Home / Հայաստան / Հայաստանում մամուլն անազատ է. աշխարհում նշում են մամուլի ազատության օրը

Հայաստանում մամուլն անազատ է. աշխարհում նշում են մամուլի ազատության օրը

Մայիսի 3-ը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից հռչակվել է Մամուլի ազատության համաշխարհային օր: Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 19-րդ հոդվածը սահմանում է արտահայտման ազատությունը որպես մարդու հիմնարար իրավունք: Համաձայն ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի, «յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Արգելվում է մարդուն հարկադրել հրաժարվելու իր կարծիքից կամ փոխելու այն: Յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք, ներառյալ՝ տեղեկություններ և գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը, տեղեկատվության ցանկացած միջոցով՝ անկախ պետական սահմաններից: Լրատվամիջոցների և տեղեկատվական այլ միջոցների ազատությունը երաշխավորվում է»։

Մայիսի 3-ը որպես Մամուլի ազատության համաշխարհային օր հռչակվել է ի պատիվ Վինդհուկի հռչակագրի: 1991 թվականի ապրիլի 29-ից մայիսի 3-ը Նամիբիայի մայրաքաղաք Վինդհուկում աֆրիկյան տարբեր երկրների ԶԼՄ-ների ներկայացուցիչներ հավաքվել են «Զարգացնելով անկախ և բազմակարծիք աֆրիկյան մամուլը» ՅՈՒՆԵՍԿՈ-ի սեմինարի շրջանակներում, որի արդյունքում մայիսի 3-ին հռչակագիր են ընդունել, որը վերաբերում է աֆրիկյան ԶԼՄ-ների նկատմամբ իրականացվող հետապնդմանը և գրաքննությանը: Այդ հռչակագրի ընդունման կապակցությամբ ՄԱԿ-ը հայտարարել է մայիսի 3-ը Մամուլի ազատության համաշխարհային օր:

Համաձայն Freedom House միջազգային կազմակերպության 2012 թվականի զեկույցի տվյալների, Հայաստանը մամուլի ազատության ցուցիչով դասվում է անազատ երկրների շարքին` գրավելով 149-րդ տեղը: Հայաստանից առաջ` 144-ից 148-րդ տեղերն են բաժանում Կամբոջան, Հորդանանը, Մադագասկարը, Մալայզիան և Պակիստանը: Հայաստանից մեկ աստիճան հետ են Սինգապուրը, Անգոլան, Քաթարը:

Մամուլի ազատության ցուցիչով Վրաստանը զբաղեցնում 111-րդ տեղը, մամուլն այստեղ մասամբ ազատ է: Նույն իրավիճակն է Թուրքիայում, որը զբաղեցնում է Freedom House-ի ցուցակի 117-րդ հորիզոնականը:

Ադրբեջանում և Ռուսաստանում մամուլը Հայաստանի օրինակով անազատ է. երկու երկրները բաժանում են 172-րդ տեղը: Իրանը մամուլի ազատության ցուցիչով գտնվում է վատագույն տասնյակի մեջ` գրավելով 192-րդ տեղը 197 երկրների շարքում: