Քարոզարշավը բոլոր առաջադրված կուսակցություններն էլ տանում են միջին մակարդակով: Վերլուծելով նախընտրական քարոզարշավի առաջին երկու շաբաթների ընթացքում քաղաքական կուսակցությունների վարած ռազմավարությունը` նման կարծիք է հայտնել քաղաքական և ընտրական տեխնոլոգ Արմեն Բադալյանը:
Epress.am-ի հետ զրույցում Բադալյանը նաև մեկնաբանել է կուսակցությունների ռազմավարության մեջ թույլ տրված փոփոխություններն ու «կիքսերը»:
ՀՀԿ-ի քարոզարշավում, ըստ Բադալյանի, առաջին շաբաթում շեշտը դրվում էր ապագայի վրա, խոսվում էր հավատալուց ու փոխելուց, ապա ՀՀԿ-ն հասկացավ, որ ինքը իշխանության է արդեն և որոշեց ներկայացնել` ինչ է արել այս ընթացքում, սակայն այս ճշգրտումը ՀՀԿ-ի օգտին չէր, քանի որ տնտեսական զարգացման այս թվերին չհավատաց Հրանտ Բագրատյանը, բանավեճի հրավիրեց վարչապետ Տիգրան Սարգսյանին, իսկ վերջինս հրաժարվեց, ինչը կարող է ենթադրել տալ, թե ՀՀԿ-ն ստում է թվերի հարցում:
ՀԱԿ-ի մարտավարության մեջ Բադալյանը տեսնում է առաջընթաց. ՀԱԿ առաջնորդն իր վերջին ելույթում ոչ միայն սուր քննադատել է ներկա իշխանություններին, այլև ասել, թե ինչ կանի ինքը իշխանություն ունենալու դեպքում` Հայաստանի տնտեսությունը կտանի Վրաստանի զարգացման ուղով: Փորձագետի կարծիքով` վատ է, սակայն, որ Լևոն Տեր- Պետրոսյանի ընդունած վեկտորին չհետևեցին և այն չզարգացրեցին ՀԱԿ մյուս անդամները, և կրկին միայն քննադատեցին ռեժիմը:
Փորձագետը լուրջ ռազմավարական խնդիրներ է տեսնում ԲՀԿ-ի մոտ: Նա կարծիք է հայտնել, թե նման միօրինակ ոճի քարոզարշավի կարող է ընտրողներին ձանձրացնել, ինչը կտանի չընկալման, հիսաթափման և չընտրելու:
«Երկրորդ խնիդրը. ԲՀԿ առաջնորդը և ցուցակի երկրորդ տեղը զբաղեցնող Վարդան Օսկանյանը տարբեր քարոզարշավներ են տանում: Ծառուկյան-Օսկանյան տարաձայնոււթյունը հակասում է ԲՀԿ-ի հզորացման տրամաբանությանը»,- ասել է Բադալյանը:
Նրա խոսքով` «կիքսերով» լեցուն է «Ժառանգության» քարոզարշավը:
«Նախ Րաֆֆի Հովհաննիսյանը նայում է Արարատին` ՀՅԴ-ից փորձելով տանել «Հայ դատի» ընտրազանգվածը, սակայն մենք նրա ցուցակի առաջատար տեղերում տեսնում ենք ««այո, հայ-թուրքական արձանագրություններին» բանակի անդամների (նկատի ունի «Ազատ դեմոկրատների» ներկայացուցիչներին):
Երկրորդ` Րաֆֆի Հովհաննիսյանն առաջ է բերում ներկայիս պատգամավորների գրավչությունը, սակայն, բացի Փոստանջյանից, նրանք ցուցակի ոչ այնքան լավ, անցողիկ տեղեր են զբաղեցնում: Երրորդ` «Ժառանգությունն» ընտրական հանձնաժողովներում «տեխնիկական վրիպակով» իր տեղերը հանձնել է ՀՀԿ-ին: Այս բոլոր կիքսերը բացասական կարող են անդրադառնալ «Ժառանգության» արդյունքի վրա, քանի որ գիտակցորեն քվեարկող ընտրողը կհամադրի կիքսերը և, գուցե, չընտրի «Ժառանգությանը»», – ասել է Բադալյանը:
ՀՅԴ-ն երկու ուղղությամբ է տանում քարոզարշավը. մինչ հաջողվում է գրավել «ծովից ծով Հայաստանի» մասին երազողներին, սոցիալական փոփոխություններ խոստացող ՀՅԴ քաղաքականությունը հաջողություն չունի, և ունի լուրջ մրցակից` ի դեմս ՕԵԿ-ի: Ըստ Բադալյանի` ՀՅԴ-ն մի նոր բան պետք է մտածի, քանի որ Հայ-դատական ընտրազանգվածը բավարար չէ 5%-ի շեմը հաղթահարելու համար: