«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Միքայել Դանիելյանը Epress.am-ի հետ զրույցում մի քանի պատճառ է թվարկել, որոնք հաշվի առնելով` կազմակերպությունը դատարան չի դիմել ԱԺ պատգամավոր, գործարար Ռուբեն Հայրապետյանի դեմ: Հիշեցնենք, որ վերջինս «Հարսնաքար» հյուրանոցային համալիրի դիմաց կայացած բողոքի ակցիայի ժամանակ հարձակվել և գետնին էր տապալել Հելսինկյան ասոցիացիայի ներկայացուցիչ Արման Վեզրիյանին, որից հետո զանգահարել և ներողություն էր խնդրել նրանից:
Դանիելյանի խոսքով` քաղաքացիական անձինք այդ միջադեպի ականատեսը չեն եղել, դեպքի վայրում ներկա են եղել միայն երկու ոստիկաններ` Երևանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը և ՊՊԾ գնդի հրամանատար Վալերի Օսիպյանը: Բացի դա, միջադեպի հետևանքով Վեզիրյանի վրա բռնության հետքեր չեն եղել, և դատաբժշկական փորձաքննությունը ոչ մի արդյունք չէր տա:
«Եվս մեկ պատճառ է այն, որ Արման Վեզիրյանն արդեն անցնում է նման քրեական գործով, երբ իրեն տուժածից վերածեցին մեղադրյալի: Մենք հիմքեր ունենք կարծելու, որ ոստիկաններն իրենց ցուցմունքներում կասեին, թե Վեզիրյանը ինքն է սադրել Հայրապետյանի հարձակումը», – նշել է Դանիելյանը:
Իրավապաշտպանի խոսքով` դատարան չդիմելու որոշումը կայացվել է կազմակերպության ժողովի ժամանակ:
Կապված Հայրապետյանի զանգի և ներողության հետ, Դանիելյանը նշել է, որ իր ղեկավարած իրավապաշտպան կազմակերպության և անձամբ Արման Վեզիրյանի գործունեությունը բերել են մի իրավիճակի, երբ Հայրապետյանի նման մարդիկ ներողություն են խնդրում:
«Վեզիրյանն այնքան օգտակար գործ է արել վերջին տարիների ընթացքում, որ վերջին շրջանում ծագող հասարակական շարժումները միասին դրա կեսն էլ չեն արել: Հայրապետյանին, հավանաբար, բացատրել են, ում հետ գործ ունի», – ասել է Դանիելյանը:
Իրավապաշտպանն ընդգծել է, որ միջադեպից հետո և մինչև դա Հայրապետյանը վիրավորական տոնով շփվել է լրագրողների հետ, որոնք բողոքի շարժման մեջ չեն միավորվել.
«Թո’ղ աղմուկ բարձրացնեին: Ինչո՞ւ են լռում: Սպասում են, որ իրենց փոխարեն մե՞նք ամեն ինչ անենք: Թո’ղ ուղեղները շարժեն, ինչ-որ մի համարձակ քայլ անեն: Մենք տարիների աշխատանքով ստիպել ենք, որ Հայրապետյանը ներողություն խնդրի: Թող իրենք էլ դա անեն: Նրանց դեպքում ներողություն չեն խնդրում: Նրանց վիրավորում են: Նույն Ռուբեն Հայրապետյանը: Եվ ինչպե՞ս էին նրանք արձագանքում: Ծիծաղում էին մամուլի ասուլիսին»:
Խոսելով Հելսինկյան ասոցիացիայի դեմ բարձրացած բողոքի ալիքի մասին, համաձայն որի իրավապաշտպանները «ներեցին օլիգարխին և չօգտագործեցին հերթական առիթը Հայրապետյանին իշխանության լծակներից զրկելու համար»` Դանիելյանը հայտարարել է.
«Հելսինկյան ասոցիացիայի գործունեությունը երբեք չի ուղղվել որևէ քաղաքական ուժի` լինի դա իշխանություն կամ ընդդիմություն, շահերի բավարարմանը: Առավել ևս, երբ դա վերաբերում է անհասկանալի շարժումների և նախաձեռնությունների շահերին»:
Epress.am-ի զրուցակիցը նաև կասկածի տակ է դրել նախաձեռնությունների կողմից առաջ քաշվող պահանջների նպատակահարմարությունը.
