Ֆրանսիայի ՆԳ նախարար Կլոդ Գեանը պաշտոնապես հայտարարել է, որ նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքում Հինգերորդ հանրապետության նախագահ է դարձել սոցիալիստ թեկնածու Ֆրանսուա Օլանդը: Ձայների մեծամասնությամբ` Օլանդին հաջողվեց պարտության մատնել Ֆրանսիայի գործող նախագահ Նիկոլա Սարկոզիին:
Ընդդիմադիր թեկնածուն հավաքել է ընտրողների ձայների 51,13%-ը, իսկ գործող նախագահը` 48,87%: Ընտրությունների մասնակցությունը 81,25% է կազմել:
Նիկոլա Սարկոզին արդեն իսկ պաշտոնական հայտարարությամբ է հանդես պետական հեռուստաընկերության ուղիղ եթերով և ընդունել է իր պարտությունը` հայտարարելով, որ «հաղթանակի համար արեց ամեն հնարավորը» : Միաժամանակ, նա հաջողություն է մաղթել նոր նախագահին և ասել, որ այժմ նա այլ դերակատարություն կունենա երկրի քաղաքական կյանքում:
«Ֆրանսուա Օլանդը Ֆրանսիայի նախագահն է, և նրան պետք է հարգել»,- նշել է Սարկոզին:
Ֆրանսուա Օլանդի համակիրներն իրենց հաղթանակը տոնել են Փարիզի Բաստիլի հրապարակում: Ըստ BBC-ի` նրանք վանկարկում էին` «Սարկո` ամեն ինչ ավարտված է»:
Վերլուծաբանների խոսքով` Օլանդի հաղթանակը լուրջ հետևանքներ կարող է ունենալ ողջ եվրոտարածքի համար: Սոցիալիստների առաջնորդը արդեն կոչ է արել վերանայել բյուջետային դիսցիպլինի մասին եվրոպական պայմանագիրը, որը պաշտպանում էին նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
Սոցիալիստ թեկնածուի համար հաղթանակ ապահովեց ոչ միայն վերջինիս տնտեսական ծրագիրը, այլև Սարկոզիի ոչ բարձր ժողովրդականությունը:
Օլանդը` նախագահ ընտրվելու առաջին ժամերին հայտարարել է, որ հպարտ է, որ կարող է հույս վերադարձնել մարդկանց:
Նա խոստացել է բարձրացնել խոշոր կորպորացիաների և անհատ ձեռներեցների հարկերը:
Բացի դա, նա մտադիր է բարձրացնել աշխատավարձի նվազագույն չափը, հավելյալ 60 հազար աշխատատեղեր ստեղծել և որոշ մասնագիտությունների դեպքում թոշակային տարիքը 62-ից իջեցնել 60-ի:
Նշենք, որ վերջին 17 տարիների ընթացքում Ֆրանսուա Միթերանից հետո (ղեկավարել է երկիրը 1981-1995 թթ.-ին) Օլանդն առաջին սոցիալիստ նախագահն է: