյան կինոշաբաթին: «Ֆիլմը նախատեսված է ընտանեկան դիտման համար: Այն սպորտի, կանանց ֆուտբոլի մասին է: Բայց իրականում կանանց ֆուտբոլը այդ ֆիլմի միայն արտաքին շերտն է, պետք է մի փոքր ավելի խորը նայել, որովհետև այն նախևառաջ սիրո և ընկերության մասին է, այն մասին, որ բարին միշտ հաղթում է չարին»:
Իսկ Ռուսաստանի վաստակավոր արտիստուհի Մարինա Յակովլևայի համար այս այցը թվով երրորդն էր: Առաջին անգամ նա Հայաստան էր այցելել 31 տարի առաջ, երբ ռեժիսոր Աղաբաբովը հաստատել էր նրա մասնակցությունն իր ֆիլմում: Այդ այցը դերասանուհու հիշողության մեջ մնացել է որպես «դրամատիկ» հանգամանքներով լի ճամփորդություն: «Ես երրորդ կուրսի ուսանողուհի էի, մենք պարի քննություն էինք հանձնում: Ես նրան (ռեժիսորին) ասում եմ. «վաղը քննություն ունեմ»: Նա ասում է` ոչինչ, կժամանես, իսկ մենք քեզ հետ կուղարկենք: Եվ ինքնաթիռը չթռավ, ինքնաթիռ չկար: Եվ ես ուշացա, ստիպված եղա խաբել պարի դասախոսին, ասացի, որ ոտքս էի ոլորել, իսկ ինքս Հայաստանում էի, չէի կարող մեկնել»,- ծիծաղելով պատմել է դերասանուհին:
Դեռ վաղուց հայ ռեժիսորի հետ սկսել է աշխատել նաև ՌԴ վաստակավոր արտիստ Տիմոֆեյ Ֆյոդորովը: Մանուկ հասակում նա Ռուբեն Մուրադյանի «Ճանապարհ դեպի կյանքի եզր» ֆիլմում գլխավոր դերն է ստանձնել: Իր «Յունկերներ» ֆիլմի մասին արտիստը խոստացել է ֆիլմի դիտումից հետո պատմել:
Ռեժիսոր Իգոր Չերնիցկու «Յունկերներ» ֆիլմը նկարահանվել է Ալեքսանդր Կուպրինի վեպի մոտիվներով և լի է «Ռուսաստանի հանդեպ նոստալգիայով, քանի որ հեղինակը գրել է այն Փարիզում»:
«Ֆիլմը լի է Ռուսաստանի, հզոր Ռուսաստանի, առաջին սիրո, սպայական հպարտության նոստալգիայով: Յունկերներ բառը ինձ մոտ ասոցացվում է ռուսական երիտասարդություն բառի հետ: Ինձ համար յունկերներ են նաև նրանք, ովքեր 41 թվականին ագրեսորի գնդակից ընկան, նրանք, ովքեր մահացել են Աֆղանստանում, և նրանք, ովքեր մահացել են Չեչնիայում: Այն տղաները, ովքեր քաղաքական գործիչների մեղքերի համար են վճարում և պաշտպանում են իրենց հայրենիքը»,-հայտարարել է հեղինակը:
Ռեժիսորը ոչ մի պարգև չունի, և նրա համար կարևոր է Երևանում ռուսաստանյան կինոյի շաբաթը, քանի որ «ապագան աղոտ է, և միայն այսպիսի շաբաթն է այն զգացողությունն արթնացնում, որ ուրախ են քեզ տեսնել, որ ցանկանում են տեսնել քո ֆիլմը»:
Ճանապարհորդության տպավորությունները Չերնիցկու մոտ սկսվել են արդեն ինքնաթիռից: «Մեզ հետ Մարգարիտա անունով մի շատ գեղեցիկ կին էր թռչում, մենք շփվում էինք: Եվ ուղեկցորդուհիներն էլ գեղեցիկ, հաճելի աղջիկներ էին: Ես անմիջապես ինքնաթիռում զգացի, որ մենք Հայաստան ենք մեկնում, որ մեզ սպասում են»:
Բոլոր ցուցադրությունները տեղի կունենան Մոսկվայի տան Կինոհամերգային սրահում: Դիտումների մուտքն ազատ է: Հավելյալ տեղեկություններ կարելի է ստանալ 510 220 համարով:
Փառատոնին տարբեր ժանրերի ֆիլմեր ներկայացված կլինեն:
Ընտանեկան կոմեդիա «Տղամարդկային կանացի խաղ», ռեժ. Մ. Մախանկո
Պատմական դրամա «Կայսրության աստղը», ռեժ. Ե. Սոկոլովը
Պատմական դրամա «Յունկերները», ռեժ. Ի.Չերնիցկի
Մելոդրամա «Իմ հայր Բարիշնիկովը», ռեժիսորներ Դ. Պովոլոցկի, Մ. Դրուգոյ
Մելոդրամա «Չեմ ասի», ռեժ. Ի.Կոպիլով