«Այսպես կոչված հասարակական շարժումների գործողություններն ինձ համար անհասկանալի են: Օրինակ, ինչպե՞ս է ի հայտ եկել Ռուբեն Հայրապետյանին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից զրկելու պահանջը: Ոմանք փաստարկում են, որ ՀՖՖ-ն «Հայաստանի դեմքն է»: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը նույն հաջողությամբ ղեկավարում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն: Եվ ի՞նչ: Նրա թիկնապահները մարդ չե՞ն ծեծել: Կամ Սերժ Սարգսյանի չի՞ ղեկավարում Շախմատի ֆեդերացիան: Իսկ նրա թիկնապահները կամ ուժային մարմինները մարդկանց չե՞ ն սպանել: Սպանել են, սպանում են և սպանելու են: Ինչո՞ ւ Օլիմպիական կոմիտեն ձեռք չեն տալիս: Թե՞ այնտեղ օլիմպիական չեմպիոններ են, և Ծառուկյանը կարող է նախաձեռնությունը ծեփել պատին, այո՞»:
Դանիելյանի խոսքով` վերջին շրջանի հասարակական շարժումները վստահություն չեն ներշնչում:
«Սկսած Մաշտոցի պուրակի պաշտպանությունից մինչև ծառահատումներ և բուտիկներ: Նրանք մի կողմից մյուս կողմ են նետվում, հետո մոմավառությունների մոդան սկսվեց: Իսկ մինչ դա մարդիկ չէի՞ն զոհվում: Վերջերս, օրինակ, Վռամ Բաղդասարյանը 14 տարի ստացավ մի սպանության համար, որը նա չէր կատարել: Թո’ղ բոլորը Վռամի տան մոտ գնային մոմերով: Զինվորները մշտապես զոհվում են բանակում: Ի՞նչ է, յուրաքանչյուր մահվան դեպքից հետո փողո՞ց են դուրս գալիս: Ես չեմ հավատում, որ այդ շարժումները հետևողական կլինեն: Նրանք ասում էին, որ եթե մենք չենք պաշտպանում Մաշտոցի պուրակը, ապա մենք չենք պաշտպանում մարդու իրավունքները: Մենք 15 տարի պաշտպանում ենք մարդու իրավունքները, որի մասին իրենք գաղափար չունեն», – ասել է Դանիելյանը:
Խոսելով Վահե Ավետյանի մահվան դեպքի վերաբերյալ հասարակական ակտիվության մասին` իրավապաշտպանը նշել է, այստեղ էլ շատ անհասկանալի բաներ կան.
«Դա հասարակական շարժում չէ: Այստեղ քաղաքական ուժեր են խառնված: Նույնը կար Մաշտոցի պուրակի դեպքում, երբ հայտնվեցին «ապամոնտաժող բրիգադները»: Մեր դիրքորոշումն անփոփոխ է. եթե մարդկանց իրավունքները խախտվում են և նրանք մեզ դիմում եմ, մենք նրանց պաշտպանում ենք: Բայց նույն Մաշտոցի պուրակի շարժման պարագայում եղել են դեպքեր, երբ նրանց իրավունքները խախտվել են, նրանք մեզ մոտ եկել են, ապա հանկարծ անհետացել են»:
Դանիելյանն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Ռուբեն Հայրապետյանին մանդատից զրկելու համար արտահերթ նիստ հրավիրելու ԱԺ 4 խմբակցությունների ստորագրահավաքին մասնակցել է նաև ԲՀԿ խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանը, ով 2008 թվականին գազային ատրճանակից կրակել էր իր վրա:
«Այդ մարդն այն ժամանակ իրեն նույն կերպ պահեց, ինչպես Ռուբեն Հայրապետյանի թիկնապահները և խուսափեց պատժից: Այժմ նա հայտնվել է «արդարության ջատագովի» դերում», – ասել է Դանիելյանը:
Պատասխանելով այն հարցին, թե ում է ձեռնտու ուղղորդել հասարակական շարժումները, Հելսինկյան ասոցիացիայի ղեկավարն ասել է, որ ապակայունացումը ձեռնտու է բոլորին, այդ թվում` իշխանություններին, որոնց նման իրավիճակում ավելի հեշտ է «պտուտակները ձգել»:
«Պետք է հասկանալ, որ Մաշտոցի պուրակից և Վահե Ավետյանի մահվանից չէ սկսվել մարդու իրավունքների խախտումը Հայաստանում: Դա սկսվել է շատ ավելի վաղ, երբ բոլորը լռում էին: Հասարակական շարժումը պետք է լինի սկզբունքային, մշտական և չպետք է հայտնվի դեպքից դեպք», – եզրափակել է Դանիելյանը: