Շենգավիթի վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր կայացել է Հելսինկյան ասոցիացիայի անդամ, իրավապաշտպան Արման Վեզիրյանի և քաղաքացի Տիգրան Մանուկյանի դեմ հարուցված քրեական գործով դատական առաջին նիստը, որի ընթացքում հարցվել են վկաները:
Գործը վերաբերում է ապրիլի 30-ին նախընտրական քարոզարշավի շրջանակներում տեղի ունեցած միջադեպին: Սեդրակ Սարգսյանի փողոցում թիվ 11 ընտրատարածքում առաջադրված ՀԱԿ-ի թեկնածու Արշակ Բանուչյանի նախընտրական շտաբի ակտիվիստները քարոզչանյութեր են բաժանելիս եղել և բուկլետներից մեկը դրել են տներից մեկի մուտքի մոտ: Տանից դուրս է եկել մոտ 45 տարեկան Տիգրան Մանուկյանը, և սկսել է բղավել` «էսի հըլը վեկալեք ու ռադ ըլեք ստեղից»: Բուկլետ դնող երիտասարդը ներողություն է խնդրել, իսկ միջադեպի վայրում ներկա Արման Վեզիրյանը, ով որպես դիտորդ հետևում էր քարոզարշավի ընթացքին, մոտեցել է բուկլետը վերցնելու համար: Վեզիրյանի և բուկլետները բաժանող ակտիվիստների խոսքով՝ այդ պահին տղամարդը հարվածել է դիտորդի դեմքին, որի հետևանքով նրա աչքի տակ այտուցվել է: Երկու ամբաստանյալների դեմ էլ գործը հարուցվել է քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով (ծեծ): Նշենք, որ Մանուկյանը բողոքել է միայն այն բանից հետո, երբ իրավապաշտպանի դիմումի հիման վրա իր դեմ ևս գործ է հարուցվել՝ նշելով, թե Վեզիրյանը նույնպես իրեն հարվածել է: Իրավապաշտպանը հերքում է այդ մեղադրանքը:
Այսօրվա դատական նիստի ժամանակ Վեզիրյանի շահերի պաշտպան Նինա Կարապետյանցը միջնորդել է, որպեսզի գործի այն հատվածում, որտեղ բողոքել է Տիգրան Մանուկյանը, որպես տուժող հանդես գա հենց ինքը: Ըստ իրավաբանի՝ անտրամաբանական ու աննախադեպ է, երբ բողոք է ներկայացվում անձի դեմ, քննություն է սկսվում, այսինքն՝ քննվում է հանցագործություն, սակայն տուժող կողմ չկա: Միջնորդությանը,սակայն, առարկել է դատախազ Աբրահամյանը՝ կարծիք հայտնելով, թե պարտադիր չէ, որ տուժող կողմ լինի: Դատավոր Նելլի Բաղդասարյանը միջնորդության արդյունքի մասին պետք է հայտարարի հաջորդ նիստին:
Դատական նիստի ընթացքում վկաներից հարցաքննվել է Սեդա Մանուկյանը՝ Տիգրան Մանուկյանի հորեղբոր կինը: Նա հայտատարել է, որ անկողմնակալ է և որևէ թշնամություն կամ բարեկամություն չունի Վեզիրյանի հետ: Սեդա Մանուկյանի ցուցմունքի համաձայն, ինքը վեճի ձայները լսել է, մոտեցել և տեսել, թե իրավաապշտպանը հարվածում է Տիգրան Մանուկյանին:
Նինա Կարապետյանցը հայտարարել է, որ վկայի այդ ցուցմունքը և նախաքննության ընթացքում ասածը չեն համընկնում, քանի որ նախորդ անգամ կինն ասել էր, որ հարվածների ականատես չի եղել:
Դատավորը, ինչպես նաև դատախազը և Մանուկյանի պաշտպան Մարի Թովմասյանն առարկել են՝ ասելով, որ առաջին հարցման ժամանակ վկային չէին հայտնել իր իրավունքների ու պարտավորությունների մասին:
Հարցաքննվել է նաև քարոզչանյութերը բաժանած երիտասարդ Դավիթ Գասպարյանը, ում վկայությունը նույն բովանդակությունն է ունեցել, ինչ նախաքննության փուլում: Նա պատմել է, որ Տիգրան Մանուկյանը հարվածել է Արման Վեզիրյանին, իսկ վերջինս միայն պաշտպանվել է և հարված չի հասցրել:
Դատական նիստից հետո Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանը, Epress.am-ի հետ զրույցում անդրադառնալով գործի քննությանը, ասել է, որ դրանով փորձ է արվում ճնշում գործադրել կազմակերպության վրա:
«Իշխանության բարձր պաշտոնյայի կողմից ինձ խնդրել են, որպեսզի մենք հետ վերցնենք բողոքը: Սա պարզ է, մեղավորն է խնդրում չբողոքել», – ասել է Դանիելյանը:
Իրավապաշտպանն իր հիասթափությունն է հայտնել նաև առ այն, որ «այսպես կոչված, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից, իրավապաշտպաններից ոչ ոք չէր եկել դատարան՝ սատարելու Արման Վեզիրյանին, ով միշտ պայքարել է մարդու իրավունքների համար Հայաստանում, ինչպես նաև աջակցել է այլ իրավապաշտպաններին»:
Ըստ Դանիելյանի՝ իրավապաշտպանները, ովքեր չեն աջակցում իրենց կազմակերպությանը՝ տեսնելով Հելսիկնյան ասոցիացիայի դեմ այս ճնշումը, ունեն իշխանությունների քարտ-բլանշը, սակայն պետք չէ, որ իշխանություններին հաճոյանալով միայն զբաղվեն: