Փետրվարի 4-ին Մյունխենում գտնվող ՀՀ արտգործնախարար էդվարդ Նալբանդյանի և ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հանդիպումը տևել է մոտ 30 րոպե, որից 20 րոպեի ընթացքում կողմերը զրուցել են Իրանի շուրջ ծավալվող իրադարձությունների մասին, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը` հղում կատարելով իր աղբյուրների վրա:
Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի քննարկումն ընդամենը 10 րոպե է տևել։
Թերթի հետ զրույցում, սակայն, ՀՀ արտգործնախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն ասել է. «Դա անհիմն տեղեկություն է, հանդիպման արդյունքներով հրապարակվել է հաղորդագրություն, որտեղ ներկայացված է հանդիպման բովանդակությունը»:
ՀՀ ԱԳ նախարարության հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշված է եղել հետևյալը.
«Հայաստանի և ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպման օրակարգում էին երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ, տարբեր միջազգային կազմակերպությունների գործունեությանը, տնտեսական համագործակցության զարգացման և ընդլայնման հնարավորությունները, Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների դրական ընթացքը, այս տարի կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական աշխատանքները, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
Անդրադարձ կատարվեց նաև Սեուլում հաջորդ ամսին կայանալիք միջուկային գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներին, «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության շրջանակներում համագործակցությանը:
Զրուցակիցները հանգամանալից քննարկեցին ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումները: Էդվարդ Նալբանդյանը կարևորեց ԱՄՆ-ի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի դերակատարությունը և իր ամերիկյան գործընկերոջը ներկայացրեց հունվարի 23-ին Սոչիում տեղի ունեցած Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի Նախագահների հանդիպման արդյունքները:
Ղարաբաղյան կարգավորման առումով պետքարտուղար Քլինթոնը վերահաստատել է ԱՄՆ դիրքորոշումն առ այն, որ հիմնախնդրի կարգավորումը հնարավոր է բացառապես խաղաղ ճանապարհով և նշեց, որ ԱՄՆ-ն, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, շարունակելու է իր լիակատար աջակցությունը հակամարտության կողմերի միջև համաձայնությունների ձեռք բերմանը և հիմնախնդրի հանգուցալուծմանը»: