Home / Հայաստան / Ինչպես պետք է ՀԱԿ-ը դիրքավորի իրեն. հետընտրական քննարկում Փոքր խորհրդում

Ինչպես պետք է ՀԱԿ-ը դիրքավորի իրեն. հետընտրական քննարկում Փոքր խորհրդում

Հայաստանի Հանրապետական կուսակցությունն ավարտին հասցրեց քաղաքական իշխանության մենաշնորհին տիրելու 2007 թվականից սկսած արտադրական գործընթացը: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դեպքում դեռևս հստակ չէ, թե խորհրդարանում իր ներկայության քանակական կտրուկ ավելացումից այն կողմ կազմակերպությունը ինչ չափով է կարողացել ապահովել քաղաքական բաղկացուցիչի համապատասխան ընդլայնում, ինչը թույլ կտար լինել քաղաքականորեն ինքնաբավ: Այս մասին ասել է արվեստի քննադատ Նազարեթ Կարոյանը «Փոքր Խորհուրդ» հասարակական-քաղաքական խմբի «Պե՞տք է արդյոք այսօր Փոքր խորհուրդը` ընտրությունների և դրանց արդյունքում ձևավորված քաղաքական կոնտեքստում» թեմայով քննարկման ժամանակ:

Կարոյանը ներկայացրել է ընտրությունների քաղաքական հաշվեկշիռը՝ հաջորդաբար անդրադառնալով Սերժ Սարգսյանի՝ անհատական, Հանրապետական, «Բարգավաճ Հայաստան», «Ժառանգության» կուսակցությունների, ՀՅԴ-ի և Հայ Ազգային Կոնգրեսի նախընտրական օրակարգերին և ընտրությունների ժամանակ գրանցած արդյունքներին:

Նա նշել է, որ Հայ Ազգային Կոնգրեսը` առաջին անգամ մասնակցելով խորհրդարանական ընտրություններին, հաղթահարելով 7 տոկոսի շեմը և վերցնելով մանդատները, այսօր կանգնած է իր օրակարգը վերաձևակերպելու անհրաժեշտության առաջ։

Չանդրադառնալով Կոնգրեսի որդեգրած քաղաքական պայքարի հայեցակարգային և մեթոդական բացերին՝ բանախոսը ուշադրությունը բևեռեց կազմակերպչական թերությունների վրա, մասնավորապես, ղեկավար օղակների (Քաղխորհուրդ, Կենտրոնական գրասենյակ կամ շտաբ և Կոնգրեսի առաջնորդ) լիազորությունների հստակության բացակայությանը և հակադարձ կապի թուլությանը, որոնց հետևանքները նկատելի էին ինչպես նախընտրական շրջանում, այնպես էլ դրսևորվում են այժմ` հետընտրական շրջանում։

Խոսելով Փոքր Խորհրդի մասին և այն ներկայացնելով իբրև մտավորական ու ստեղծագործ անհատների քաղաքական ինքնակազմակերպման օրինակ, որի փորձագիտական առաջարկներում եղած ներուժը միշտ չէ որ համարժեք է ընդունելություն է գտել Կոնգրեսի քաղաքական ղեկավարության մոտ՝  Նազարեթ Կարոյանը կարծիք է հայտնել, որ Խորհուրդը պետք է պատրաստ լինի դիմագրավել Կոնգրեսում ընթացող խմորումներին, հայեցակարգային ռեֆլեքսիային զուգահեռ իր գործունեությունը զարգացնել նաև կազմակերպական կառուցվածքի մոդելների և ընթացիկ քաղաքականությունը մշակելու ուղղություններով։

Քննարկման ընթացքում մասնակիցների առաջ քաշած հարցերի առավել խորքայինը Վարդան Ազատյանին էր: Նրա այն դիտարկմանը՝  ինչպես է մասնակցային ժողովրդավարության իր պատկերացումներով հանդերձ՝ Փոքր Խորհուրդը կարողանում իր տեղը տեսնել քաղաքական մի կառույցի շրջանակներում, որի հիմնական կարգախոսը նախ և առաջ ներկայացուցչական ժողովրդավարությանը հղող սահմանադրական կարգի վերականգնումն է, հետևել է մտքերի փոխանակում։

Արվեստագետ Կարեն Անդրեասյանը զարգացրեց կոնսենսուսի վրա հիմնվող Ժողովրդական ժողովի (General Assamblee) նախաձեռնության գաղափարը, իսկ Արևիկ Արևշատյանը նշեց, որ մեծամասնական քաղաքականությունների ժամանակաշրջանը Հայաստանում նույնպես մոտենում է իր ավարտին և փոքրամասնական (ինքնութենական) քաղաքականություններն են, որ սկսում են ավելի ու ավելի կարևոր դառնալ: Նա, ըստ էության, առաջարկեց մտածել ավելի շուտ անհամաձայնությունների առանցքի շուրջ կառուցվող նեոլիբերալ քաղաքական համակարգի մասին։

Պատասխանելով նույն հարցին և իբրև օրինակ բերելով Կոնգրեսի կառուցվածքը, որը կուսակցություններից բացի իր մեջ ներառում է հասարակական կազմակերպություններ ու անհատ քաղաքացիներ, Արա Նեդոլյանը վերհիշեց նաև Փոքր Խորհրդի առաջարկներից մեկը՝ Կոնգրեսում մասնագիտական հանձնաժողովների հիմքի վրա Քաղաքացիական Խորհուրդ ստեղծելու գաղափարը։

Նեդոլյանը նշեց նաև, որ մինչ ընտրությունները Հայ Ազգային Կոնգրեսը վարում էր մեծամասնական քաղաքականություն` հանդես գալով հասարակության մեծամասնությունը ներկայացնող ուժի դիրքերից, և հենց այդ հնչեղությունն ունեին իշխանափոխության ու սահմանադրական կարգի վերահաստատման հիմնական կարգախոսները: Արդյո՞ք հնարավոր կլինի նույն կարգախոսներով ներկայանալ մյուս տարվա նախագահական ընտրություններին, երբ հասունանալու է փոքրամասնական քաղաքականության ձևավորման անհրաժեշտությունը:

Իբրև այդպիսին՝ արդարացված կլիներ դիրքավորել Կոնգրեսը իբրև հասարակությունում ամեն մեկի սոցիալական շահերը ձևակերպող ու ներկայացնող քաղաքական ուժ, ինչի գաղափարական նախադրյալները ստեղծված են Կոնգրեսի հանձնաժողովների աշխատանքի հետևանքով ու մշակված հայեցակարգերի ձևով: Յուրաքանչյուրի սոցիալական շահերի պաշտպանությունը նշանակում է նույն այդ սահմանադրական կարգի վերականգման ու իշխանափոխության արժեքը, սակայն ոչ թե միանվագ իշխանության գալու իրադարձությունով, այլ՝ իշխանության համատարած ապակենտրոնացման, յուրաքանչյուր քաղաքացու իշխանավորման թե քաղաքական, թե տնտեսական, թե մշակութային ոլորտներում:

Նոր հետընտրական իրադրությունը Կոնգրեսին նաև հնարավորություն կտա առավել ակտիվ դերակատարում ստանձնել քաղաքացիական նախաձեռնողականության ասպարեզում, համագործակացել քաղաքացիական հասարակության հետ, ինչն առավել ցցուն է դրսևորում, օրինակ, «Ժառանգություն» կուսակցությունը: Սրանով էլ Կոնգրեսի սոցիալական ռեսուսները ավելացնելու, ինչպես նաև նրան չհարող, բայց Մեծ Կոնգրեսի /իբրև համաժողովրդական շարժում/ օրգանական մաս կազմող հանրության քաղաքականապես ակտիվ, առաջադեմ ու առողջ տարրերով:

Տեքստը տրամադրեց Արա Նեդոլյանը