Այսօր ժամը 13.00-ին Մաշտոց պողոտայից Մարգարյանի անվան հիվանդանոցի այգու սկզբնամասից մեկնարկել է երթ դեպի նախագահական նստավայր: Մի շարք բնապահպանական նախաձեռնությունների անդամներ և Facebook սոցիալական ցանցի միջոցով հավաքված մարդիկ շարժվել են նախագահի նստավայր՝ հանձնելու փետրվարի 6-ին Ազգային Ժողովում ընդունված ՇՄԱՓ օրինագիծը չստորագրելու և կրկին հետ վերադարձնելու մասին պահանջը: Ըստ բնապահպանների` նշված օրինագիծը հակասում է ՀՀ Սահմանադրությանը, Օրհուսի, Էսպոյի և այլ կոնվենցիաներին, ինչպես նաև Հայաստանի կառավարությանն ուղղված`Օրհուսի կոմիտեի պահանջներին:
«Պահանջում ենք չվավերացնել այս օրենքը, քանի որ այն մեծ վտանգ է ներկայացնում շրջակա միջավայրի համար, նպաստում ծառահատումներին և հեշտացնում կանաչ տարածքների վերացման գործընթացները: Այս տեսակ կառուցապատման գործընթացներում կառուցապատողներն այս օրինագծից ավելի կշահեն, քան հանրությունը: Պահանջում ենք, որ այս օրինագիծը ետ կանչվի և չեղյալ հայտարարվի», – Epress.am-ի հետ զրույցում ասել է ակցիայի մասնակիցներից Եղիա Ներսիսյանը:
Երթի մասնակիցները թմբուկներով, պաստառներով ու բարձրաձայն երգելով բարձրացել են Բաղրամյան պողոտայով, մի քանի րոպե կանգնել Ազգային Ժողովի ճաղավանդակների մոտ ու կոչեր ուղղելուց հետո` շարունակել իրենց երթը:
«Նստավայրի դիմացի մայթին կանգ առանք, մեր իրավաբան Արթուր Գրիգորյանը մի քանի բառով բարձրախոսով ներկայացրեց օրինագծի ողջ վտանգը և նշեց, թե ինչ հետևանքների կհանգեցնի այն հաստատվելուց հետո: Նա նաև տեղեկացրեց, որ այս օրենքը թույլ է տալու կատարել անսահմանափակ թվով անտառահատումներ՝ հաշվի չառնելով փորձաքննություններն ու հասարակական լսումները: Սրանով հասարակությունը զրկվելու է կայացած որոշումներին մասնակցություն ունենալու և այդ որոշումները բողոքարկելու հնարավորությունից»,- մեզ հետ զրույցում պատմել է բնապահպան, երթի մասնակից Արմո Սաֆարյանը:
Երթի մասնակիցներին մտահոգում է այն հանգամանքը, որ խորհրդարանում օրինագծի ընդունումից հետո 20-օրյա ժամկետում այն պետք է ստորագրի նախագահը, իսկ, նրանց հավաստմամբ, 9 օրն արդեն անցել է ու շատ քիչ ժամանակ է մնացել կանխելու համար այս օրենքի ընդունումը:
«Մեզ մոտեցավ նախագահական նստավայրից մի տղամարդ, ով չներկայացավ, մեր իրավաբան Արթուրին հրավիրեց նամակների բաժին, նա էլ, իր հերթին, գնաց, հանձնեց նամակն ու վերադարձավ»,- պատմել է Արմո Սաֆարյանը:
Ակցիայի կազմակերպիչների խոսքով՝ իրենք սպասելու են նախագահի արձագանքին:
«Եթե արձագանքը դրական լինի և օրենքը հետ գնա խորհրդարան, մեր նախաձեռնող խումբը հանդես կգա առաջարկներով, որպեսզի փոփոխությունները լինեն համաձայն կոնվենցիայի: Հակառակ դեպքում` մենք պատրաստ ենք ավելի լայնածավալ ակցիաների ու կբողոքարկենք միջազգային կառույցներին, որ խախտվում է առնվազն երկու կոնվենցիա: Մեր պահանջը չկատարելու դեպքում կգանք այն եզրակացության, որ Հայաստանում բնությունը ոչնչացվում է ու համակարգվում անմիջապես ՀՀ նախագահի անմիջական հսկողությամբ ու գիտությամբ», – ասել է մեր զրուցակիցը:
Ակցիայի մասնակիցները երթով վերադարձել են Մաշտոցի պողոտա՝ Մարգարյանի անվան հիվանդանոցի այգու սկզբնամաս, որտեղ շարունակվելու է նրանց կողմից այգու հսկողությունը՝ ապօրինի կրպակների տեղադրման դեմ: