Այսօր ՀՀ Վերաքննիչ դատարանը դատավոր Եվա Դարբինյանի նախագահությամբ մերժել է քաղաքացի Սամվել Հարությունյանի հայցը` քրեական գործ հարուցել դատավոր Արման Թովմասյանի նկատմամբ: Այս մասին Epress.am-ին հայտնել է հայցվոր կողմի փաստաբան Տիգրան Հայրապետյանը: Նա նշել է նաև, որ դատարանը մերժումը հրապարակել է, սակայն չի հանձնել հայցվորին մերժման գրավոր որոշումը, որտեղ պետք է նշված լինեին մերժման հիմնավորումները:
Հիշեցնենք, որ Սամվել Հարությունյանի խոսքով` դատավոր Արման Թովմասյանը չորս կարգադրիչների հետ ծեծի են ենթարկել նրա որդուն` Աշոտ Հարությունյանին, այնուհետև սուտ մատնություն է կատարել ոստիկանությանը, որի հետևանքով հաջորդ օրը կալանավորել են Աշոտ Հարությունյանին: Հատուկ քննչական ծառայություն է դիմել նաև Աշոտի հայրը, սակայն ՀՔԾ-ն հրաժարվել է գործ հարուցել: Հարությունյանի և Թովմասյանի վեճը ծագել է Ստեփանավանի սուպերմարկետում հերթի ժամանակ, երբ դատավորը պահանջել է իրեն ավելի շուտ սպասարկել: Թովմասյանն իր հերթին պնդում է, թե Աշոտ Հարությունյանն է իրեն ծեծի ենթարկել:
Երեկ կայացած դատական նիստի ժամանակ դատախազ Հարություն Հարությունյանը առաջ է քաշել երկու առարկություններ: Նախ, ըստ դատախազի, գործի քննությունը պետք է կատարի ոչ թե Հատուկ քննչական ծառայությունը, այլ ոստիկանության քննիչը: Դատախազը կարծիք է հայտնել նաև, որ գործը պետք է քննի ոչ թե Վերաքննիչ դատարանը, այլ Լոռու մարզի` առաջին ատյանի դատարանը: Փաստաբան Տիգրան Հայրապետյանը մեզ հետ զրույցում անդրադառնալով այս միջնորդությանը, ասել է, որ Վանաձորում գործը քննելը ճիշտ չէ, քանի որ ՀՔԾ-ն գտնվում է Երևանում, երկրորդը` Վերաքննիչը հարցում է կատարել առաջին ատյանի դատարան և ստացել է դատարանի բոլոր նյութերը կապված գործի հետ: Ըստ փաստաբան Տիգրան Հայրապետյանի` գործը Լոռու մարզում չի կարող քննվել նաև այն պատճառով, որ այն Լոռու մարզի դատարանի դատավորին է վերաբերում և օբյեկտիվ քննություն դատարանից չի կարելի ակնկալել:
Այսօր 11:30-ին Վերաքննիչ դատարանի` Սամվել Հարությունյանի հայցը մերժելուց հետո, ժամը 16:00-ին Վանաձորի ընդհանուր իրավասության դատարանը սկսել է դատավոր Թովմասյանի հայցի քննությունը:
Նշենք, որ Աշոտ Հարությունյանը մեղադրվել է «խուլիգանության և դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու մեջ, որը զուգորդվել է իշխանության ներկայացուցչին կամ հասարակական կարգի խախտումը խափանող անձին դիմադրություն ցույց տալով»: Մեղադրանքն ապացուցվելու դեպքում նախատեսում է տուգանք նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով կամ ազատազրկում` առավելագույնը երկու տարի ժամկետով:
Epress.am-ի հետ զրույցում Տիգրան Հայրապետյանը նշել է, որ նախաքննության ընթացքում միջադեպի միակ վկան` բժիշկ-ակնաբույժ Նունե Պառավյանը հայտնել է, որ տեսել է` ինչպես են դատավորն ու իր կարգադրիչները Աշոտին դուրս հանել խանութից և քացիներով ծեծի ենթարկել նրան: