Երեկ ԱԺ-ում ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի ներկայացրած «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի նախագիծն այսօր առաջին ընթերցմամբ քվեարկության է դրվել Ազգային ժողովում:
Հիշեցնենք, որ, համաձայն նախագծի, արտակարգ դրությունների ժամանակ Զինված ուժերը կարող են միջամտել իրավապահ մարմինների գործողություններին, եթե ծագած խնդիրները հնարավոր չէ ապահովել ոստիկանության և ազգային անվտանգության պետական լիազոր մարմինների միջոցով:
Քվեարկությունից առաջ «Ժառանգության» պատգամավոր Լարիսա Ալավերդյանը պահանջել է հաշվել դահլիճում ներկա պատգամավորներին` պնդելով, որ քվորում չկա: ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը պատասխանել է, որ քվորում կա, և քվեարկությունը սկսվել է:
Օրինագծին կողմ են քվեարկել 131 պատգամվորներից կեսից ավելին` 67-ը, դեմ քվեարկողներ չեն եղել: Քվեարկության ժամանակ դահլիճում ներկա «Ժառանգության» միակ ներկայացուցիչ Լարիսա Ալավերդյանը, ով, հավանաբար, չի հասցրել քվեարկել, դիմել է ՀՀԿ-ական պատգամավոր Արեգ Ղուկասյանին` ասելով. «Պարոն Ղուկասյան, դուք ուրիշի տեղն եք քվեարկում»:
Քվեարկությունից հետո Ալավերդյանը շարունակել է վրդովված խոսել` հայտարարելով. «Կարող եք հաշվել, այս պահին դահլիճում 67 մարդ չկա»:
Նա զայրացած դուրս է եկել դահլիճի, ապա, քիչ անց վերադառնալով, ասել է. «Այստեղ, հավանաբար, մարդիկ կան երկու գլուխ ունեն»:
«Մարդիկ էլ կան` զրո գլուխ ունեն», – հակադարձել է Ղուկասյանը:
Վերջինս դուրս է եկել դահլիճից, որից հետո լրագրողները հարցրել են ՀՀԿ-ականին` ինչու էր նա քվեարկում ուրիշի փոխարեն: Ղուկասյանը պնդել է, որ ինքը ուրիշի փոխարեն չի քվեարկել, սակայն լրագրողներն ասել են, որ տեսել են այդ պահը:
«Ես ամեն ինչ դահլիճում ասացի», – նշել է Ղուկասյանը և հեռացել:
Լրագրողները նկատել են նաև, որ ՀՀ Առողջապահության նախկին նախարար, անկուսակցական, ՀՀԿ խմբակցության անդամ Արա Բաբլոյանը քվեարկել է միանգամից երեք մարդու փոխարեն: Սակայն նա նույնպես նշել է, որ ուրիշի փոխարեն չի քվեարկել և ժպտալով դիմել է լրագրողներին. «Ինձ բժշկությունից հարցեր տվեք»:
Լրագրողների հետ զրույցում Էդուարդ Շարմազանովն ասել է, որ ինքը չի տեսել, որ մեկը մյուսի փոխարեն քվեարկում է, բայց ամեն դեպքում վատ է վերաբերվում միմյանց փոխարեն քվեարկելու գաղափարին: Շարմազանովի խոսքով` ընտրությունները մոտենում են, այդ իսկ պատճառով էմոցիաները շատ են:
Նշենք, որ մինչ քվեարկությունը Ազգային ժողովում խոսել է Հրայր Թովմասյանը:
Նրա խոսքով` ինքը երեկվանից հետևել է, թե մամուլում ինչ կարծիքներ և քննարկումներ են եղել նախագծի շուրջ:
Պատասխանելով մամուլում հնչած այն հարցին, թե ինչու է նախագիծը ընտրություններից առաջ քաշվել` Թովմասյանը նշել է, որ «դա արվում է այսօր, որպեսզի բոլոր հարաբերությունները որոշակիացված և կարգավորելի լինեն»:
Թովմասյանի խոսքով` նախագծի հետ կապված բավական շատ է խոսվել արտակարգ դրության ժամանակ բանակի օգտագործման մասին:
«Բանակը որպես բանակ հանդես չի գալու: Ներքին գործերի կանոնակարգն է տարածվելու նրանց վրա», – հնչող կարծիքներին պատասխանել է Թովմասյանը:
Նա նաև հավելել է, որ արտակարգ դրությունը շատ ավելի բարձր ինստիտուտ է և բացարձակ կարող է պայմանավորված չլինել քաղաքական գործընթացներով և բանակի օգտագործումը կապել միայն քաղաքական երևույթների հետ, տեղին չէ: