Հայաստանում աղբի վերամշակման մասին սկսել են մտածել 2004 թվականից, երբ բրիտանական վերամշակող մի ընկերություն՝ Քաղաքաշինության նախարարության հետ համատեղ, ուսումնասիրություններ է սկսել երկրում: Այնուհետև 2005թ. Իջևանում թափոնների վերամշակման ծավալուն հետազոտություն է անկացրել նաև բնապահպան Արման Վերմիշյանը: Այդ ուսումնասիրությունները մինչ այժմ օգտագործվում են այն ընկերութունների կողմից, որոնք առանձին քաղաքներում թափոնների հավաքման ծրագիր են սկսում:
Epress.am-ի թղթակիցը զրուցել է Երևանի քաղաքապետարանի լրատվության և հասարակայնության բաժնի պետ Արթուր Գևորգյանի հետ, ով նշել է, որ Երևանում դեռևս չկա աղբի վերամշակմամբ ձբաղվող կազմակերպություն և ավելացրել, որ իրենց կողմից աղբահանության մասով մրցութային առաջարկ է արվել:
«Միջազգային մրցույթի մասին է խոսքը, ու, կարծեմ, առաջարկն արդեն վերջին փուլում է: Դա բխում է բոլորիս շահերից», – ասել է Գևորգյանը:
Բնապահպան Արման Վերմիշյանը Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ Հայաստանում վերամշակելու ծրագրեր իրականացնում են Urban հիմնադրամը` պլաստիկ շշերի վերամշակում Վանաձորում, Ալավերդիում, Clean Land ընկերությունը` Գյումրիում, Հրազդանում, և ունի աղբի տեսակավորման գործարան Երևանում: Ընդհանուր առմամբ ապակու, պլաստիկի, թղթի վերամշակում Հայաստանում իրականացնում է մոտ 20 ընկերություն:
Urban հիմնադրամից մեզ հայտնել են, որ, օրինակ, աղբի հավաքումը իրենք կատարում են միջազգային դոնոր կազմակերպությունների, օրինակ, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, Եվրամիության ֆինանսավորմամբ, սակայն տեղական ինքնակառավարման մարմինները պետք է զբաղվեն վերամշակման ընկերություն գտնելով: Քանի որ քաղաքապետարաններն ու մարզպետարանները միշտ չէ, որ գտնում են վերամշակողների, պլաստիկ աղբը ընդամենը հավաքվում է առանձին աղբանոցում:
Epress.am-ը զրուցելել է Երևանի կենտրոնի մի քանի բակերի բնակիչների հետ, ովքեր, իրենց հերթին, բողոքել են թե աղբահանող ընկերությունների, քաղաքապետարանի ու թաղապետարանի գործունեությունից, թե բնակիչների անփութությունից ու անտարբերությունից:
«Մի քանի րոպե կանգնեք աղբանոցի մոտակայքում ու կտեսնեք առնետների «բազմազավակ» ընտանիքը: Ամբողջ թաղամասով վախենում ենք դուռ ու պատուհան բացել, ամառվա շոգին լցվում են տները: Դիմել ենք քաղաքապետարան, թաղապետարան, բոլոր համապատասխան մարմիններին, ոչ մեկն հաշվի չի առել, գոնե մի բուռ դեղ բերեին ու ցանեին: Բավական չեն կուտակված աղբի գարշահոտությունը, ճանճերն ու մկները, հիմա էլ խմբերով առնետներն են վխտում ամբողջ թաղամասում: Մի քանի րոպե առաջ գայիք, 4 առնետ հանգիստ պառկած էին փողոցի կենտրոնում», – բողոքել են բնակիչներն ու հավելել, որ աղբահանությունն իրենց թաղամասում իրականացվում է ամեն օր՝ առավոտյան, սակայն մինչև երեկո աղբամաններում հավաքված աղբն այնքան է շատանում, որ «գրավում է» ամբողջ աղբանոցի տարածքը ու շուրջբոլորը:
Epress.am-ին դիմած սեփական թաղամասերի մի խումբ բնակիչներ էլ բողոքել են, թե իրենց թաղամասում ընդհանրապես աղբամաններ տեղադրված չեն ու իրենք ստիպված են սպասել, մինչև «կհայտնվի զիբիլի մեքենան»:
Մեզ հետ զրույցում Երևանի Արաբկիր վարչական շրջանում աղբահանություն իրականացնող ընկերություններից մեկի՝ «Էկոար»-ի փոխտնօրեն Հովհաննես Ստեփանյանը պատմել է, որ բնակելի թաղամասերում աղբահանությունն իրականացվում է ամեն օր, իսկ սեփական սեկտորում՝ շաբաթական երկու անգամ:
«Եթե բնակելի շենքերի տարածքում կան հատուկ աղբանոցներ ու մարդիկ աղբը լցնում են տեղադրված աղբարկղերում, ապա սեփական սեկտորում պատկերն այլ է՝ մասնավորապես, «Բլուր» ու «Բանջարանոց» կոչվող թաղամասերում աղբարկղեր չկան ու բնակիչները պետք է սպասեն, մինչև կհնչի աղբատար մեքենայի զանգը և այսպես՝ շաբաթը 2 անգամ: Եթե աղբատար մեքենայի գնալու ժամերին մարդիկ տանը չեն, ուրեմն պետք է մի քանի օր սպասեն»,- նշել է Ստեփանյանն ու հավելել, որ իրենց գործունեությունը միայն աղբահանություն իրականացնելն է:
«Թե ինչու աղբարկղեր տեղադրված չեն, դա արդեն քաղաքապետարանի ու թաղապետարանի խնդիրն է», – եզրափակել է Ստեփանյանը:
Արաբկիր վարչական շրջանի կոմունալ բաժնից Epress.am-ին հայտնել են, որ իրենք մի քանի անգամ փորձել են աղբարկղեր տեղադրել «Բլուր» թաղամասում, սակայն բնակիչները դեմ են եղել:
«Ուղիղ 2 օր հետո սկսվել է բնակիչների բողոքը՝ զանգահարում ու ասում էին՝ խնդրում ենք, եկեք ու հանեք: Բնակիչների մի մասին ձեռնտու էր այս տարբերեկը, մյուսին՝ ոչ, քանի որ, շատերի խոսքով՝ չեն ուզում, որ սեփական տան շրջակայքը վերածվի աղբանոցի: Եվ, չնայած սրան, նույն թաղամասի չեզոք մի տարածքում 3 աղբարկղ ենք տեղադրել ու ոչ մի անգամ բողոք չենք ստացել: Աղբարկղեր կան նաև «SAS» սուպերմարկետի ետնամասում: Ինչ վերաբերում է աղբահանությանը, ապա մենք հետևողական ենք ու մշտապես կապի մեջ բնակիչների հետ: Ցանկացած բողոքի դեպքում արագ արձագանքում ենք», – ասել են կոմունալ բաժնից: