Մենք մի դարաշրջանում ենք, որը չգիտենք` ինչ է. բոլոր նորմերը, սկզբունքները, որոնք գործում էին մինչև 20-րդ դարի 80-ական թվականները, արդեն վավեր չեն, իսկ ձևավորվող նորերը՝ դեռ ինստիտուալացված չեն, չեն դարձել հանրահայտ ու ճանաչելի: Արևելագետ, մեթոդաբան Դավիթ Հովհաննիսյանն այսպես է սկսել իր «Էլեկտրոնային հաղորդակցման միջոցները և հասարակության համակարգերի փոփոխումը» զեկույցը «Փոքր Խորհուրդ» հասարակական-քաղաքական խմբի նիստի ժամանակ:
«Ժամանակակից աշխարհում ամեն կետը մյուս կետի համար վայրկյանապես հասանելի է, այսինքն՝ փոխվել են քաղաքակրթության ֆունդամենտալ ասպեկտները՝ ժամանակն ու տարածությունը, ժամանակն ընդլայնվել է, իսկ տարածությունը՝ սեղմվել: Այժմ մեր աչքի առաջ մահանում է գրքի աշխարհը, մահանում է փիլիսոփայությունը, ձևավորվում, կազմվում են քաղաքակրթության նոր հիմքեր: Այդ հիմնական հասկացություններից մեկը դառնում է «ցանց, ցանցային կառույց» եզրը: Աշխարհում մենք տեսնում ենք, առաջին հերթին, պետության ու ցանցերի համակարգային պայքարը, շատ կոշտ: Մարդը ցանցում բացարձակապես ազատ է, ինքը` ցանցը, բացարձակապես ազատ կառույց է, որտեղ որ յուրաքանչյուրը կարող է կազմել, կամ դառնալ ցանցի հանգույց, իսկ ցանկացած հանգույցը ստեղծում է նոր ենթահամակարգեր: Սուբյեկտը ցանցում ապրում է ցանցային տատանում՝ հանգույցից հանգույց տեղափոխում», – ասել է Դավիթ Հովհաննիսյանը:
Բանախոսն առանձնացրել է ցանցային կառույցների 3 տիպ՝ ցանցեր, որոնք ունեն տեքստ /գաղափարական կամ կրոնական բնույթի/, ցանցեր, որոնք ունեն միայն կենտրոն, ու ցանցեր, որոնք ունեն և տեքստ, և կենտրոն: Ամենակայունն ու ազդեցիկն այդ վերջին տեսակն է: Այժմ ցանցային կառույցներն իրենց տիրապետության տակ ստացան այնպիսի հզոր գործիք, ինչպիսին է համացանցը, որը թույլ է տալիս ապահովել տեղի, ժամանակի ու գործողության դասական միասնությունը: Համացանցը նպաստավոր եղավ առաջին հերթին նրանց, ովքեր ունեին նախօրոք կազմակերպված տեքստ: Ցանցերում առաջացող տեղեկատվական, «քաղաքաքակրթական հողմը» լարման դաշտեր է ստեղծում, որոնց մեջ գտնվելն այժմ ավելի կարևոր է, քան տարածության մեջ: Պետության ու ցանցի բախումը դա հենց կոնֆլիկտն է տարածության մեջ գտնվող իշխանության, հեղինակության, գործողության և վիրտուալ աշխարհում ստեղծվող նոր տիպի սուբյեկտների միջև: Քանի որ ժամանակակից աշխարհի իրադարձությունները մասամբ առաջանում են ցանցի մեջ, մասամբ՝ հեռարձակվում նրա միջոցով, առաջանում է պետության էֆեկտիվության ճակատագրական անկում, պետությունը չի հասցնում դրանց բանականորեն արձագանքել, այսինքն՝ չի հասցնում գործի դնել իր նորմալ բյուրոկրատական գործընթացը:
«Բայց որոշումը պետք է ընդունվի, և հապճեպորեն ընդունվում է, շրջանցելով защита от дурака պատմականորեն կայացած համակարգերը, դրա հետևանքն են ճգնաժամները բոլոր ոլորտներում: Որտեղ նայես այժմ՝ բոլոր իշխանությունները վատն են, ոչ մի խելքը գլխին ղեկավար չկա», – ասել է Հովհաննիսյանը:
Որպես տվյալ իրավիճակի բանական լուծում Հովհաննիսյանն առաջարկում է ցանցերին պետական ֆունկցիաներով օժտելը, ցանցապետության կայացումը, քանի որ ցանցերն ազատ են ճիշտ, ադեկվատ, ժամանակին որոշումներ կայացնել: Պետությունը դասական իմաստով մնում է այս դեպքում հեղինակություն ապահովողը, ցանցապետության որոշումները վավերացնողը:
«Ես կարծում եմ, որ մենք` Հայաստանը, պետք է փորձենք ճամփան կտրել ու ընկնել առաջ, քանի որ այժմ դեռ հակված ենք կառուցել այն «նորմալ» պետությունը, որը ամենուր արդեն ճգնաժամի մեջ է», – իր խոսքն ամփոփել է Հովհաննիսյանը:
Լուսանկարը` cyber-cap.blogspot.com