Home / Հայաստան / Ինչու է Երևանը երեք անգամ հրաժարվել Իսրայելի հետ գործարքից

Ինչու է Երևանը երեք անգամ հրաժարվել Իսրայելի հետ գործարքից

Իսրայելի ԱԳՆ-ն  բազմիցս փորձել է շանտաժի ենթարկել Հայաստանին` Հայոց Ցեղասպանության ճանաչումը կապելով Երևանի կողմից Պաղեստինը որպես անկախ պետություն չճանաչելու պահանջի հետ: IzRus կայքի փոխանցմամբ` այս մասին գրում է  «Մակոր ռիշոն» պարբերականը:

Առաջին անգամ դա տեղի է ունեցել նախորդ տարվա հուլիսին` արտգործնախարարության բարձրաստիճան պաշտոնյաների երևանյան այցի ընթացքում: Ըստ պարբերականի` հայերն այդ ժամանակ անպատասխան են թողել իսրայելական դիվանագետի հետևյալ առաջարկը. Իսրայելում Հայոց Ցեղասպանության ճանաչումը Հայաստանի կողմից Պաղեստինյան պետության չճանաչման փոխարեն: Պարբերականը նշում է, որ որոշ դիվանագիտական աղբյուրների տեղեկություններով` Երևանը գրեթե պատրաստ էր ընդունել այդ նախաձեռնությունը, սակայն արդյունքում  չարեց դա, քանի որ առաջարկը հնչեցվել էր խիստ շանտաժի ձևով: Իսրայելի ԱԳՆ-ն պաշտոնապես հերքել է այս տեղեկատվությունը:

Երկրորդ անգամ միևնույն թեման քննարկվել է Իսրայելի ԱԳ փոխնախարար Դանի Այալոնայի և նրա հայ գործընկերոջ`Արման Կիրակոսյանի հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 66-րդ գագաթաժողովի ընթացքում, որը նվիրված էր Պաղեստինյան պետության ճանաչման հարցին: Այալոնը խնդրել է Կիրակոսյանին խուսափել պաղեստինյան վարչակազմի ղեկավար Աբու Մազենի համապատասխան հայցը պաշտպանելուց:

Երրորդ անգամ պաշտոնական Երուսաղեմը փորձել է կապել Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցը Մերձավոր Արևելքի վերաբերյալ Երևանի դիրքորոշման հետ հոկտեմբերի վերջին` պաղեստինյան վարչակազմը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մեջ մտցնելու վերաբերյալ քվեարկության նախօրեին: Պարբերականի տվյալների համաձայն, այս նպատակով հերթական անգամ Հայաստանի մայրաքաղաք է ուղարկվել  «արտգործնախարարության բարձրաստիճան պաշտոնյան»: Նա կրկին փորձել է շանտաժի ենթարկել իր զրուցակիցներին, սակայն կրկին ապարդյուն: ՅՈՒՆԵՍԿՕ-ի քվեարկության ընթացքում Հայաստանը, ինչպես և նախկին ԽՍՀՄ 7 այլ երկրներ, պաշտպանեցին պաղեստինցիներին:

Պարբերականը նշում է, որ հայերին Երուսաղեմի կողմից Երևանին առաջարկված գործարքից հրաժարվելու դրդած պատճառներից մեկը մշտական վտանգի տակ Սիրիայում և Լիբանանում բնակվող հայկական համայնքների ճակատագրի հանդեպ ունեցած մտավախությունն է եղել: