Վրացական երկաթուղիների աբխազական հատվածի միջոցով Ռուսաստանից Հայաստան երկաթուղու բացումը, առաջին հերթին, ձեռնտու է Հայաստանի ու Ռուսաստանի համար, բայց ոչ Վրաստանի: Այս մասին «Էխո Մոսկվի» ռադիոկայանի հետ զրույցում ասել է Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն:
«Ո՞ւմ է պետք երկաթուղին: Երկաթուղին պետք է Ռուսաստանին: Երկաթուղին, անշուշտ, պետք է Հայաստանին: Երկաթուղին պետք է Վրաստանին: Այ այստեղ հարցական նշան է: Մեզ դա պե՞տք է», – ասել է նա:
«Որպեսզի մեր բարեկամներին՝ հայ բարեկամներին և հնարավոր գործընկեր Ռուսաստանին տանք մեր համաձայնությունը, պետք է մի քանի հարց պարզել: Ամենագլխավոր հարցը իրավականն է: Գոյություն ունի վրացական երկաթուղիների աբխազական հատվածը, որը փաստացի կամ դե-ֆակտո սեփականաշնորհված է Ռուսաստանի երկաթուղիների կողմից: Եթե դուք համաձայնում եք այդ հատվածի էքստարածքայնության հետ, ապա, համապատասխանաբար, համաձայնում եք, որ ձեր կողքին կա մի անհայտ գոյակցություն, որն անվանում են անկախ պետություն, որը պնդում է, որ այն, ինչ գտնվում է այնտեղ, ինքնավար պետության սեփականությունն է: Եթե դուք դրա հետ չեք համաձայնում, ապա իրավական մոդուս վիվենդի գտնելը գրեթե անհնար է: Անգամ եթե մենք ամեն ինչ մի կողմ դնենք ու նստենք՝ մտածենք՝ ինչպես վերականգնել այդ երկաթուղին, անկեղծ ասած, չափազանց դրվար կլինի երկուստեք ընդունելի որոշում գտնել:
Երկաթուղին Հայաստանին, իհարկե, պետք է, բայց ասել, թե Հայաստանը խեղդվում է առանց երկաթուղու, պետք չէ: Իսկ ահա ի՞նչ է պետք Ռուսաստանին: Ի՞նչ, Վրաստանի հետ կա՞պ: Խիստ կասկածում եմ: Կարծում եմ՝ հիմնական նպատակը Գյումրիի ռազմակայանին մատակարարելն է: Ինչ վերաբերում է մեր անվտանգությանը, հատկապես, սպառնալիքներին, որոնք գալիս են հյուսիսից, ապա այստեղ մենք աջալրջություն ենք դրսևորում», – ասել է նախարարը:
Մեկնաբանելով հարցի առևտրային կողմը՝ Վաշաձեն հայտարարել է. «Վրաստանը երջանիկ կլիներ, եթե Հայաստանի ու Թուրքիայի միջև սահմանը բացվեր: Մենք այդ գործընթացի ամենաջերմ երկրպագուներն էինք: Բայց չիրականացավ, ցավոք: Առայժմ: Համենայնդեպս: Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա դա Վրաստանի հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու հարց չէ»: