Ցմահ բանկարտյալների հիմնախնդիրների հարցը Հյասատանում, կարծես, տաբու լինի, նույնիսկ հասարակության շրջանում չի քննարկվում: Այս մասին այսօր ցմահ դատապարտյալների հիմնահարցերի շուրջ հրավիրված քննարկմանն ասել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:
«Այդ մարդիկ, ովքեր նման վերաբերմունք ունեն, պետք է մտածեն` արդյո՞ք վստահում են դատական համակարգին»,- ասել է Իշխանյանը:
Քննարկման մասնակից Ցմահ դատապարտյալների հարցերով զբաղվող նախաձեռնության անդամ Զարուհի Մուրադյանն էլ ասել է, որ նախաձեռնության նպատակն է ցույց տալ, որ ցմահ ազատազրկվածները միայն սրիկաներ չեն, և նրանց մեջ կան անմեղ մարդիկ:
«Մենք դիմել ենք ՀՀ նախագահին` մի քանի ցմահ բանկարյկալների ներում տալու համար: Սակայն մենք ոչ մի ֆորմալ պատասխան չստացանք, նույնիսկ նախագահի աշխատակազմից: Սա ի՞նչ ձև է արձագանքելու ՀՀ քաղաքացիների դիմումներին»,- ասել է Զարուհի Մուդարյանը:
Ավետիք Իշխանյանը նշել է, որ ցմահ դատապարտյալների հետ կապված կարևորագույն իրավական խնդիրն այն է, որ նրանցից ոչ մեկի քրեական գործը չի վերանայվել, թեև ընդունվել է նոր քրեական օրենսգիրք, իսկ անցյալ տարի` նոր օրենք` առավելագույն ժամկետով ազատազրկումը 15-ի փոխարեն 20 տարի սահմանել:
«Այդ օրենքը ընդունվել է, որովհետև բանտարկյալների թիվը մեծ է: Հնարավոր է, որ մինչ այդ դատապարտվածները այլ պատիժ ստանային, եթե դատվեին սույն օրենքի ընդունումից հետո: Սակայն նրանց գործերը չեն վերանայվում: Երկրորդ խնդիրն այն է, որ կան դատապարտյալներ, ովքեր հանցաքը գործել են 18-20 տարեկանում, արդյոք ճիշտ է, որ այդ տարիքում արածի համար մարդը վճարի ամբողջ կյանքով: Պատժի նպատակը ոչ թե մարդուն ոչնչացնելն է, այլ ռեաբիլիտացիա ապահովելը, մարդուն հասարակություն վերադարձնելը»,- ասել է Իշխանյանը: