Այսօր տեղի է ունեցել Ամուլսարի շահագործման դեպքում բնության վնասի ուսումնասիրության մասին հերթական աշխատաժողովը, որ ամփոփում էր Ջերմուկի բուսական և կենդանական աշխարհի` Կարմիր գրքում գրանցված կենդանիների մասին ուսումնասիրությունը: Ի դեպ, հանքի շահագործումը ծրագրող Գեոթիմ ընկերությունը այս անգամ ևս հրաժարվել է մասնակցել բնապահմպանների և ջերմուկցիների կազմակերպած այս ձևաչափի քննարկմանը:
«Տարածքում կա Կարմիր գրքում գրանցված 5 անողնաշար, 34 ողնաշարավոր կենդանի, 2 բուսական տեսակ վերացվել է, 16-ը վտանգված են: Ուսունասիրություն կատարելուց հետո մեր կենտրոնը սահմանել է, թե ինչ տարածք կարող է զբաղեցնել ազգային պարկը, ինչը կարևոր է նաև տուրիստական կենտրոն դարձնելու համար: Ուսումնասիրությունը վերաբերում է ոչ միայն բնության ուսումնասիրությանը, այլև տնտեսական կողմին, ինչքան հարկ է մուծելու հանքը, ինչ եկամուտ է տալու և այլն»,- ասել է Բնություն համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարեն Մանվելյանը:
Միևնույն ժամանակ, Բնապահպանության նախարարության, ինչպես նաև Գեոթիմի պատվերով ուսումնասիրություն անցկացրած Ամերիկյան համալսարանի մանսագետները պնդում են, թե Ջերմուկում չկա Կարմիր գրքում գրանցված կենդանի: Բնապահպանների խոսքով` տարածքը կարևոր է, որովհետև այն միջանցքն է մի քանի կենդանիների համար` տափաստանային հովազի, ընձառյուծի, տափաստանային բազեի համար: Արփա գետի ֆլորայի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ գետի 38 բույսերից 26-ը գրանցված են Կարմիր գրքում, իսկ 14-ը էնդեմիկ են:
«Կարմիր գրքի մեջ գտնվող ջերմուկցիների մասինն թող մտածեն: Այժմ 3000 մարդ է մնացել Ջերմուկում: Մարդիկ սարսափահար են, նրանք ապրում են բույսերը հավաքելով ու վաճառելով»,- ասել է ջերմուկցի Արթուր Խաչատրյանը:
Բնապահպան Ինգա Զառաֆյանն էլ հավելել է, որ հանքի 6 հեկտար զբաղեցնող տարածքում կան վտանգավոր կենտրոններ, օրինակ, փայտի մշակման կետ, 92 միլիոն հանքանյութի մնացորդ լցանյութ, որը պետք է մշակվի, իսկ մինչ այդ նման պայմաններում թռչունների կյանքը անհնար է: