Home / Հայաստան / Քրեական գործը քաղաքական պատվեր է. Հայկ Խանումյան

Քրեական գործը քաղաքական պատվեր է. Հայկ Խանումյան

«Արցախի եվրոպական շարժում» ՀԿ նախագահ և ԼՂՀ նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանի շտաբի ներկայացուցիչ Հայկ Խանումյանը կարծում է, որ իր դեմ հարուցված քրեական գործը շարունակությունն է Արցախից նրան հեռացնելու իշխանության փորձերի, և, ըստ էության, քաղաքական հետապնդում է: Այս մասին Խանումյանը գրել է Facebook-յան իր էջում: Ըստ Խանումյանի, պատճանն այն է, որ ինքն իր հրապարակումներում քննադատում է Արցախի քաղաքական և դատական իշխանություններին:

Հիշեցնենք, որ Խանումյանի դեմ գործ է հարուցվել ԼՂՀ Քրեական օրնեսգրքի 258-րդ հոդվածի երկրորդ մասով, այն է՝ խուլիգանության մեղադրանքով, որով նրան սպառնում է առավելագույնը 3 տարի ազատազրկում: Գործի համաձայն՝ Խանումյանը ծեծի է ենթարկել Արցախի պետական համալսարանի աշխատակիցներից մեկին, որը իր և կնոջը համալսարանում գտնվելու պահին մոտեցել է և դուրս հրավիրել շենքից:

«Փաստորեն գործի հարուցման համար հիմք է ընդունվել իմ զանգից երկու րոպե առաջ եղած հեռախոսազանգը, ինչպես նաև ԱրՊՀ ռեկտորի գրավոր դիմումը` ամբողջովին անտեսելով իմ հաղորդումը: Նախաքննական մարմինը որոշում կայացնելու համար հիմնականում հիմնվել է միջադեպին մասնակից վկաների ցուցմունքների վրա, այն դեպքում, երբ այդ ցուցմունքները լի են բազմաթիվ հակասություններով: Հակասությունները հատկապես ցայտուն ձևով երևացել են առերեսումների ժամանակ, ինչից կարելի է եզրակացնել, որ ԱրՊՀ վարչատնտեսական մասի աշխատողներն ուղղորդված են եղել և տվել են սուտ ցուցմունքներ:

Իմ և կնոջս`Դիանա Մովսիսյանի տված ցուցմունքները ոչ մի կերպ հաշվի չեն առնվել, քննիչը որոշել է Դիանային հասցված թեթև մարմնական վնասվածքի փաստով քրեական հետապնդում չիրականացնել պրոռեկտոր Ջավադյանի և երկու բանվորների նկատմամբ` նրանց արարքներում հանցակազմի բացակայության հիմքով:

Գործի կողմնակալ քննության մասին է վկայում նաև ԼՂՀ նախագահի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանի հարցազրույցը հայաստանյան լրատվամիջոցներից մեկին, որտեղ նա միջադեպի մասին տարածել է սուտ տեղեկություններ, զրպարտել է ինձ և կնոջս, իմ մասին թույլ տվել վիրավորական արտահայտություններ: Սա խոսում է ԼՂՀ նախագահի կողմից իջեցրած հստակ քաղաքական պատվերի, Արցախի ղեկավարների մոտ առկա անհանդուրժողականության մասին»,- գրում է Հայկ Խանումյանը:

Նշենք, որ Դավիթ Բաբայանը lurer.com տված հարցազրույցում ասել էր հետևյալը.

«Վերջերս, եթե չեմ սխալվում՝ հուլիսին, ընկերուհու հետ մտել է համալսարան և սկսել իրենց անվայելուչ պահել, անգամ՝ վուլգար. համբուրվել են կրթական օջախի մեջտեղում և այլն, և այլն։ Այդ ժամանակ համալսարանի տեխնիկական գծով տեղակալը մոտեցել և խնդրել է, որ հեռանան տարածքից՝ հայտնելով, որ համալսարանում մարդ չկա և եթե գործ ունեն՝ մի քանի օրից գան։

Խանումյանը սկսել է ծեծել 65 տարեկան այդ մարդուն, հասկանում ե՞ք։ Կողքը կանգնած են եղել երկու բանվոր, նրանք կանխել են հետագա հարվածների հասցնումը, թույլ չեն տվել ավելի շատ վնասվածք պատճառել տարեց մարդուն։ Բնական է, որ դա խուլիգանություն է և քրեական պատասխանատվություն պետք է լինի նման արարքի համար»:

Epress.am-ի հետ զրույցում Հայկ Խանումյանը պատմել է, որ իրականում պրոռեկտոր Ջավադյանը 2 աշխատակիցների հետ հարձակվել են նրանց վրա: Կինը փորձել է պաշտպանել իրեն, և ստացել է մարմնական վնասվածքներ: Ըստ Խանումյանի, Բաբայանն իր հարցազրույցում ասել է այնպիսի բաներ, որոնք չկան նույնիսկ հակառակ կողմի ցուցմունքներում: Քրեական գործում, մասնավորապես, նշվում է, որ Դիանա Մովսիսյանն իր կինն է:

Հայկ Խանումյանը Facebook-ում նաև նշում է, որ իր նկատմամբ հետապնդման մեջ լումա ունի նաև ԼՂՀ գլխավոր դատախազ Արշավիր Ղարամյանը, որին նա մեկ ամիս առաջ քննադատել էր Ստեփանակերտի կենտրոնում շքեղ տուն կառուցելու համար և առաջարկել եկամուտների հայտարարագիրը հրապարակել:

«Ղարամյանին հատկապես վրդովեցրել էր բլոգումս գրած նյութը, որտեղ քննադատել էի գլխավոր դատախազին: Ֆեյսբուքյան մեկնաբանությունների մեջ գլխավոր դատախազը իմ հարցերին պատասխանել էր անուղղակի սպառնալիքներով, ասացվածքների տեսքով` «Օղձին կլոխը վեր ցավում է, տնյում ա կածանումը» (Օձի գլուխը, որ ցավում է, դնում է կածանին) և այլն», – գրել է Խանումյանը:

Հիշեցնենք, որ անցյալ տարի Խանումյանը բաց նամակ էր գրել, որտեղ այն ժամանակվա ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին, ինչպես նաև ՀՀ իշխանություններին մեղադրել էր հետապնդումների դեմ:

Խանումյանը գրել էր, որ ՀՀ ոստիկանապետ  հունիսի 15-ին իր մոտ է հրավիրել հորը, այդ ժամանակ ՀՀ Տավուշի մարզի քննչական բաժնի պետի տեղակալ Ռուբեն Խանումյանին, և խորհուրդ տվել «դաստիարակել» իր որդուն, մասնավորապես, ստիպել Ստեփանակերտից վերադառնալ Երևան:

«Ոստիկանապետին խիստ վրդովեցրել է նաև իմ դիքորոշումը մադրիդյան սկզբունքների և կազանյան հանդիպման դեմ: Նա նաև հորս մի շարք աշխատանքներ է առաջարկել ինձ համար, մասնավորապես, իմանալով իմ` Ֆրանսիայում սովորած լինելու հանգամանքը, առաջարկել է աշխատանք Ինտերպոլի ազգային գրասենյակում: Միայն թե ես Արցախից տեղափոխվեմ Երևան», – նշել էր բաց նամակի հեղինակը:

Խանումյանը, սակայն, մերժել է վերադառնալ, իսկ նրա հորը 2011 թվականի հուլիսի 21-ին ստիպողաբար թոշակի են ուղարկել: