Ռուսաստանի քաղաքացիները դադարել են նախագահ Վլադիմիր Պուտինին որպես «հերոս» ընկալել. 2002-2012 թվականների ընթացքում նա կորցրել է իր համակիրների քառորդ մասին: Նման տվյալներ է ներկայացրել հասարակական կարծիքի հետազոտման համառուսաստանյան կենտրոնը: 10 տարիների ընթացքում կրճատվել է այն մարդկանց թիվը, ում վրա Պուտինը դրական տպավորություն էր գործում (79%-ի փոխարեն՝ 59%), միաժամանակ 8%-ից 22%-ի է հասել այն մարդկանց թիվը, ում վրա Պուտինը ոչ բարենպաստ տպավորություն է թողնում, հետազոտության տվյալներն է ներկայացնում «Կոմերսանտը»:
2012 թվականին «դադարեց գործել պուտինյան առասպելը, երբ ազգաբնակչությունը Պուտինին որպես հերոս էր ընկալում, ով կարող է երկիրն ազատել խնդիրներից»,-«Կոմերսանտ» պարբերականի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Հասարակական պալատի անդամ, քաղաքագետ Դմիտրի Օրլովը: Իսկ Սոցիոլոգիայի ինստիտուտի ավագ գիտաշխատող Լեոնտի Բիզովը նախագահի կոշտ հռետորաբանությունն ու օրենսդրության խստացումը պահպանողական մեծամասնության աջակցությունը ուժեղացնելու «տենդային փորձ» է անվանել:
Սակայն «ազգի առաջնորդի» հանդեպ սերը հնարավոր չէ վերականգնել այնպիսի ակցիաների միոջոցով, ինչպիսին է ստերխերի հետ թռիչքը, նրան դա չհաջողվեց, կարծում է փորձագետը: Անգամ իր ավանդական ընտրազանգվածին «Պուտինն էլ ավելի քիչ է դուր գալիս որպես կերպար» և նա ստիպված է օգտագործել միայն «որպես քաղաքան գործչի իր անփոխարինելության» գործոնը:
Իր հերթին՝ հասարակական հետազոտությունների «Լևադա կենտրոն» բաժնի ղեկավար Ալեքսեյ Լևինսոնը «Վեդոմոստի» պարբերականում գրում է, որ «Պուտինի վարկանիշ» խոսում է ոչ թե Պուտինի, այլ սոցիումի վիճակի մասին:
Սովորաբար ազգային առաջնորդների վարկանիշը հանդիսանում է նրանց քաղաքականության հաղթանակաների կամ անհաջողությունների արտահայտումը: Պուտինի համար նման փոխկապվածություն չկար և նրա վարկանիշն անվանեցին «տեֆլոնային»: Այսպիսի առաջնորդը հարկավոր է ոչ թե քաղաքականության կամ տնտեսության խնդիրների համար, այլ «Ռուսաստանի փառքի»,-նշում է փորձագետը:
Վարկանիշներից դատելով, Պուտինի կերպարի հանդեպ վերաբերմունքը չի փոխվել: Բայց տարիների ընթացքում առաջին անգամ սոցիոլոգները նկատել են, որ «երկրում խնդիրների համար և կյանքի արժեքի բարձրացման համար» քաղաքացիների բացարձակ մեծամասնությունը՝ 51%-ը, որոշել է մեղքը գցել Պուտինի վրա, ընդգծում է Ալեքսեյ Լևինսոնը:
«Ըստ ամենայնի, դա նշանակում է, որ ժամանակները փոխվել են, և այժմ քաղաքացիների առնվազն կեսը Պուտինին սովորական նախագահի պես է ընկալում, ով երախտագիտության է արժանի հաջողությունների համար, բայց և միաժամանակ պատասխանատվություն է կրում երկրի խնդիրների համար»,-եզրակացնում է «Լևադա կենտրոնի» փորձագետը: