Այս տարի Նոր տարուն չի լինի այն հերթական աժիոտաժը, ինչին ականատես եղանք նախորդ տարի: Անցյալ տարվա արտակարգ ու անընդունելի վիճակի համեմատությամբ այս տարի գնաճն ավելի մեղմ կլինի: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Սպառողների շահերի պաշտպան Արմեն Պողոսյանը:
Ըստ նրա՝ մոտավոր տվյալներով Ամանորի նախաշեմին գները կաճեն 7-10%-ով: Արդեն էապես թանկացել են թռչնամիսը, տավարի միսը:
«Յուրաքանչյուր շուկա ունի իր առանձնահատկությունները. ասենք, մսի շուկայի պարագայում վերահսկողություն սահմանելը բավական դժվար է: Այս հարցի լուծմանը կնպաստեն սպանդանոցները, որոնք էլ կապահովեն թարմ ու անվտանգ միս», – ասել Պողոսյանը:
Նրա խոսքով՝ եղած երկու խնդիրներից են մենաշնորհի դեմ պայքարն ու գների կայունացումը, որոնք պետական մարմինների կողմից դիտվում են որպես առանձին ճյուղեր, այնինչ սրանք նույն խնդրի տարբեր թևերն են և սերտորեն կապված են:
«Հայաստանում պետական կարգավիճակով հանդես եկող Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) միակն է, որին տրված են համապատասխան պատասխանատվությունն ու լիազորությունները, որից էլ ակնկալվում են շուկայի գների կարգավորումները»,- նկատել է Պողոսյանը:
Բանախոսի հավաստմամբ՝ բոլորս գիտենք, թե Հայաստանում ինչ վիճակում են գտնվում մենաշնորհները:
«Կան ձեռնարկություններ, որոնք վերահսկում են շուկայի 70-90%-ը: Ցանկացած թանկացում կամ էժանացում պետք է տնտեսապես հիմնավորված լինի: Ինչ վերաբերում է պատժին, ապա պատիժն էլ պետք է ժամանակին լինի, այլ ոչ ժամանակավրեպ», – նշել է նա:
Արմեն Պողոսյանի խոսքով` թեև սննդամթերքի շուկայում նախորդ տարիների համեմատ առաջընթաց է արձանագրվել, ինչն արտահայտվում է մակնշմամբ, այնուամենայնիվ վիճակը հեռու է բավարար լինելուց:
«Անվտանգությունից ելնելով՝ կարող եմ ասել, որ ցանկացած տեսակի սննդամթերք ձեռք բերելուց պարտադիր պետք է ստուգել պիտանելիության ժամկետը և խախտումների դեպքում անպայման բարձրաձայնել», – խորհուրդ է տվել Սպառողների շահերի պաշտպանը:
«Շատ հաճախ մակնշումը լինում է անընթեռնելի կամ ծածկված տարբեր գրառումներով, ինչն էլ շփոթության մեջ է գցում սպառողին: Որպես օրինակ կարող եմ նշել «Սորինի» ֆիրմային կոնֆետների տուփերի վրա անընդհատ թարմացվող ժամկետները: Այլ բան է շաքարավազի մեջ ակնհայտ խոնավության գերազանցված տոկոսը, հացի մեջ առկա օդի 20-30%-ը կամ սուրճի մեջ կոֆեինի պակասը, որոնք ըստ նրա, թեև առողջությանը չեն սպառնում, սակայն մեծ վնաս են հասցնում սպառողի գրպանին: Գալիք տարեսկզբից պատժամիջոցներ կկիրառվեն նաև այս և նման մի շարք խախտումների համար»,-ասել է Պողոսյանը: