Home / Հայաստան / Փաշինյանը կարծում է, որ էթիկայի հանձնաժողովը պետք է քննի ԲՀԿ-ական պատգամավորի դեմ դիմումը

Փաշինյանը կարծում է, որ էթիկայի հանձնաժողովը պետք է քննի ԲՀԿ-ական պատգամավորի դեմ դիմումը

Այսօր ՀՀ ԱԺ Էթիկայի հանձնաժողովը մերժել է քննել քաղաքացի Արթուր Զադոյանի դիմումն ընդդեմ ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանի:

Հիշեցնենք, որ Զադոյանն այն անձն է, ում վրա 2010-ին, ըստ մամուլի հրապարակումների, կրակել էր ԲՀԿ-ական պատգամավորը, և հենց Զադոյանին էլ մեղադրանք էր առաջադրվել՝ դիտավորությամբ պատգամավորի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու համար: Զադոյանի պնդմամբ՝ քրգործի շրջանակներում ձեռք բերված ապացույցները բավարար են՝ Կարապետյանի սպանության փորձ կատարելու մեղադրանք առաջադրելու համար:

Հանձնաժողովի անդամ, ՀԱԿ ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը դեմ է քվեարկել տվյալ որոշմանը և իր կայքում դեմ լինելու պատճառներն է ներկայացրել:

Հանձնաժողովը դիմումի մերժման մի շարք պատճառներ է ներկայացրել, որոնցից մեկով արձանագրել է, որ ԱԺ Կանոնակարգի 6-րդ հոդվածի 1-ին մասի «ա.3» կետով սահմանված է պատգամավորի պարտականություն՝ պահպանել պատգամավորի էթիկայի կանոնները, իսկ Կանոնակարգի 6-րդ հոդվածի 1-ին մասի «ա.3» կետը, 6.1-րդ հոդվածը ուժի մեջ է մտել Ազգային ժողովի հաջորդ գումարման առաջին նստաշրջանի բացման օրը, այսինքն՝ 2012 թվականի մայիսի 31-ին:

«Մինչդեռ, Հանձնաժողով դիմելու համար հիմք հանդիսացած դեպքը տեղի է ունեցել 2009թ. հոկտեմբերի 5-ին, այսինքն՝ մինչև Կանոնակարգի 6-րդ հոդվածի 1-ին մասի «ա.3» կետի, 6.1-րդ հոդվածի և դրանց խախտման համար պատասխանատվություն նախատեսող կամ պատգամավորների իրավական վիճակը վատթարացնող համապատասխան հոդվածներն ուժի մեջ մտնելը, ուստի Հանձնաժողովը գտնում է, որ դիմումում ներկայացված դեպքի վերաբերյալ հարցերը չեն կարող հանդիսանալ Հանձնաժողովի քննության առարկա», – նշված է Հանձնաժողովի որոշման մեջ:

Նիկոլ Փաշինյանն առարկել է՝ նշելով, որ քաղաքացի Արթուր Զադոյանի դիմումի հիմքը ոչ թե 2009թ. հոկտեմբերի 5-ին տեղի ունեցած դեպքն է, այլ ինչպես Զադոյանը նշել է իր դիմումում՝ «Զորավիգ» թերթի 2012թ. հուլիսի 6-ի հրապարակումը, որը փաստացի լույս է տեսել ԱԺ կանոնակարգ օրենքում տեղի ունեցած փոփոխություններից հետո: Թերթի նշված համարում հիշատակվում է G կարգի գողացված «Մերսեդես», որ Կարո Կարապետյանինն է: Առկա են տեղեկություններ, որոնց համադրությամբ ստացվում է, որ Կարո Կարապետյանը, օգտագործելով Աժ պատգամավորի իր կարգավիճակը, խոչընդոտում է արդարադատության իրականացմանը:

«Զորավիգ» թերթը այս տեղեկությունները համադրել է 2009, 2010, 2011թթ մամուլից, և 2012թ. հուլիսի 6-ի հրապարակմամբ հավաստել է, որ այդ տեղեկությունները շարունակում են հրատապ մնալ, այսինքն՝ հնարավոր է պատգամավորը այդ գործողություններն իրականացնում է մինչև օրս: Բացի դա մեջբերում է արված «Ժողովուրդ» օրաթերթի 2012թ. ապրիլի 19-ի թողարկումից, որտեղ ասվում է, որ պատգամավոր Կարապետյանը խառն է գողացված ավտոմեքենաների հետ կապված ինչ-որ պատմության: Մինչդեռ «ԱԺ կանոնակարգ» օրենքի 6 և 6.1 հոդվածները սահմանում են, որ պատգամավորը պարտավոր է հարգել օրենքը և ենթարկվել օրենքին: Գտնում եմ նաև, որ օրենքի տվյալ դրույթի հետադարձ ուժ չունենալու մասին պնդումը հիմնավոր չէ՝ հետևյալ պատճառներով.

– «ԱԺ կանոնակարգ օրենքում» 2012թ. մարտի 19-ին ՀՕ-111-Ն օրենքով կատարված փոփոխությունները ոչ թե սահմանել են պատասխանատվություն կամ խստացրել պատասխանատվությունը, այլ նախատեսել են նախկինում առկա պատասխանատվության ևս մեկ եղանակ: Օրենքին չենթարկվելու համար մինչև 2012թ. մարտի 19-ը նույնպես սահմանված է եղել պատասխանատվություն, այդ թվում ԱԺ պատգամավորների համար:

Տվյալ դեպքում, էթիկայի հանձնաժողովում հարցի քննությունը և Էթիկայի կանոնները խախտելու մասին հնարավոր որոշումը չի կարող համարվել պատասխանատվության խստացում, որովհետև այն որևէ կերպ ավելի խիստ չէ, քան նախկինում որևէ օրենք խախտելու համար նախատեսված պատասխանատվությունը: Էթիկայի հանձնաժողովը իրավասու չէ ենթարկել ոչ վարչական, ոչ քրեական պատասխանատվության», – նշել է Նիկոլ Փաշինյանը՝ կարծիք հայտնելով, որ հանձնաժողովը պետք է քննի Զադոյանի դիմումը: